Ճանաչելով պատերազմը, մենք արժևորում ենք խաղաղությունը. Բակո Սահակյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2011 18:42

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպման նախօրեին հարցազրույց է տվել ռուսական «Վոյեննի դիպլոմատ » հանդեսին, որը հայերեն վերատպել է «Ազատ Արցախ» թերթը: Հարցազրույցը ներկայացված է ստորև:

-Պարոն նախագահ, այսօր ինչպե՞ս է զարգանում Լեռնային Ղարաբաղը:
-Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, ինչպես և ցանկացած այլ պետություն, իր հիմնախնդիրներով է ապրում:
Մեր հանրապետության համար առավել հրատապ են հանդիսանում բնակչության, հատկապես նրա սոցիալապես խոցելի խավերի կենսամակարդակի բարձրացման հարցերը, ժողովրդագրական իրադրության բարելավմանն ուղղված միջոցառումների իրականացումը, տնտեսության առաջնային ուղղությունների, մասնավորապես` էներգետիկայի, հանքարդյունահանման և վերամշակման արդյունաբերության, գյուղատնտեսության, արտադրական ենթակառուցվածքների զարգացումը: Մենք կարևոր նշանակություն ենք տալիս գյուղի զարգացմանը: Տնտեսապես զարգացած գյուղը Արցախի անվտանգության և առաջընթաց զարգացման կարևոր բաղադրամասերից մեկն է հանդիսանում: Մեծ նշանակություն ենք տալիս նաև զանազան ներդրումային ծրագրերի մշակմանը: ԼՂՀ-ում բարենպաստ ներդրումային կլիմա է ստեղծված. հարկային օրենսդրությունն այստեղ չափազանց լիբերալ է, մենք ձգտում ենք առավելագույնս պարզեցնել տնտեսավարող սուբյեկտների հարաբերությունները պետական կառույցների հետ: Առաջնահերթ նշանակություն ենք տալիս ներդրողների իրավունքների պաշտպանության օրենսդրական ամրագրմանը: Մեր հանրապետության պետական շինարարության փիլիսոփայության անկյունաքարն է գիտակցված ընտրությունը հօգուտ ժողովրդավարական պետության կառուցման և քաղաքացիական հասարակության ստեղծման:
Անկախության տարիների ընթացքում հանրապետությունում վերջնականապես ձևավորվել են պետականության ժամանակակից ինստիտուտները, սկսվել է պատերազմից գործնականում լիովին ավերված տնտեսության վերականգնման գործընթացը:
Այսօր ԼՂՀ-ն ամենակայուն երկրներից մեկն է հանդիսանում ոչ միայն տարածաշրջանում, այլև ամբողջ հետխորհրդային տարածությունում: Դրա հետ մեկտեղ` մեզ մոտ դեռևս կան չլուծված շատ հիմնախնդիրներ: Պատերազմն ու նրա հետևանքները լուրջ վնաս են հասցրել մեր պետությանը, և մինչ այժմ ստիպված ենք հաղթահարել դրա հետևանքները:

-ԼՂՀ-ն ի՞նչ դժվարությունների է բախվում այն բանի պատճառով, որ նրա կարգավիճակը չի ճանաչված համաշխարհային հանրակցության կողմից:
-Կա չճանաչվածության հետևանքների երկու խումբ` բացասահական և … դրական: Բացասականները կայանում են այն բանում, որ հանրապետությունը զրկված է զանազան միջազգային կառույցներից ու կազմակերպություններից օգնություն ստանալու հնարավորությունից: Դա, իհարկե, ազդում է մեր հանրապետության վրա, առաջին հերթին` նրա տնտեսության վրա: Բայց, մյուս կողմից, տվյալ իրադրությունում մենք հիմնական շեշտը դնում ենք սեփական ուժերի և մեր ունեցած պաշարների ու հնարավորությունների խելամիտ օգտագործման վրա:
Դա մեր ժողովրդի և մեր երկրի մոտ բարձր աստիճանի կենսակայունություն է ստեղծել: Դրա վառ հաստատումն են հանդիսանում, օրինակ, տնտեսության աճի բարձր տեմպերը, ինչպես նաև այն, որ մենք մեր ժողովրդավարական զարգացման մեջ էապես առաջ ենք անցել ճանաչված շատ պետություններից, այդ թվում և Ադրբեջանից: 2009 թվականին, չնայած միջազգային ֆինանսական ու տնտեսական ճգնաժամին, մեր հանրապետության ՆՀԱ-ն գերազանցել է 13%-ի նշագիծը: 2010 թվականին աճը շարունակվել է և կազմել 9,1%:

