Համատեղ միջոցառումների շնորհիվ ԱՊՀ-ի երկրներում նվազել է հանցավորության մակարդակը
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | June 24, 2011 11:04
Կազմակերպված հանցավորությանը հակազդելու հիմնախնդրի լուծումը մնում է «ԱՊՀ-ի շրջանակներում միջպետական համագործակցության առավել պահանջված ուղղությունը»: Այս կարծիքը, ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել է ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի մամուլի ծառայությունը, նախօրյակին Մինսկում լրագրողների հետ կայացած հանդիպմանը հայտնել է Համագործակցության գործկոմի անվտանգության եւ նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդման հարցերով զբաղվող դեպարտամենտի տնօրեն Ալբերտ Դրուժինինը:
Նա նշել է, որ «հավաքական եւ փոխհամաձայնեցված միջոցառումների շնորհիվ Համագործակցության երկրներում հանցավորության մակարդակը 2009 թվականին նվազել է 4,7 տոկոսով, 2010-ին’ 7,3 տոկոսով: Բարձրացել է հակաիրավական արարքների բացահայտելիության մակարդակը, հանցավոր եկամուտների օրինականացման ավելի շատ փաստեր են բացահայտվել»:
Դրուժինինի խոսքով’ ԱՊՀ-ի երկրների իրավապահ կառույցների համատեղ գործունեության արդյունավետ ուղղություններից մեկը դարձել է կանոնավոր համալիր եւ հատուկ գործողությունների անցկացումը: «Այսպես, վերջին երեք տարվա ընթացքում պետությունների տարածքում իրականացվել են 39 համաժամանակյա համալիր օպերատիվ-կանխարգելիչ միջոցառում եւ 4 հատուկ գործողություն: Ձեռնարկվել են քրեական եւ ստվերային էկոնոմիկային հակազդման տնտեսական, կազմակերպական-կառավարչական եւ սոցիալական բնույթի համալիր միջոցներ: Այդ նպատակով կատարելագործվում է փոխգործակցությունը Հանցավոր եկամուտների օրինականացմանը եւ ահաբեկչության ֆինանսավորմանը հակազդման եվրասիական խմբի հետ, եւ ստեղծվել են ֆինանսական մոնիթորինգի ազգային մարմիններ»,- նշել է նա:
Դրուժինինը նաեւ տեղեկացրել է, որ ԱՊՀ-ի երկրները շարունակում են հանցագործությունների կանխման, հայտնաբերման, կասեցման, բացահայտման եւ հետաքննության շուրջ փորձի փոխանակումը եւ դրանց վերաբերյալ մեթոդական ձեռնարկների մշակումը: Բացի այդ, ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ հիման վրա ակտիվորեն զարգանում է համագործակցությունը կադրերի պատրաստման գործում: «Ներկայում Ռուսաստանի ՆԳ նախարարության կրթական հիմնարկներում բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության ծրագրերով ուսուցում են անցնում ԱՊՀ-ի երկրների իրավապահ մարմինների 526 աշխատակիցներ: Բելառուսի ՆԳ նախարարության ակադեմիայում ուսուցում է անցել ավելի քան 120 մարդ»,- ասել է Դրուժինինը:






Facebook
Tweet This
Email This Post
