Տարեց կինն իր դժբախտությունների պատճառ է համարում մարդկանց կամ ինչպես պայքարել միայնակության դեմ
ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | Հայկուհի Բարսեղյան | June 28, 2011 11:00
«Ես պետք է աշխատեմ, ստաժ ունենամ, որ թոշակի անցնեմ: Իմ թոշակի տարիքին դեռ այնքա՜ն կա, ես շատ ջահել եմ, մի նայի սպիտակած մազերիս»,- ասում է 73-ամյա Սոնա Պետրոսյանը, որ միայնակ թոշակառու է, ունի 25 տարվա աշխատանքային ստաժ և ստանում է 21 700 դրամ կենսաթոշակ:
Սոնան չի ամուսնացել և հարազատներ էլ չունի. գոյատևում է միայն իր կենսաթոշակով: Ճաշը պատրաստում է 3 լիտրանոց գազի բալոնի վրա, դրանով էլ ձմռան ամիսներին տունն է ջեռուցում: Տանը ջրատար խողովակներ չունի, չի գործում նաև սանհանգույցը. ջուրը բերում է շենքի բակից, իսկ թե որտեղ է հոգում իր բնական կարիքները, ոչ ոք չգիտի: Ոչ ոք չգիտի, նաև, թե ինչով է կինը ողջ օրը զբաղվում, միշտ փակված է տանը, որտեղ անգամ հեռուստացույց չունի:
Ծնունդով Ներքին Գետաշեն գյուղից է: Աշխատել և ապրել է Հրազդան քաղաքում, իսկ ծերության օրոք արդեն հաստատվել է Մարտունիում: Սոնան հարևաններից ոչ մեկի հետ չի շփվում. ասում է, որ բոլորը չուզողություն են անում, իր վատն են ուզում:
Նրա կարծիքով` իր վատն են ուզում բոլորը. բողոքում է, որ վերևի հարևանները հատուկ իր տունը ջուր են լցնում, որ պարանին փռած շորերը գողանում են, ապակիները կոտրում: Թե նրա բողոքներից որն է հիմնավոր, որը ոչ` դժվար է ասել, սակայն առաստաղն ամբողջությամբ ջրի հետքերից քայքայված է և ծխից սևացած, պատուհաններն էլ ցելոֆանապատ են` ապակի չունեն:
Տատիկի խոսքով` ինքը միջնակարգ կրթությունն էլ չի ավարտել, դպրոց է գնացել մինչև 4-րդ դասարանը: Պնդում է նաև, որ երգչուհի է եղել, երկար տարիներ Երևանում համերգներ է ունեցել. «Որ ուզեմ, հիմա էլ կարամ երգեմ»:
Սրտի անբավարարություն ունի, նաև տեսողությունն է վատացել. ամեն ինչ մշուշոտ է տեսնում: Իր հիվանդություններն էլ համարում է մարդկանց չուզողության պատճառ ու պատմում, թե ինչպես են իր վատն ուզող մարդիկ իրեն արյուն ներարկել, որ սրտի խնդիրներ ունենա, թե ինչպես են հատուկ նյութով իր մազերը գունաթափել, որ ծեր տեսք ունենա և այլն:
Սոնայի միակ ցանկությունն այն է, որ իր փոքրիկի հետ լինի և խնամի նրան: Ըստ նրա` իր ընկերուհին, որի ամուսինը զոհվել է արցախյան ազատամարտում, երեխային իրեն է տվել ու ամուսնացել: Երեխային, սակայն, խնամում է Սոնայի եղբայրը. «Էս շըխկութըխկի մեջ ոնց պիտի երեխան ապրեր: Էսքան տարվա մեջ 2-3 անգամ եմ տեսել հազիվ, հրաշք աղջիկ ա»: Հարցին, թե քանի տարեկան է աղջիկը, Սոնան դժվարանում է պատասխանել. «Փոքր երեխա ա, էլի, չգիտեմ քանի տարեկան ա»:
73-ամյա կնոջ հարևաններն ասում են, որ իրենք ոչինչ երբևէ չեն լսել երեխայի մասին:
Հարևաններից Տաթևիկը պատմում է, որ իր մոտ հաճախ է միայնակ կնոջն օգնելու ցանկություն առաջանում, բայց նա հարևանների հետ լեզու չի գտնում, կռվում է, մեղադրում նրանց. «Երբ նրա հետ քիչ ես շփվում, լրիվ նորմալ մարդու տպավորություն է թողնում: Բոլորն էլ ասում են, որ բարդ մարդ է»:
ԵՊՀ ընդհանուր հոգեբանության ամբիոնի վարիչ Հրանտ Ավանեսյանն ասում է, որ միայնակությունը կարող է դրսևորվել բոլոր տարիքային խմբերում. ըստ միջազգային վիճակագրության` զարգացած երկրներում բնակչության 20 տոկոսը միայնակ է:
