Ըստ հոգեբանի` Ադրբեջանում ազգային փոքրամասնությունների ճնշումներն ավելացնում են ինքնասպանությունների ու սպանությունների դեպքերը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 23, 2011 15:48

Ադրբեջանի բանակում տիրող անառողջ մթնոլորտը հանգեցնում է սպանությունների ու ինքնասպանությունների բազում դեպքերի, որոնք հրապարակվում են Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից «դժբախտ» պատահարների անվան տակ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման դիտարկում արեց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը’ հավելելով, որ նման պատահաների հիմքում ընկած է հատկապես Ադրբեջանում ընդգծված ազգային փոքրամասնություններին ճնշելու քաղաքականությունը:

«Ադրբեջանական բանակում անվերահսկելի վիճակ է տիրում. բարձիթողի մոտեցումները, զինվորների միջեւ տարբեր բնույթի կարծրատիպերի վրա ձեւավորված անառողջ մթնոլորտը պատճառ են դառնում, որ նման դեպքերը դառնան օրինաչափություն: Միանշանակ է, որ նման եզրակացությունը չի ձեւավորվել մեկ-երկու դեպքերի հիման վրա. դա կրում է շարունակական բնույթ եւ անհերքելի են նման փաստերը, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարարության փորձը’ դրանք ներկայացնելու որպես «դժբախտ» պատահարներ, ի չիք է դառնում, քանի որ դեպքերի մասին տեղեկությունների արտահոսքը անհնարին է կանխել ներկայիս ինֆորմացիոն դաշտի պայմաններում»,- նշեց փորձագետը’ հավելելով, որ ադրբեջանական կողմի քաղաքականության մեջ է նաեւ հրադադարի կանխամտածված խախտումների դեպքերում սեփական զոհերին ներկայացնելը որպես «դժբախտ» պատահարների զոհեր:

«Եթե ուշադիր հետեւենք հրադադարի ռեժիմի խախտման դեպքերին ու դրանց տրված հակահարվածներին, ապա կարող ենք համապատասխան հետեւություններ անել ու բացահայտել բոլոր դժբախտ պատահարների զոհերին, որոնք ուղղակիորեն կապ են ունեցել հրադադարի խախումների հետ: Ադրբեջանական կողմը, պարզապես, փորձում է քողարկել զոհերի թիվն ու հանգամանքները»,- հավաստիացրեց փորձագետ Դ. Ջամալյանը:

 

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply