Վերլուծաբանի և ՀՀԿ մամլո խոսնակի տեսակետները Կազանի հանդիպման վերաբերյալ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2011 15:45

Կազանի հանդիպման մասին այսօր լրագրողներին իրենց տեսակետներն են հայտնել «Եվրոպական Ինտեգրացիա» ՀԿ նախագահ, վերլուծաբան Կարեն Բեքարյանն ու ԱԺ պատգամավոր, ՀՀԿ մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

“Կազանի հանդիպումից հետո ի՞նչ տրամաբանությամբ կընթանան բանակցությունները և կարելի՞ է ասել, որ բանակցությունները մտնում են փակուղի” րագրողների այս հարցերին ի պատասխան Բեքարյանն ասել է, թե բանակցություններն, այսպես թե այնպես, փակուղում են և դուրս կգան փակուղուց միայն այն դեպքում, երբ դրանց, որպես լիիրավ կողմ, մասնակցի ԼՂՀ-ն. «Բանաձևը շատ պարզ է, ով կառչած է ստատուս քվոյից, նա էլ դեմ է հանդես գալիս ԼՂՀ վերադարձին բանակցային սեղան: Բնականաբար, նորից պիտի խոսենք բեկում արձանագրելու մասին: Բանակցություններն իրական բեկում կարող են արձանագրել, երբ.

Ա. ինչ-որ հրաշքով Ադրբեջանը դառնա ժողովրդավարական կամ Ալիևն ունենա 150 %-անոց երաշխիքներ (պարզ չէ՝ ումից, իսկ 100%-ը նրան չի բավարարում), որ փոփոխությունների արդյունքում, միևնույն է ինքը կմնա իշխանության և
Բ) երբ Ադրբեջանն ուղղակիորեն բանակցի ԼՂՀ հետ»,-ասել է նա:

Բեքարյանի խոսքով, երբ վերը նշված երկու դրույթներն էլ աշխատեն, այդ դեպքում կարող է արձանագրվել բեկում, իսկ մինչ այդ բանակցությունները կընթանան նույն տրամաբանությամբ, որով ընթանում են:

«Բեկումնային առաջընթացը շատ դեպքերում կապված պետք է լինի Ադրբեջանի կառուցողական մոտեցումներից: Երեկվա հանդիպումը ցույց տվեց, որ Ադրբեջանը, արհամարհելով երեք նախագահների հայտարարությունը, արհամարհելով բանակցային գործընթացի տրամաբանությունը, փաստացի խնդիրը տանում է դեպի փակուղի և կառուցողական տրամադրված չէ», – Կազանի եռակողմ հանդիպման վերաբերյալ այս կարծիքն է հայտնել Էդուարդ Շարմազանովը:

Շարմազանովի խոսքով, ղարաբաղյան հիմնահարցում կա երկու սկզբունքային կետ` ԼՂ կարգավիճակը և ԼՂ-ադրբեջանական սահմանի ճշտումը. «Առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության որևէ մեկը չի կարող լուծել այդ խնդիրը», – ընդգծել է նա:

 

Դիտվել է 1066 անգամ:
Print Friendly

Leave a Reply