-Ինչպիսի՞ն է իրադրությունը ռազմաճակատի գծում: Հնարավո՞ր է, արդյոք, մարտական գործողությունների վերսկսում:
-Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև գոյություն ունի բավականաչափ կայուն ռազմաքաղաքական հավասարակշռություն, որն էլ առայսօր հանդիսանում է ինչպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում, այնպես էլ ամբողջ հարավկովկասյան տարածաշրջանում կայունության հիմնական բաղադրամասերից մեկը:
Ինչ վերաբերում է սահմանում տիրող իրադրությանը, ապա ժամանակ առ ժամանակ ադրբեջանական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը: Վերջին ժամանակներս խախտումները հաճախացել են: Սակայն դրանք չեն կարող փոխել ուժերի գոյություն ունեցող հավասարակշռությունը կամ էլ սասանել մեր ժողովրդի և նրա բանակի ոգին:
Թեև պետք է ասել, որ այդպիսի գործողություններով Ադրբեջանն ավելի է մեծացնում անվստահությունն իր նկատմամբ և տորպեդահարում խաղաղ գործընթացը:
Մենք կանոնավորապես հանդես ենք գալիս տարատեսակ առաջարկություններով` ուղղված փոխադարձ վստահության ամրապնդման միջոցների իրականացմանը: Օրինակ, առաջարկել ենք դիպուկահարներին հետ քաշել շփման գծից: Բայց ադրբեջանական կողմը սաբոտաժի է ենթարկում ցանկացած մեր առաջարկություն` ինչքան էլ որ կառուցողական լինեն դրանք:
Ինչ վերաբերում է մարտական գործողությունների վերսկսման հնարավորությանը, ապա տվյալ բեմագիրը մենք երբեք չենք բացառում, հատկապես` Ադրբեջանի չդադարող միլիտարիստական հռետորաբանության և հակահայկական քարոզչության պայմաններում:
Բայց լայնամասշտաբ մարտական գործողությունների հավանականությունը փոքր է: Նախ, ինչպես արդեն նշվել է, հակամարտության կողմերի միջև ուժերի չափազանց արդյունավետ հավասարակշռություն գոյություն ունի: Երկրորդ` պատերազմն անկանխատեսելի հետևանքներով է հղի, և հազիվ թե միջազգային հանրակցությունը, մասնավորապես` միջնորդ երկրները, շահագրգիռ են անկանխատեսելիության ու անկայունության մեջ ռազմավարական տեսակետից այնպիսի կարևոր տարածաշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է:
Միևնույն ժամանակ հարկ է նշել, որ ԼՂՀ պաշտպանության բանակն իրոք ունի մարտունակության շատ բարձր մակարդակ, և մեր զինված ուժերն ի վիճակի են դիմակայել Ադրբեջանի կողմից հնարավոր ագրեսիային:
Այնուամենայնիվ, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծման ուժային տարբերակն անհեռանկարային է, և դա ամենայն ակնհայտությամբ ցույց է տվել նախորդ պատերազմի փորձը:
Այդ պատճառով անհրաժեշտ է ջանքերն ուղղել մարտական գործողությունների վերսկսում թույլ չտալուն և բոլոր հարցերը լուծել բանակցությունների սեղանի շուրջ:
Սեփական փորձով ճանաչելով պատերազմը, մենք ավելի շատ ենք արժևորում խաղաղությունը:

