Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետով 50 հազար հիվանդ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2011 11:18

Հայաստանում գրանցված է շաքարային դիաբետով 50 հազար հիվանդ: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր էնդոկրինոլոգ Էդվարդ Թորոմանյանը, նրանցից 10 հազարը ինսուլին ստացող հիվանդներ են: Հայաստանում հիվանդներին ինսուլինը տրամադրվում է անվճար, իսկ պահանջված դեղորայքային հաբերից անվճար տրամադրվում է 30 տոկոսը:

Է. Թորոմանյանը նշեց, որ նախորդ տարիների համեմատ շաքարային դիաբետով նոր հիվանդների թիվն ավելանում է ոչ միայն Հայաստանում, այլեւ աշխարհի այլ երկրներում: Եթե 90-ական թվականներին տարեկան 1000-1200 շաքարային դիաբետով նոր հիվանդ էր գրանցվում, ապա արդեն այդ թիվը տարեկան հասնում է 3-4 հազարի: Է. Թորոմանյանը նկատեց, որ հիվանդության երիտասարդացում է նկատվում: Ավելացել է շաքարային դիաբետով հիվանդ երիտասարդների թիվը:

«Շաքարախտով հիվանդ լինելու փաստը դատավճիռ չէ: Յուրաքանչյուր հիվանդ պետք է հետեւի բժշկի խորհուրդներին, ժամանակին ընդունի դեղորայքը, պարբերաբար ստուգի արյան մեջ գլյուկոզայի մակարդակը, առողջ կենսակերպ վարի, ճիշտ սննդակարգ նախընտրի»,-ասաց Է. Թորոմանյանը: Ըստ նրա’ ամեն ինչից զատ, մարդն առաջինն ինքը պետք է լինի իր բժիշկը: Է. Թորոմանյանը նշեց, որ այդ առնչությամբ պարբերաբար աշխատանք է տարվում հիվանդների հետ:

Նոյեմբերի 14-ին նշվում է շաքարային դիաբետի դեմ պայքարի միջազգային օրը: Է. Թորոմանյանի խոսքով’ ինչպես ամեն տարի այս անգամ եւս միջոցառումներ են նախատեսվում անցկացնել Հայաստանում: Այս տարի նոյեմբերի 14-ը նոր խորհուրդ է պարունակում’ լրանում է ինսուլինի հայտնաբերման 90-ամյակը, որի հեղինակը կանադացի ազգային հերոս հռչակված, տաղանդավոր բժիշկ-գիտնական Ֆրեդերիկ Բանտինգն է, ում ծննդյան օրն էլ հենց հռչակվել է այդ հիվանդության դեմ պայքարի միջազգային օրը:

 

Դիտվել է 1219 անգամ:
Print Friendly

Leave a Reply