Օռլեանի կույսը կամ ոչ աղջկական կյանք

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | June 26, 2011 15:14

Սուրբ Ժաննա դ’Արկը ֆրանսիացիների ամենասիրված ու մեծագույն հերոսուհիներից մեկն է: Պատմաբան Ժյուլ Միշելի «Ֆրանսիացինե՛ր, եկեք միշտ հիշենք, որ մեր հայրենիքը երեխա է` ծնված կնոջ սրտով, քնքշությամբ, արցունքներով ու այն արյունով, որ նա է թափել մեզ համար» արտահայտությունը վկայում է «սրով կնոջ» հանդեպ ֆրանսիական հասարակության նվիրվածության մասին:

Նա ծնվել է 1412-ի հունվարի 6-ին ու խարույկի վրա ողջակիզվել 1413-ի մայիսի 30-ին: Ժաննան ընդամենը 19 տարեկան էր, երբ զոհվեց…

Երբ փոքր էր, Ֆրանսիայի մեծ մասը ղեկավարում էին Բուրգունդները` հզոր ազնվականների մի խումբ, ովքեր միավորվել էին անգլիացիների հետ` Ֆրանսիայում իշխանությունը գրավելու համար:

Երբ ժաննան 13 տարեկան էր, ասում էր, թե լսում է Սբ Կատերինայի, Մարգարիտայի ու Միքայել հրեշտակապետի ձայները: Նա պնդում էր, թե սրբերի ձայներն ասում են, որ ինքը պետք է Ֆրանսիային խաղաղություն բերի դոֆին Կարլոսի (թագաժառանգ ) օգնությամբ:

Ֆրանսիան փրկել հովվուհու սրո՞վ: Կարլոսի պալատական մերձավորները հրաժարվում էին հավատալ հասարակ ժողովրդի խոսակցություններին ու դոֆինին համոզում էին չհանդիպել Ժաննայի հետ: Սակայն երիտասարդ աղջիկը տարված էր իր երկրի փրկության գաղափարով ու չէր կամենում ապագա թագավորի հետ հանդիպումը ձգձգել:

Հավատն ու աղոթքներն օգնում էին աղջկան նախանշած ուղիով գնալ ու հավատալ իր առաքելությանը: Ժաննան համոզեց Կարլոսին, որ ինքը կարող է նրա զորքերին հաղթանակ պարգևել ու կարողացավ ոգեշնչել ֆրանսիացի զինվորներին, և նրանք համաձայնեցին մարտի գնալ Ժաննայի հետ. միասին ջախջախեցին անգլիացիներին, իսկ դոֆինը թագադրվեց` դառնալով Կարլոս VII: Ժաննայի ազատագրած Օռլեանը նրան մկրտեց Օռլեանի կույս անունով: Հաղթանակը մեծագույն հրաշք համարվեց, քանի որ ամենաբարդ նվաճումներից էր: Հետագայում թագավորը պայքարը շարունակելու Ժաննայի ձգտմանն ինչպես հարկն է, չաջակցեց, ու ֆրանսիական բանակը սկսեց պարտվել, իսկ Ժաննային Բուրգունդները գերի վերցրին: Դա թագավորի կողմից դավաճանություն էր, սակայն այդ փաստը նրան քիչ էր հուզում, քանի որ իր նպատակին հասել էր, իսկ բանակի վրա գումար ծախսել այլևս չէր կամենում: Հերթական մարտի ընթացքում թագավորի հպատակներից մեկը հրամայեց փակել դարպասները ու բարձրացնել ամրոցի շարժական կամուրջը, որտեղից դուրս էր եկել Ժաննայի ջոկատը: Ու ասպետները, որ պետք է միանային նրան, չկարողացան օգնել Ժաննային: Այդպես Ժաննան գերի ընկավ:

Նրան մեղադրեցին հմայության մեջ, քանի որ օժտված էր կանխագուշակելու անսովոր ունակությամբ: Ժաննայի դատավորները ֆրանսիացի հոգևորականներ էին, ովքեր պաշտպանում էին Բուրգունդներին ու անգլիացիներին: Դատավարության ժամանակ Ժաննան իրեն շատ համարձակ էր պահում:Նա մեղավոր ճանաչվեց ու դատապարտվեց մահվան:

1431-ին Ռուանի շուկայական հրապարակում Ժաննան ամբոխի ներկայությամբ այրվեց խարույկի վրա: 1455-ին գործը վերանայեց թագավորը ու որակեց այն սարքովի: Հռոմի պապ Կալիկստ III-ը հանձնաժողով կազմեց ու, վկաների ցուցմունքների հիման վրա, մեղադրանքի յուրաքանչյուր կետը հերքեց` հայտարարելով, որ Ժաննա դ’Արկը կախաղան է հանվել հանիրավի: 1920-ին կաթոլիկ եկեղեցին Ժաննային սրբադասեց ու այդ օրվանից նշում է նրա նահատակության օրը մայիսի 30-ին: Նրա մասին բազմաթիվ գրքեր, պիեսներ են գրվել, իսկ աղջիկները ցանկանում են նրան նմանվել, չնայած նրա կյանքն այնքան էլ աղջկական չէր…

 

Դիտվել է 5443 անգամ:
Print Friendly

Leave a Reply