Հետախուզության օպերլիազորը ինքնասպան է եղել «Եռաբլուրում»
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 25, 2011 12:34
Երեւանում այսօր առավոտյան «Եռաբլուր» պանթեոնում դիակ է հայտնաբերվել:
Ինչպես դեպքի վայրից NEWS.am-ին հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 08:25-ի սահմաններում, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Մալաթիայի բաժին և հայտնել, որ «Եռաբլուր» պանթեոնի մոտ տղամարդու դիակ կա:
Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Ներսես Նազարյանը, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանը, ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, գնդապետ Լեւոն Յազիչյանը, օպերգծով տեղակալ Գրիգոր Կարապետյանը, քննիչներն ու փորձագետը:
Պարզվել է, որ մահացածը ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ 25-ամյա Կորյուն Արզումանյանն է:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին հայտնել են, որ նա 1,5 ամիս առաջ ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքից տեղափոխվել է ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն:
Դիակի մոտ ոստիկանները հայտնաբերել են նրա ձեռագրով գրված նամակ, իսկ ձեռագրի հետեւում համակարգչով հավաքված տեքստ է, որտեղ, մասնավորապես, գրված է, որ «Ես ներողություն եմ խնդրում բոլորից…»:
Ըստ նախնական տեղեկությունների, Կ. Արզումանյանն ինքնասպան է եղել իրեն ամրակցված Մակարով տեսակի ատրճանակից: Նրա ծնոտին մեկ կրակոց է արձակվել:
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչ Սուրեն Նավոյանի կողմից նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում ձեռագրաբանական, դատաձգաբանական, դատաբժշկական, ձգաբանական եւ դատաքիմիական: Սուրեն Նավոանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Դին տեղափոխվել է դիահերձարան:






Facebook
Tweet This
Email This Post
