Ազատազրկման վայրից 25 օր առաջ դուրս եկած Լյովա Սիմոնյանը կրկին ցանկանում է վերադառնալ այնտեղ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | June 24, 2011 9:07

Ծնունդով գյումրեցի Լյովա Սիմոնյանը նոր է դուրս եկել ազատազրկման վայրից, բայց նորից կամենում է վերադառնալ, քանի որ, ըստ նրա, հասարակությունը չի ընդունում իրեն:

«Իմ տեղն այստեղ չէ, գործ չեն տալիս, տուն չեն տալիս, փողոցում եմ գիշերում, անգամ մի հանրակացարան, մի տնակ, մի գոմ չեն տալիս, ի՞նչ անեմ: Իսկ կալանավայրում ես իմ տեղն ունեի, ինչ անեմ հիմա, որ նորից հայտնվեմ կալանավայրում»,-NEWS am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Լյովա Սիմոնյանը:

Նա այս օրերի ընթացքում տարբեր դռներ է թակել , դիմել է Գյումրիի քաղաքապետին, Շիրակի մարզպետ Աշոտ Գիզիրյանին, նրան ընդամենը 10 հազար դրամ են տվել: «Ինչի՞ս է պետք այդ դրամը, ես հո մուրացկա՞ն չեմ, ինձ ծածկ է պետք, ես անօթեւան եմ»,-դժգոհել է  Լյովա Սիմոնյանը, ով չունի ընտանիք ու հարազատներ:

Նա պատմել է, որ Մոսկվայի հեղինակավոր բուհերից մեկի ուսանող է եղել, ճակատագրի բերումով 1977 թվականին դատապարտվել է ազատազրկման, որն էլ փոխել է կյանքի ընթացքը: «Մոսկվայում ուսանող էի բոլորն են հիշում, որ 1977-ին Մոսկվայի մետրոն պայթեց, որի մեղքը գցեցին հայերի վրա: Մեր կուրսից քանի ուսանողի սպանեցին, գնդակահարեցին, քանի-քանիսին դատապարտեցին, ես էլ նստեցի»:

Ազատ արձակվելուց հետո, ուսումը կիսատ թողած, նա եկել է Հայաստան` ծննդավայր Գյումրի` նոր կյանք սկսելու: Ամուսնացել է, երեխա ունեցել: «Թվում էր ամեն ինչ լավ է, բայց երկրաշարժը խանգարեց»,-ասել է Լ. Սիմոնյանը, ով 1988-ի աղետի ժամանակ կորցրել է կնոջն ու մեկամյա որդուն: Կորցրել է նաեւ բնակարանը: Հետո նորից է հայտնվել կալանավայրում` խուլիգանության հոդվածով:

Հիմա Լյովա Սիմոնյանը կրկին դրսում է ու նրան կրկին հասարակությունը չի ընդունում: «Այս հասարակությունը կործանեց ինձ ու շարունակում է կործանել, իմ տեղը լավ գիտեմ` կալանավայրում է»,- ամփոփել է նա:

 

 

Դիտվել է 808 անգամ:
Print Friendly

Leave a Reply