Վարչապետն այցելել է Լոռու մարզ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2011 20:32

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր այցելել է Լոռու մարզ: Կառավարության ղեկավարն այցելել է Վանաձորի պետական մանկավարժական համալսարան: Վարչապետ Տիգրան Սարգսյանն անձամբ ավարտական գերազանցության դիպլոմներ հանձնեց բուհի 20 և Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Վանաձորի մասնաճյուղի 5 շրջանավարտների:

Ողջունելով շրջանավարտներին՝ վարչապետը հույս հայտնեց, որ շրջանավարտներն իրենց գիտելիքները ի սպաս կդնեն նոր սերնդի կրթության ու դաստիարակության առաքելության իրականացմանը. «Այդ տեսակետից մանկավարժական համալսարանի դերակատարությունն անգերագնահատելի է: Դա է պատճառը, որ ուսուցիչները մշտապես գտնվում են մեր ուշադրության կենտրոնում, և բյուջետային հատկացումների բավականին մեծ մասն ուղղվում է հենց այդ ոլորտին»,- նշել է գործադիրի ղեկավարը՝ հավելելով, որ ոլորտին ուղղված հատկացումները պայմանավորված են ուսուցչի մասնագիտության գրավչության բարձրացման անհրաժեշտությամբ:
Վարչապետը նշել է. «21-րդ դարը ինտելեկտուալ մրցակցության դար է, և այսօր գիտելիքն առաջնահերթություն է: Զարգացած են այն ազգերը, որոնք մեծ տեղ են հատկացնում գիտելիքին և կարողանում այն արտադրել: Ուսուցիչը պարտավոր է ոչ միայն գիտելիքներ տալ և դաստիարակել աշակերտներին, այլև տալ ինքնուրույն մտածելու, ճիշտ որոշումներ կայացնելու կարողություն»:
Վանաձորի պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը Տիգրան Սարգսյանին նվիրեց Հովհաննես Թումանյանի ստեղծագործությունների ժողովածուն և հայտարարեց, որ բուհի գիտխորհրդի որոշմամբ ՀՀ վարչապետին շնորհվել է ինստիտուտի բարեկամների ակումբի պատվավոր անդամի կոչում:
Այնուհետև վարչապետն այցելեց Շահումյան գյուղի առողջության առաջնային պահպանման կենտրոն, որն այսօր անբարեկարգ վիճակում է: Տիգրան Սարգսյանը զրուցեց կենտրոնի աշխատակիցների հետ և խոստացավ օգնել՝ հաղթահարելու առկա խնդիրների:
Վարչապետի հաջորդ կանգառը Ալավերդիում էր, որտեղ մշակույթի կենտրոնում Տիգրան Սարգսյանը հանդիպեց ՀՀԿ տեղական ակտիվի հետ: Վարչապետը կուսակցության շարքերն անցնող 30 անձնաց հանձնեց անդամատոմսեր: Շնորհավորելով նորընծա հանրապետականներին՝ կառավարության ղեկավարը նշեց. «Գաղտնիք չէ, որ մեր առջև ծառացած են բազմաթիվ խնդիրներ, և ձեզանից պահանջվում է պատասխանատվություն, քաջություն, ստանձնելու այդ բարձր ու պատասխանատու առաքելությունը, դառնալու ՀՀԿ անդամ և մեզ հետ միասին լուծել մեր առջև դրված խնդիրներն: Համոզված եմ, որ այս օրը հիշարժան է լինելու ձեր կյանքում, քանի որ դառնալով կուսակցական՝ դուք ստանձնում եք նաև նոր քաղաքական և բարոյական պատասխանատվություն՝ ծառայել այն գաղափարներին, որոնք ամրագրված են կուսակցության ծրագրերում»:
Այնուհետև վարչապետը պատասխանեց նաև կուսակցականների հարցերին:
Այցի շրջանակներում վարչապետը ծանոթացավ դեպի Մոտկոր տանող ճանապարհների վերականգնման աշխատանքներին:

 

Դիտվել է 2077 անգամ:
Print Friendly

Leave a Reply