Նոր օրենքների ընդունում և քննարկումներ խորհրդարանի արտահերթ նստաշրջանում

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | June 23, 2011 14:32

ՀՀ կառավարության նախաձեռնությամբ հունիսի 21-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան, որի ընթացքում ընդունվեցին մի շարք օրենքներ:

«Մարդիկ հաց են ուտո­՞ւմ, որ աղբ առաջանա» Վ. Դալլաքյան

Առաջին ընթերցմամբ,  72 կողմ, 9 դեմ  ձայների հարաբերակցությամբ, ընդունվեց «Աղբահանության և սանմաքրման մասին»  օրենքի նախագծի փաթեթը, որը բուռն քննարկումների առիթ տվեց: ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ հարցը Ազգային ժողովում, այն էլ արտահերթ կարգով քննարկելը սխալ է: Պատգամավորի համոզմամբ, աղբահանությունը Հայաստանի գերխնդիրներից չէ: Անդրադառնալով կառավարության ներկայացրած հիմնավորմանը, ըստ որի` աղբահանությունը առաջնահերթ հիմնախնդիրներից է, և դրա գործող համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, Դալլաքյանը հարց բարձրացրեց. «Իսկ թոշակների, աշխատավարձերի, նպաստների չափը համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին: Մարդիկ հաց են ուտո՞ւմ, որ աղբ առաջանա»,-ասաց նա:

Դալլաքյանի գնահատականով` հետևողականորեն այս հարցին տրվում է անհիմն կարևորություն, այնինչ Հայաստանում կա աղբի դեֆիցիտի խնդիր. «Համատարած աղքատության դեպքում չի կարելի նման մոտեցում որդեգրել և մարդկանց վզին անհիմն չափերի հասնող լրացուցիչ հարկատեսակներ փաթաթել, հիմա դրա ժամանակը չէ»,-կարծում է  Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ անցած տարեվերջում Ազգային ժողովը քննարկել էր «Աղբահանության մասին օրենքի»  ընդունումը, սակայն այն չէր ընդունվել: Նախկին օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում էր մեկ անձի համար գանձվող վարձավճարը 200-250 դրամից դարձնել 500 դրամ:

Ներկա օրինագծով աղբահանության վճարը սահմանվում է կենցաղային աղբի համար` ըստ հաշվառված անձանց թվաքանակի, համայնքում անձնագրային հաշվառման կանոններով, ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի համար` առավելագույնը 400 դրամ, ընդ որում, եթե տվյալ հասցեում որևէ անձ հաշվառված չէ, ապա տվյալ բնակելի շինության կամ բնակարանի համար կարող է հաշվարկվել աղբահանության վճար մեկ բնակչի համար սահմանված դրույքաչափով: Ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի` մեկ քառակուսի մետր մակերեսի համար` առավելագույնը 25 դրամ:

Ավտոկայանատեղին կդառնա թանկ հաճույք

Պատգամավորները, 72 կողմ, 1 դեմ, 10 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեցին «Ավտոտրանսպորտային միջոցների կայանատեղերի տեղական տուրքի մասին» և մի շարք օրենքներում փոփոխություններ առաջարկող օրինագծերի փաթեթը: Մեքենան կայանելու համար վարորդներից գանձվող գումարի չափը կախված կլինի տվյալ վայրում տրանսպորտային միջոցի կանգառի ժամաքանակից` ժամից, օրից, շաբաթից ու ամսից: Օրենքի նոր նախագծով քաղաքապետարանի առաջարկությամբ սահմանվել է վճարման առավելագույն շեմը՝ 500 դրամ 1 ժամվա համար, յուրաքանչյուր 1 օրվա համար՝ մինչև 3000 դրամ: Կա նաև շաբաթական վճար՝ 6000 դրամ, ամսական վճար՝ 30 000 դրամ և տարեկան վճար՝ 120.000 դրամ: Տուրքը կտարածվի համայնքային նշանակություն ունեցող տարածքների, մասնավորապես` փողոցների և հրապարակների վրա: Համայնքներն իրենք են որոշելու կայանատեղերի տարածքներն ու տուրքերի չափերը: Օրենքով նախատեսված են գոտիներ, որտեղ կարգելվեն վճարովի կայանատեղերը, մասնավորապես` բնակելի տների բակերում: ՀՅԴ-ն ձեռնպահ մնաց օրենքը քվեարկելուց` նշելով, որ կան խնդրի վերաբերյալ մի շարք մտահոգություններ:

Վերադարձեք հայրենիք և ազատվեք քրեական հետապնդումից

Խորհրդարանը, 82 կողմ և 7 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ, ընդունեց «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը: Օրենքի գործողության ժամկետը երկարաձգելով մինչև 2011 թ. մայիսի 1-ը` ևս մեկ անգամ հնարավորություն է տրվում մինչև 2011 թ. աշնանային զորակոչը 27 տարին լրացած, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել համապատասխան վճարը, վերադառնալ հայրենիք և ազատվել քրեական հետապնդումից:

ԱԱՀից կազատվեն նաև գյուղատնտեսական տեխնիկա, թունաքիմիկատներ եւ սերմեր ներմուծող ընկերությունները

Ընդունվեց «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը: ԱԱՀ չվճարող ընկերությունների ցանկում կընդգրկվեն նաև բերքահավաքի, հողի մշակման համար տեխնիկա, կաթի վերամշակման սարքեր ներմուծող ընկերությունները: Նախքան գործող օրենքում փոփոխություններ մտցնելը, Հայաստանում ԱԱՀ-ի վճարումից ազատվում էին միայն կարտոֆիլի սերմ ներմուծող ընկերությունները:

Հարկային հաշվետվությունները` էլեկտրոնային եղանակով

Ընդունվեց «Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որի նպատակը հարկային օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները, այլ փաստաթղթերը և տեղեկությունները էլեկտրոնային եղանակով ներկայացնելու շրջանակը կարգավորելն է: Դա վերաբերում է նախորդ հաշվետու տարվա արդյունքներով 58.35 մլն դրամից ավելի ավելացված արժեքի հարկով  հարկվող շրջանառություն ունեցող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին: Պակաս շրջանառություն ունեցող ընկերությունները կարող են ինքնուրույն որոշել` էլեկտրոնայի՞ն, թե՞ ավանդական ձևով ուղարկել հաշվետվությունները: Օրենքն ուժի մեջ կմտնի հուլիսի 1-ից:

Այս պահին Ազգային ժողովը քննարկում է «Ընդերքի մասին» օրենքի նախագիծը, որը սահմանում է ընդերքօգտագործման կարգը: Էներգետիկայի նախարարը Ազգային ժողովում հայտարարել է, որ օրենքի ընդունումը հանքավայրերի շահագործման ոլորտում 3-4 միլիարդ դոլարի ներդրում իրականացնելու հնարավորություն կտա:

 

 

 

Դիտվել է 2070 անգամ:
Print Friendly

Leave a Reply