ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԿՌԻՎԸ ԿՅԱՆՔԻՑ ԹԱՆԿ ԷՐ ՆՐԱՆՑ ՀԱՄԱՐ

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | June 25, 2011 0:48

2011 թվականն իրավամբ կարելի է հայերիս համար հոբելյանական համարել:  Անկախության 20-ամյա հոբելյանը շուտով կթակի մեր դուռը, և ամենայն հավանականությամբ բազմաբնույթ միջոցառումների պակաս չենք ունենա, որովհետև մեր նորագույն  պատմության այս էջում սրբացան ու անմահացան շատ անուններ, ովքեր ոչ միայն մեր շաքարը` Արցախ աշխարհը շան բերանում չթողեցին, այլև նրանց շնորհիվ վերջապես ձերբազատվեցինք տառապանքի բարդույթից` թուրք-ադրբեջանական բիրտ ուժին հակադրելով մեր թուր-կեծակին: Հայ ժողովրդի շատ նվիրյալ զավակներ վերջապես թոթափեցին հազարայմա  հնազանդությունը: Արդարության կռիվը կյանքից թանկ էր նրանց համար:   Եվ ահա այսօր մայր բուհում երկու իրադարձություն էր մեկտեղվել. առաջինը` Արցախյան ազատամարտում մարտիրոսված համալսարանական ազատամարտիկներին նվիրված գրքի շնորհանդեսն էր, որին պատրաստվել  էին դեռևս 2006-ից, երկրորդը` գիտահանրամատչելի գրքույկ, որն առաջին հերթին նախատեսված է համալսարանի ուսանողության և երիտասարդության համար, ինչպես նաև ցուցահանդես` “Համալսարանական ուսանողները արցախյան պատերազմում”: “Երբ  պրն Սիմոնյանը ռեկտոր ընտրվեց, Երևանի պետական համալսարանի թանգարանի աշխատակիցներին  հանձնարարեց, որ հավաքեն արցախյան ազատամարտում նահատակված համալսարանական ազատամարտիկների մասունքները, կենսագրական տվյալները, լուսանկարները և թանգարանի մշտական ցուցադրությունում հատուկ բաժին ունենալ”,-  ասաց թանգարանի տնօրեն Ժակ Մանուկյանը:  Ի դեպ, թանգարանը հիմնադրվել է 1959 թ. նախ որպես պատմության կաբինետ, իսկ 1981թ. արդեն դարձել է  պատմության թանգարան: Իսկ համալսարանի 90-ամյա տարեդարձի շրջանակներում  հիմնովին վերանորոգվեց ու հանրությանը նոր ցուցադրությամբ ներկայացավ: “Գրքում  27 համալսարանական դասախոսի և ուսանողի անուն, կենսագրական տեղեկություններ, փաստաթղթեր, հուշեր են զետեղված, որոնք առաջին անգամ են հրատարակվում”,- ասում է  թանգարանի տնօրենն ու հավաստիացնում, որ գիրքը նոր խոսք է արցախյան գոյապայքարի նորօրյա պատմության մեջ:Այսօր, երբ արցախյան շարժման սկզբից անցել է 23 տարի, և  ուսանողական լսարանում արդեն սովորում են ազգային ոգով դաստիարակված ուսանողներ, համալսարանականների  զավակներ, երբ մի ողջ սերունդ ոգեշնչվում է այդ հերոսների անմահ սխրանքներով, ակնհայտ է, որ մեզ հաջողվել է հաղթանակով շրջել հայոց նորագույն պատմության փառավոր էջերից մեկը: Ծանոթանանք  մի քանիսին. Սիմոն Աչիքգյոզյան, Լեոնիդ Ազգալդյան, Թաթուլ Կրպեյան, Դուշման Վարդան, Տիգրան Պետրոսյան : Հրազդանցի Տիգրան Պետրոսյանը ծառայել է Աֆղանստանում, որից հետու ընդունվել պետհամալսարանի իրավաբանական ֆակուլտետ, բայց  ավարտել չհասցրեց: Զոհվեց 1992 թ. հոկտեմբերին, Բերձորում: Մարտակերտի Ներքին Հոռաթաղ գյուղի բնակիչ, համալսարանի բանասիրականի ուսանող, ասպիրանտ, “Ազատամարտ” թերթի լրագրող  Նորայր Մարությանը, որ գրչից շատ զենքն էր օգտագործում, զոհվեց 1993 թ. հունիսի է 17-ին Առաջաձորի պաշտպանության ժամանակ:Արևելագիտության ֆակուլտետի  դեկան Գուրգեն Մելիքյանի հուշերը ներկաներին պատերազմի դաշտ տեղափոխեցին: “Ռայա մայրիկի երկրորդ ձագուկին էինք հանձնում հողին, որը մեզ պատգամ թողեց. “Իմ երկրորդ ձագուկին մատաղ արեցի այս հողին, այս շարժմանը, ամոթ ձեզ, եթե դուք մի թիզ հող հետ հանձնենք”: Ամոթ մեզ, եթե մենք տեր չկանգնենք այդ պատգամին, մեր պատերազմը դեռ շարունակվում է, և յուրաքանչյուրս թե՛ զենքով, թե՛ գրչով պետք է մեր սուրբ հողը պահենք: Ամոթ մեզ,  եթե այդ գործը հաղթական ավարտին չհասցնենք: Ու դա լինելու է,- հավատացած է հրամանատարի արտաքին կապերի գծով տեղակալ դեկանը:-  Հաղորդակցության միջոցներ էին երկիր բերում, որով կարողանում էին տարբեր հեռավորության վրա որսալ թշնամու ձայնը և անմիջապես փոխել”:Օրն ի՞նչ խորհուրդ ունի համալսարանի ռեկտոր պրն Սիմոնյանի համար և արդյոք իր սպասած գիրքն էր. “Խորհուրդն այն է, որ հիշում են իրենց ազատամարտիկներին, նրանց սխրանքը,  ցանկանում, որ այդ սխրանքը ոչ միայն չմոռացվի, այլև ոգեշնչող, ուղղորդող դեր կատարի , դաստիարակիչ դեր ունենա ուսանողության համար: Դասերը նախ պետք է տալ, հետո նոր պահանջել: Գիրքը թերթեցիք, Ձեզ դուր եկավ: Առաջին օրվանից եմ մասնակից, խմբի ղեկավարն եմ, խմբագրել եմ, իհարկե կան նաև թերություններ, կարելի էր հարստացնել, բայց հենց դրա համար էլ համարվում է առաջին փորձ”:

Դիտվել է 1117 անգամ:
Print Friendly

Leave a Reply