Թոշակառուների դեպքում, սակայն, զուգակցվում է սոցիալական և հոգեբանական միայնակությունը, ընդ որում, հոգեբանականը դառնում է սոցիալականի պատճառ: Եթե այլ տարիքային խմբերում միայնակությունը կարող է ունենալ կարճատև բնույթ, որոշակի հանգամանքների բերումով մարդը որոշակի ժամանակով սոցիալական միջավայրից կտրվել է, ապա թոշակառուների դեպքում ուրիշ է:
Ավանեսյանը վտանգավոր է համարում, երբ միայնակությունը վերածվում է օտարացման. մարդը կորցնում է այն բոլոր կապերը, որոնցով նախկինում ապրում էր. «Մարդուն հուզական ոլորտն է պաշտպանում միայնակությունից. նա պետք է զգա, որ սիրում է և սիրված է: Երբ մարդը շարունակում է սիրել, իսկ նրան սկսում են մոռանալ, սա արդեն բերում է հուզական միայնակություն»:
Միայնակությունը, սակայն, ոչ բոլոր մարդկանց կյանքում է վերածվում խնդրի. «Շատ դեպքեր կան, երբ մեծ տարիքում անգամ մենակ մնալով` սկսում են ստեղծագործել. գրում են, նկարում: Այս մարդիկ լուծում են գտնում, հուզական ոլորտի պակասը սկսում են լրացնել մի այլ բանով»:
Հոգեբանը միայնակությունը համարում է նաև սոցիալական խնդիր: Նա նմանեցնում է միջին դարերը և խորհրդային տարիները, երբ միայնակությունն այդքան ուժեղ չի դրսևորվել. «Մարդիկ ունեցել են կյանքի որոշակի սցենար, որը նույնիսկ իրենք չէին որոշում: Կյանքի սցենարը անձին ապահովվածություն էր տալիս, ինչն էլ նպաստում էր, որ մարդը միայնակ չլինի, շփվի այլոց հետ»: Այժմյան շուկայական հարաբերություններում ամեն բան նյութականացված է, այդ թվում և մարդկային հարաբերությունները:
«Ես մենակ եմ, բարեկամ չունեմ, իմ մասին հոգացող չկա» միտքը, հուզական ոլորտի խնդիրներից բացի, առաջացնում է նաև նյութական խնդիրներ, ինչն էլ անպաշտպանվածության զգացում է բերում:
Ավանեսյանը նշում է, որ ներկայիս ծերունիներն ապրել են երկու հասարակարգում. մարդիկ ունեցել են կյանքի սցենար մինչև 90-ականները, և հանկարծ այդ ամենը փոխվել է. «Փոփոխությունը հիմնականում ընդունեցին դրական և օպտիմիստական ակնկալիքներով, բայց շուտ հիասթափվեցին, ինչը շարունակվեց 15-20 տարի: Դա բերում է անպաշտպանվածության զգացողություն, և երևակայականը գալիս է լրացնելու կյանքի իմաստի փնտրտուքներն ու հիմնավորելու իրենց վիճակը»:
Հոգեբանը միայնակությունից խուսափելու համար կարևոր է համարում, որ մարդ գտնի իրեն համապատասխան սոցիալական միջավայր, որտեղ ինքը կլինի գնահատված և կգնահատի ուրիշներին:
Իսկ միայնակության մեջ հայտնված տարեցներին, ըստ Ավանեսյանի, կարելի է օգնել նրանց համար զբաղվածություն գտնելով. նրանք պետք է զգան, որ ինչ-որ մի բանով պիտանի են:
«Կենսաթոշակային տարիքի մարդկանց կյանքն այնպես է կառուցվում, որ նրանք հնարավորինս մեկուսացվում են հասարակությունից, մինդեռ ամեն թոշակառու մարդ անցել է կյանքի ճանապարհ, ունեցել է մասնագիտություն և արժանիքներ: Պետք է գտնել այն, ինչը այսօր կարելի է օգտագործել, փոխանցել ուրիշներին,- ասում է Ավանեսյանը:- Այդ մարդիկ ընդամենը ուզում են լինել լսված, մի քիչ սեր և ջերմություն ստանալ և ունենալ պիտանիության զգացում. գուցե մեկի համար գուլպա գործել, հեքիաթ պատմել և այլն»:
Մնում է գտնել, թե ով պետք է զբաղվի խնդրի լուծմամբ:








Facebook
Tweet This
Email This Post