-Ադրբեջանական ղեկավարությունը հայտարարում է Լեռնային Ղարաբաղին Ադրբեջանական Հանրապետության շրջանակներում ինքնավարության ամենալայն կարգավիճակ տրամադրելու պատրաստակամության մասին: Ինչպիսի՞ն է Ղարաբաղի իշխանությունների և ժողովրդի վերաբերմունքն այդ առաջարկությանը:
-Տվյալ թեզիսն առաջ քաշելով` ադրբեջանական քաղաքական գործիչները պարզապես քաղաքական շահարկությամբ են զբաղվում: Անցյալին վերադարձ չկա, և դա, կարծում եմ, ամենքին է պարզ: Այդ ինքնավարությունը մենք արդեն ունեցել ենք խորհրդային իրականության 70 տարիների ընթացքում, և ամենքը գիտեն, թե դա ինչով է վերջացել: Ադրբեջանի կազմում ոչ մի լայն կամ որևէ մեկ այլ ինքնավարության մասին խոսք լինել չի կարող: Ադրբեջանի հետ հակամարտությունը կարող է լուծվել միայն մեկ եղանակով` միջազգային մակարդակով իրավաբանորեն ճանաչելով անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Դա մեր հանրապետության ինչպես ժողովրդի, այնպես էլ իշխանությունների կարծիքն է:

-Կա՞, արդյոք, որևէ առաջադիմություն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցություններում:
-Բանակցային գործընթացի, թերևս, ամենագլխավոր ձեռքբերումն է հանդիսանում խաղաղության պահպանումը: Այնպիսի պայթյունավտանգ տարածշրջանում, ինչպիսին Հարավային Կովկասն է, դա իրոք չափազանց կարևոր է: Սակայն, որպեսզի էական առաջադիմություն արձանագրված լինի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նաև վերջնական ու համապարփակ կարգավորման ուղղությամբ, անհրաժեշտ է, առաջին հերթին, վերականգնել լիարժեք ձևաչափը Արցախի Հանրապետության` որպես բանակցությունների լիիրավ կողմի մասնակցությամբ: Դրա համար անհրաժեշտ է սոսկ կատարել ԵԱՀԿ-ի` 1994 թվականի Բուդապեշտի գագաթնաժողովի որոշումը: Ի դեպ, տվյալ գագաթնաժողովը փաստորեն սահմանադիր է դարձել, չէ որ այնտեղ են ընդունվել ԵԱՀԽ-ն ԵԱՀԿ-ի փոխակերպելու մասին, ինչպես նաև Մինսկի խմբի Համանախագահների ինստիտուտի ստեղծման մասին որոշումները: Առանց մեր` որպես բանակցային գործընթացի լիիրավ կողմի մասնակցության` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելը պարզապես անիրական է: Դա խոստովանում են նաև միջազգային միջնորդները, օրինակ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մենք մեր կողմից պատրաստ ենք Ադրբեջանի հետ ուղղակի բանակցուոթյունների և ցանկացած հարցերի քննարկման, ինչի մասին մշտապես հայտարարում ենք:

-Որքանո՞վ է իրական լիարժեք բանակցային ձևաչափը վերականգնելը:
-Կարծում եմ, որ բանակցային գործընթացի լիարժեք ձևաչափի վերականգնումը սոսկ ժամանակի հարց է հանդիանում: Խեղված բանակցային ձևաչափը չի կարող հանգեցնել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լրիվ և վերջնական լուծման:

-Ստեփանակերտի և Երևանի միջև տարաձայնություններ գոյություն ունե՞ն, արդյոք, բանակցությունների վարման մարտավարության հարցում:
-Մենք Հայաստանին երախտապարտ ենք այն բանի համար, որ նա Արցախի Հանրապետության շահերը ներկայացնում և պաշտպանում է բանակցային գործընթացում: Լուրջ տարաձայնություններ մենք չունենք, հատկապես` եթե հաշվի առնենք այն փաստը, որ Հայաստանի ու Ադրբեջանի փոխհարաբերություններում նույնպես կան չլուծված հարցեր: Սակայն, կրկնեմ, առանց ԼՂՀ-ի անմիջական մասնակցության` ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լուծելն անհնար է:

