Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չէր ընդունել հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 25, 2011 12:26
ՀՀ արտգործնախարար Է. Նալբանդյանը պարզաբանել է, թե ինչու Կազանում հունիսի 24-ին հնարավոր չի եղել համաձայնեցնել ղարաբաղյան կարգավորման շուրջ սկզբունքները. “Հանրապետության Նախագահը Ստրասբուրգում հայտարարել էր, որ կարելի է Կազանում դրական արդյունքներ, առաջընթաց ակնկալել, եթե Ադրբեջանը նոր փոփոխություններ չառաջարկի: Սակայն, Կազանը բեկումնային չեղավ, որովհետեւ Ադրբեջանը պատրաստ չեղավ ընդունել եռանախագահների կողմից առաջարկված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակը:
Դովիլում եռանանագահող երկրները կոչ էին արել նախագահներին համաձայնության գալ Կազանում: Նախագահների հետ հեռախոսազրույցներում նախագահ Օբաման էր նույն կոչն արել: Նաեւ Ֆրանսիայի նախագահ Սարկոզին ուղերձներ էր հղել նախագահներին: Սակայն ադրբեջանական կողմը մոտ մեկ տասնյակ փոփոխություններ առաջարկեց եւ դա էր պատճառը, որ Կազանի հանդիպումը բեկումնային չեղավ:
Ամեն դեպքում, հանդիպումը, կարծում եմ, օգտակար էր այն իմաստով, որ շարունակվեցին մանրամասն քննարկումները: Եվ կարեւորն այն է, որ Նախագահ Մեդվեդեւը, որը վերջին երեք տարվա ընթացքում մեծ ներդրում է ունեցել այս գործընթացում, իր պատրաստակամությունը հայտնեց շարունակել ջանքերը՝ սկզբունքների համաձայնեցման եւ դրանց շուրջ վերջնական համաձայնություն ձեռք բերելու համար:
Կողմերի միջև վերջին երեք տարիների ընթացքում սա արդեն 12-րդ հանդիպումն էր: Բայց վերջին մեկ տարվա ընթացքում, այս սցենարը, երբ Ադրբեջանը, փաստորեն, նոր փոփոխություններով և առաջարկներով է հանդես գալիս, արդեն առնվազն չորրորդ անգամ է կրկնվում: Սա է իրականությունը: Բայց շարունակելու ենք բանակցությունները, որովհետեւ կարգավորման համար այլ ճանապարհ չկա: Միայն խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով է հնարավոր լուծել հիմնախնդիրը”,-ասել է Նալբանդյանը:
Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply