Աշխարհի առաջատար լրատվամիջոցները` կազանյան հանդիպման մասին
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 25, 2011 15:31
Համաշխարհային առաջատար լրատվամիջոցները մեկնաբանել են Կազանում հունիսի 24-ին Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների ԼՂ օրակարգով հանդիպման արդյունքները` նշելով, որ ԼՂ խնդրի կարգավորման հարցով այդպես էլ պայմանավորվածություններ ձեռք չեն բերվել:
Մամուլը գրում է, որ ի հեճուկս մեծ սպասումների, 3 ժամ տեւած կազանյան հանդիպման ժամանակ կողմերն այդպես էլ հավանություն չեն տվել բանակցային սեղանին գտնվող Հիմնարար սկզբունքներին: Շատերն էին կարծում, որ այս հանդիպումը լավ շանս էր թեկուզ փոքր առաջընթացի հասնելու համար:
«Կազանի գագաթաժողովը դիտարկվում էր որպես լավագույն շանս երկու կողմերի համար` համաձայնության գալ մի շարք հարցերում, որոնք, շատ դիվանագետների ու վելուծաբանների կարծիքով, կխանգարեին պատերազմի վերսկսմանը»,- գրում է The Wall Street Journal-ը:
«Երկու առաջնորդներն էլ չեն գնում փոխզիջման` լինելով իրենց հասարակությունների մեծ ճնշման տակ: Սակայն ե’ւ Հայաստանը ե’ւ Ադրբեջանը ցանկանում են խաղթահարել պատերազմի հետեւանքները»,- ասված է Associated Press-ի հոդվածում:
Լրատվամիջոցները հիշեցնում են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին նույնպես հանդիպման նախօրեին կողմերին կոչ են արել հանգել համաձայնության:
«Վերջին ժամանակներս յուրաքանչյուր կողմ հանդես է գալիս մյուս կողմից ուղղված սպառնալիքներով, ինչը չի կարող անհանգստություն չառաջացնել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Եվրոպայի բարձրաստիճան պաշտոնյաների մոտ, ովքեր չեն ցանկանում տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսում, հատկապես որ տարածաշրջանը շատ մոտ է Վրաստանին, Իրանին եւ կասպյան նավթային հանքավայրերին»,- գրում է The Washington Post-ը:
Թերթը մեջբերում է Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի խոսքը, ով համարում է, որ «Մեդվեդեւի նախաձեռնության» համար նախատեսված ժամկետը աստիճանաբար սպառվում է:
«Պատերազմը, որպես սխալ հաշվարկի հետեւանք, շատ վտանգավոր է»,- ամփոփել է նա:
news.am






Facebook
Tweet This
Email This Post