-Դուք հնարավո՞ր եք համարում, արդյոք, խաղաղարների տեղակայումը ռազմաճակատի գծում:
-Ինչպես հայտնի է, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտին հանդիսանում է միակ տարածաշրջանն աշխարհում, որտեղ հրադադարի ռեժիմը պահպանում են բացառապես հակամարտության կողմերը: Դա ինքնին արդեն մեծ ձեռքբերում է, որն ի թիվս այլոց ցույց է տալիս, որ հակամարտության կողմերն ի վիճակի են խաղաղություն պահպանել առանց դրսից միջամտության: Կարծում եմ` դա չափազանց կարևոր պայման է վերջնական խաղաղության հաստատումից հետո կողմերի խաղաղ գոյակցության համար: Իսկ խաղաղարների տեղաբաշխման հնարավորությունը կարելի է լրջորեն քննարկել հարցի լուծման վերջին փուլում միայն, երբ համակարծություն ձեռք կբերվի բոլոր հիմնական հարցերի վերաբերյալ և վրա կհասնի պայմանավորվածությունների կատարման փուլը:

-Հակամարտության լուծման մեջ ի՞նչ զիջումների է պատրաստ ղարաբաղյան կողմը: Ո՞րն է այդ զիջումների սահմանը:
-Մենք խորապես համոզված ենք, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության լուծումը պետք է լինի փոխզիջումների հիման վրա: Զիջումներն այստեղ ոչ մի դեպքում չպետք է միակողմանի բնույթ կրեն: Միայն այդ դեպքում է հնարավոր համապարփակ խաղաղության հասնելը: Նմանապես անհրաժեշտ է գիտակցել, որ, ինչպես կարգավիճակի հարցում, այնպես էլ տարածքների հարցում, 1988թ. իրադրությանը վերադառնալու մասին խոսք անգամ լինել չի կարող: Կարգավիճակի հիմնախնդիրը և անվտանգության հարցերը ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հանգուցային քաղաքական ասպեկտներն են: Մնացած բոլոր հարցերը դրանցից են ածանցված: Արցախի Հանրապետության անվտանգության ապահովումը բոլոր չափումներում սեփական ուժերով` նույնպես չի կարող նվազագույն իսկ կասկածի ենթարկվել: Ինչ վերաբերում է մնացած հարցերին, ապա մենք պատրաստ ենք դրանք քննարկել Ադրբեջանի հետ: Կարծում եմ, որ դա իրողությունների վրա հիմնված կառուցողական դիրքորոշում է:

-«Խաղաղություն» ի փոխ տարածքների» սկզբունքը կիրառելի՞ է, արդյոք, լեռնայինղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակ: Հնարավո՞ր է, արդյոք, ՙոչ ղարաբաղյան՚ շրջաններն Ադրբեջանին վերադարձնել մինչև լիամասշտաբ կարգավորման հասնելը:
-Ոչ, այդպիսի մոտեցումը ոչ միայն անընդունելի է, այլև անկանխատեսելի հետևանքներով է հղի ամբողջ տարածաշրջանի համար: Հակամարտության վերջնական լուծման համար անհրաժեշտ է վերացնել նրա պատճառը, այլ ոչ թե հետևանքները: Հակառակ դեպքում` ապագայում այն կարող է նորից ծագել, բայց` ավելի մեծ ուժգնությամբ: Այն էլ, որ փոխադարձ զիջումները պետք է համաչափ լինեն: Ի փոխ խաղաղության կարելի է միայն խաղաղություն առաջարկել:

-Ի՞նչ գնահատականի է արժանի Մինսկի խմբի աշխատանքը:
-Ամբողջությամբ վերցրած` ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը մենք գնահատում ենք որպես դրական: Իհարկե, ԼՂՀ-ն, ինչպես արդեն նշվել է, պետք է մասնակցի որպես բանակցությունների լիիրավ կողմ, բայց այն, որ մեր երկիրը տվյալ գործընթացին չի մասնակցում, պաշտոնական Բաքվի ոչ կառուցողական քաղաքականության արդյունքն է հանդիսանում, քան` Մինսկի խմբի և նրա համանախագահների մեղքը:

