Ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | June 23, 2011 16:31
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն’ այսօր ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել ԼՂՀ Մարտունու շրջանի Կուրոպատկինո բնակավայրի մոտակայքում:
ԼՂՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից հաղորդում են, որ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացրել են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի /ԳՆԱՆ/ դաշտային օգնականներ Ուիլյամ Պրայորը, Անթալ Հերդիչը եւ Խրիստո Խրիստովը, հակառակ կողմից’ ԵԱՀԿ գրասենյակի համակարգող փոխգնդապետ Իմրե Պալատինուսը եւ ԳՆԱՆ դաշտային օգնական Մարիուս Պուոձիունասը:
Դիտարկման ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել: Սակայն ադրբեջանական կողմը ԵԱՀԿ առաքելությանը դուրս չի բերել իր առաջապահ դիրքեր, նախօրոք համաձայնեցված կետ, որի հետեւանքով ԵԱՀԿ դիտարկման խմբերը ստիպված են եղել դիտարկում կատարել ավելի հեռու տարածությունից:
Դիտարկման առաքելությանը ղարաբաղյան կողմից ուղեկցել են ԼՂՀ արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչները:






Facebook
Tweet This
Email This Post
