Եթե Բաքուն չի ճանաչում ինքնորոշման իրավունքը, վերջին տասնամյակների ջանքերը ջուրն են լցվում. Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronews-ին

Հարցազրույց | | June 24, 2011 8:44

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցը Euronewsհեռուստաալիքին:

Euronews. Պարոն Սարգսյան, վերջին շրջանում հայ քաղաքական գործիչները, մասնավորապես, Ձեր երկրի արտաքին գործերի նախարարը, բավական լավատեսական կանխատեսումներ է ներկայացրել Կազանում կայանալիք հանդիպման վերաբերյալ: Արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Դուք պատրաստ եք փոխզիջումների, չնայած այն բանին, որ ինչպես նշեցիք Եվրոպայի խորհրդում չորեքշաբթի ունեցած ելույթում, նման որոշումը ձեր համար հեշտ չի լինի:
Սերժ Սարգսյան. Լավատեսությունը լավ որակ է, սակայն անձամբ ես նախընտրում եմ լինել կառուցողական: Եվ պետք է ասեմ, որ անձամբ իմ ակնկալիքները մեծ չեն: Դուք խոսեցիք զիջումների մասին, բայց ես միանշանակ դեմ եմ միակողմանի կարգով զիջումներին: Մեզ հետարքրում է փոխադարձ փոխզիջումները: Իսկ մեր իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ մենք պետք է զիջումներ անենք մի պետության, ժողովրդի, որը միայն ու միայն սպասում է հարմար առիթի, որ մեզ վրա կրակ բացի: Ինչպես նշեցի ԵԽԽՎ-ում ունեցած ելույթում, ԵԽ այլատյացության դեմ պայքարի կոմիտեն վերջերս իր զեկույցում ընդգծեց, որ Ադրբեջանում չափազանց զարգացած է հայատյացությունը: Ինչն անհնար է ասել Հայաստանի դեպքում: Այսինքն` հայատյացությանը պետք է վերջ տալ: Մենք պետք է փոխադարձ վստահության հիմքեր դնենք:
Euronews. Դուք ասացիք, որ առանց Լեռնային Ղարաբաղին ինքնորոշման իրավունք տրամադրելու, անհնար է խաղաղության պայմանագիրը մշակել: Բայց Ադրբեջանն այդ պայմանը չի ուզում ընդունել: Ինչպե՞ս եք պատկերացնում հակամարտության լուծումը:
Սերժ Սարգսյան. Եթե Ադրբեջանը չի համաձայնում ինքնորոշման գաղափարի հետ, ապա այդ երկրի իշխանություններն ինչպես կարող են ասել, որ բանակցությունների շարունակման, լուծումներ գտնելու համար մտադիր են հիմնվել Մադրիդյան սկզբունքների վրա: Հիշեցնեմ, որ այդ փաստաթուղթը ենթադրում է երեք պայմանների իրականացում` ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք: Իսկ այդ սկզբունքների հիմքում միայն հայկական կողմի առաջարկները չեն… Այսպիսով` արդյոք տարօրինակ չի թվում ձեզ, որ Ադրբեջանը տարիներ շարունակ բանակցում է մի փաստաթղթի շուրջ, որի կետերից մեկը չի ընդունում:
Euronews. Բայց եթե Ձեզ համար Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի դրույթը անկյունաքարերից մեկն է, իսկ Ադրբեջանը չի ընդունում այն, կնշանակի, որ Կազանում կայանալիք հանդիպումից առաջընթաց, համաձայնություն ակնկալել չարժե:
Սերժ Սարգսյան. Այդ դեպքում Ադրբեջանը պետք է ուղղակի հայտարարի, որ դեմ է Մադրիդյան համաձայնագրի դրույթներից երկուսին կամ առնվազն մեկին: Կամ էլ` միջազգային հանրությունը պետք է հայտարարի, որ չի ճանաչում ինքնորոշման իրավունքը: Այդ դեպքում վերջին տասնամյակների ողջ ջանքերը հօդս կցնդեն: Եվ հետո` եթե ինքնորոշման իրավունքը չի ճանաչվում, հապա ինչպես բացատրել տասնյակ պետությունների առաջ գալը, նրանց ինքնորոշումը: Ինչպես բացատրել բառացիորեն վերջերս Կոսովոյի անկախության ճանաչումը: Ես նաեւ ցանկանում եմ հիշեցնել, որ Ադրբեջանում գերազանցապես հայերով բնակեցված նաեւ մեկ այլ տարածաշրջան կար` Նախիջեւանը, սակայն խորհրդային շրջանում եւ դրանից անմիջապես հետո այդ ինքնավարությունը հայազրկվեց, եւ այսօր այնտեղ գործնականում ոչ մի հայ չկա:
Euronews
. Մեծ ութնյակի վերջին հանդիպման ժամանակ Դովիլում ԱՄՆ, Ֆրանսիայի ու Ռուսաստանի նախագահները հայտարարեցին հիմնախնդրի լուծում գտնել «առանց հապաղման»: Չե՞ք կարծում, որ հաշվի առնելով, թե քանի տարի է տեւում այս փակուղային իրավիճակը, միջազգային միջնորդները մի փոքր հոգնել են: Մինսկի խմբի ներկայացուցիչները վերջերս նկատել էին, որ կազանում կայանալիք հանդիպումը համաձայնության հասնելու «վերջին հնարավորությունն է»: 
ՍերժՍարգսյան. Ոչ, չեմ կարծում, որ միջազգային հանրությունը հոգնել է: Նրանք Հայաստանից, Ղարաբաղից ու Ադրբեջանից հստակ ու վերջնական պատասխան են պահանջում: Նրանք ուզում են հասկանալ` արդյոք շահագրգիռ կողմերը պատրաստ են լուծում գտնել` հիմնվելով վերը նշված սկզբունքների վրա: Նրանք մեզ ասում են` վերջապես ասացեք` «այո» կամ «ոչ», այլեւս մի հապաղեք: Մենք հույս ունենք, որ պատասխանը կտրվի Կազանի հանդիպման ընթացքում:

NEWS.am

 

Դիտվել է 2471 անգամ:
Print Friendly

Leave a Reply