-Ինչպիսի՞ իրավական հիմքեր գոյություն ունեն Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար:
-Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման համար բացարձակապես բոլոր հիմքերը կան: Դրանք են` պատմականը, իրավականը, քաղաքականը և բարոյականը: Պատմականորեն Արցախը երբեք Ադրբեջանի տարածքի մաս չի եղել. ոչ այն Ադրբեջանի, որը 1918 թվականին ստեղծվել է թուրքական սվինների վրա, և ոչ էլ նրա, որը կազմավորվել է Միության տրոհման արդյունքում:
Իսկ ինչ վերաբերում է խորհրդային Ադրբեջանին, ապա, ինչպես բազմիցս է նշվել ամենատարբեր միջազգային մակարդակներում հիմնախնդրի քննարկման ժամանակ, երրորդ կողմի կուսակցական մարմնի կամային ակտը միջազգային իրավունքում ապացուցային բնույթի իրավաբանական փաստաթուղթ չի հանդիսանում: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կազմավորումը նույնպես տեղի է ունեցել միջազգային իրավունքի և այն ժամանակ գործող ԽՍՀՄ օրենսդրության հիմնարար նորմերին ու սկզբունքներին խստիվ համապատասխան: Մեր փաստարկներն իրավական տեսակետից անբասիր են: Ինչ վերաբերում է քաղաքական հիմքերին, ապա իր գոյության համարյա երկու տասնամյակում մեր երկիրը գործնականում ապացուցել է, որ կայացած իրավական պետություն է հանդիսանում, որն իր ժողովրդավարական զարգացման մեջ առաջանցիկ է այդ նույն Ադրբեջանից: Մեր երկիրն արդեն երկու տասնամյակ գոյություն ունի որպես անկախ պետություն, որը չի սպառնում հարևան պետություններից ոչ մեկին: Կարծում եմ, որ տվյալ համատեքստում մեր երկիրը միջազգային ճանաչումը վաստակել է նաև բարոյական տեսակետից, առավել ևս, որ այն ամենին, ինչի մենք հասել ենք, հասել ենք սեփական ուժերով, առանց արտաքին միջամտության: Վստահ եմ, որ իմ բերած բոլոր հիմնավորումները ծանրակշիռ են, և մեր անկախությունն անպայման ճանաչվելու է:

-Լեռնային Ղարաբաղում ի՞նչ են մտածում Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախության միջազգային ճանաչման և սեփական միջազգային ճանաչմանը հասնելու` ԼՂՀ-ի քաղաքականության վրա այդ գործընթացների ներգործության վերաբերյալ:
-Մենք առանձնահատուկ հետաքրքրությամբ ենք հետևում տվյալ գործընթացներին: Հիշատակված դեպքերն, անշուշտ, նախադեպային կարևոր նշանակություն ունեն: Կոսովոյի ճանաչումը նոր էջ բացեց ժողովուրդների կողմից ինքնորոշման իրենց անկապտելի իրավունքի իրագործման պատմության մեջ: Համաշխարհային պրակտիկայում առաջին անգամ նախկին ինքնավարությունն իր անկախության միջազգային ճանաչումն ստացավ առանց նախկին մայր երկրի համաձայնության: Կոսովոյին հաջորդեց Աբխազիայի և Հարավային Օսիայի ճանաչումը: Եվ ահա 2011 թվականին անկախության ուղու վրա ոտք դրեց Հարավային Սուդանը, այդպիսով կոսովյան, աբխազական և հարավօսական նախադեպերը փոխակերպելով օրինաչափության: Այդ բոլոր միտումներն առաջին հերթին պետք է Բաքուն ուշադրության առնի: Ադրբեջանին անհրաժեշտ է անսալ բանականությանն ու պատմական գործընթացների անշրջելիության տրամաբանությանը, իրոք կառուցողական դիրք բռնել բանակցություններում, նայել դեպի ապագան, այլ ոչ թե սեփական ժողովրդին տանջել անցյալի պատրանքներով: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, ապա մեր անկախության ձեռքբերումը սոսկ որպես համապատասխան նախադեպերի կամ իրավական ակտերի առկայություն չի ներկայանում մեզ համար: Մենք միջազգային ճանաչման ենք ձգտելու անկախ այն բանից, թե ուրիշ պետություններ ճանաչված են, թե ոչ: Եթե գոյություն ունեցող նախադեպերը դրական դեր խաղան տվյալ գործընթացում, ապա մենք դա ողջունելու ենք միայն:

 

 

Դիտվել է 2391 անգամ:
Print Friendly

Leave a Reply