Առողջության առաջնային պահպանման ոլորտում կատարողականի վրա հիմնված փոխհատուցման և վարձատրման նոր համակարգի ներդրման մասին

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 24, 2011 10:35

Կատարողականի վրա հիմնված փոխհատուցման և վարձատրման համակարգի ներդրման հիմնական նպատակը առողջության առաջնային պահպանման համակարգի գործունեության գնահատումն է` ըստ որոշակի ցուցանիշների. այս մասին հաղորդում է Առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը:

ԱԱՊ ոլորտում սկսված բարեփոխումները, որոնք ուղղված են ԱԱՊ բժշկի մոտ բնակչության գրանցման համակարգի ներդրմանը, ընտանեկան բժշկության համակարգի զարգացմանը, լավ հիմք էին կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման համակարգի զարգացման համար: Սա համակարգի ներդրման առաջին փուլն է, որին պետք է հաջորդի առավել մանրակրկիտ գնահատում, քանզի ԱԱՊ ոլորտում կատարողականի հիման վրա ֆինանսավորման համակարգի զարգացումը ԱԱՊ բժիշկների կատարած աշխատանքի իրական գնահատման և դրա դիմաց ֆինանսավորման լավագույն միջոցն է: Դրա մասին է վկայում նաև այսօր միջազգային առաջադեմ փորձը, երբ բազմաթիվ զարգացած երկրներ փորձում են կամ արդեն իսկ ներդրել են ըստ կատարողականի ֆինանսավորման համակարգեր:

Այն հնարավորություն է տալիս իրական գնահատական տալ ԱԱՊ ոլորտի գործունեությանը, գնահատել ԱԱՊ բժիշկների կողմից բնակչությանը մատուցվող ծառայությունների քանակական կազմը և, որն առավել կարևոր է` այդ ծառայությունների որակը: Դա է, որ մեծապես պայմանավորում է առողջության առաջնային պահպանման ոլորտի դերն ու նշանակությունն առողջապահության համակարգում, որը հետագայում պետք է հանգեցնի ընդհանուր առողջապահական ցուցանիշների գնահատմանը, մասնավորապես` հիվանդացության, մահացության, հիվանդությունների վաղ հայտնաբերման և կանխարգելման ուղղությամբ իրականացվող գործառույթների տեսանկյունից:

ԱԱՊ բժիշկների կատարած աշխատանքի գնահատման միջոցով որոշակի տարբերակում կմտցվի բժիշկների աշխատանքի վարձատրության ձևավորման համակարգում: Այս համակարգի ներդրումը հնարավորություն է տալիս իրականում գնահատել ԱԱՊ բժիշկների կողմից բնակչությանը մատուցվող առողջության առաջնային պահպանման ծառայությունների որակը, գնահատել բժիշկների իրական ծանրաբեռնվածությունը, հաշվի առնել բժիշկների կողմից սպասարկվող բնակչության տարիքասեռային, հիվանդացության, սոցիալական կարգավիճակին առնչվող ցուցանիշները, վերլուծել դրանք և դրանց հիմա վրա պլանավորել համակարգի հետագա աշխատանքները և ֆինանսական հատկացումները:

Համակարգի ներդրման արդյունքների գնահատումը հնարավորություն կտա արդեն 2012 թվականից ընդլայնել ցուցանիշների կազմը` առավել մեծ ուշադրություն դարձնելով հիվանդությունների կանխարգելման, վաղ հայտնաբերման և բուժման խնդիրներին:

Համակարգը գործում է միօրինականացված ծրագրային փաթեթի հիման վրա, որը տեղադրված է ԱԱՊ ծառայություններ մատուցող հանրապետության բոլոր բուժհիմնարկներում: Բոլոր տվյալները ավտոմատացված համակարգի միջոցով ներմուծվում և փոխանցվում են էլեկտրոնային եղանակով: Ներկայումս մշակվել է և առողջապահության համակարգի պատասխանատուներին, բուժհիմնարկներին կտրամադրվի առցանց (online) ռեժիմում տվյալների ամփոփ հաշվետվությունները դիտարկելու հնարավորություն: Համակարգի ներդրմանը զուգահեռ կազմակերպվում են տեխնիկական անձնակազմի և բուժաշխատողների շարունակական ուսուցողական դասընթացներ, նախագծվում են համակարգի ծրագրային ապահովման բարելավման ուղղությունները:

 

Դիտվել է 954 անգամ:
Print Friendly

Leave a Reply