Նույնականացման քարտը մարմնի մեջ չի տեղադրվում և դրանով անձին գաղտնալսել հնարավոր չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 26, 2011 13:07

«Նույնականացման քարտն արդյոք մարմնի մեջ է տեղադրվում, դրանով կարելի է հետևել մարդու գործողություններին և գաղտնալսել» այս և նմանատիպ այլ հարցերով քաղաքացիները սկսել են դիմել Հանրային խորհուրդ, երբ կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի ներդրման մասին խոսք եղավ:

Քաղաքացիներին հուզող հարցերի պատասխանը պարզելու համար ՀԽ քաղաքացիական հարցերի կայացման հանձնաժողովը  ոլորտի մասնագետների հետ  քննարկում էր կազմակերպել:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Նորայր Մուրադխանյանն ասում է, որ ըստ քննարկվող օրենքի նախագծի` նույնականացման քարտը պարտադիր կլինի 16 տարին լրացած անձանց, դրան զուգահեռ` վավերական կլինեն նաև ներկայիս անձնագրերը: Քարտն առաջին անգամ կտրվի անվճար, հետագայում կարժենա 1000 դրամ: Քարտի վրա կզետեղվեն անձի անկետային տվյալները, լուսանկարը և էլեկտրոնային ստորագրությունը:

Կենսաչափական անձնագիրն անհրաժեշտ կլինի միայն արտերկիր մեկնողներին: Վերջինս ավելի թանկ կարժենա, քան նույնականացման քարտը: Սրա վրա էլ կզետեղվեն նաև անձի երկու ցուցամատերի մատնահետքերը:

Մուրադխանյանն ասում է, որ  սա սահմանին կհեշտացնի անձի նույնականացումը, կնվազեցնի փաստաթղթերի կեղծման հնարավորությունը:

Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնի նախագահ Գևորգ Մանուկյանն ասում է, որ նույնականացման քարտերի և կենսաչափական անձնագրերի ներդրմամբ կխախտվեն մարդկանց սահմանադրական իրավունքները. չնայած ենթադրվում է, որ քարտեր ստանալը պետք է կամավոր հիմունքներով լինի, սակայն օրենքի նախագծում վարչական պատիժներ են սահմանված, օրինակ, գործատուների նկատմամբ, ովքեր նույնականացման քարտ չունեցող անձանց աշխատանքի կընդունեն: «Կստեղծվի իրավիճակ, երբ քաղաքացին առանց նույնականացման քարտի չի կարողանա քաղաքացիաիրավական գործողություններ իրականացնել»,- ասում է Մանուկյանը:

Որպես հակասություն Մանուկյանը նշում է նաև այն, որ նույնականացման քարտը համարվելու է քաղաքացիությունը հաստատող հիմնական փաստաթուղթ, որը, նաև պարտադիր չի լինելու:

«Անձի նույնականացումն արդեն իսկ անհատականության ոտնահարում է»,- ասում է Մանուկյանը` առաջարկելով կամավորության սկզբունքն ապահովել և պատժամիջոցներ չկիրառել քարտից հրաժարվողների նկատմամբ:

Քննարկմանը ներկա անձինք նշում էին, որ օրենքի նախագծում հստակ նշված չէ նաև, թե ինչ ինֆորմացիա է ներառվելու քարտում, «օրենքով սահմանված ինֆորմացիա» արտահայտությունը ոչինչ չի ասում: Մուրադխանյանն, ի պատասխան, նշեց, որ նման կետ է ներառվել, որպեսզի հետագայում նոր ինֆորմացիա քարտում ներառելու համար ոչ թե օրենքը փոփոխվի, այլ կառավարության որոշումներով գործընթացը կարգավորվի:

Էլեկտրոնային կառավարման գրասենյակի ներկայացուցիչ Արթուր Ղուլյանն էլ նշեց, որ նույնականացման քարտը կոնտակտային կրիչ է, որով գաղտնալսել կամ հետևել հնարավոր չէ, «ըստ առկա տեղեկությունների` դա հնարավոր չէ նաև կենսաչափական անձնագրի միջոցով»:

Մանուկյանը նշեց, որ Հայաստանի պես փոքր բնակչություն ունեցող երկիրը նման համակարգի կարիք չունի: Մուրադխանյանի խոսքով, սակայն, առանց կենսաչափական անձնագրերի ապագայում կարող են խնդիրներ առաջանալ այլ երկրներ մուքտի թույլտվություն ստանալու հետ կապված. դա անհրաժեշտություն է:

 

 

Դիտվել է 1484 անգամ:
Print Friendly

Leave a Reply