Թիվ 1 ահաբեկիչը, կամ ո՞վ էր Ուսամա բեն Լադենը

ՄԱՐԴԻԿ, Շաբաթվա լուր | | June 27, 2011 15:09

Ուսամա բեն Մուհամմեդ բեն Ավադ բեն Լադենը ծնվել է 1957-ի հունիսի 28-ին, Էր Ռիյադում (Սաուդյան Արաբիա): Նա ընտանիքի 17-րդ երեխան էր, 52-ից: Նրա հայրը խոշոր շինարարական մագնատ էր և ուներ մի քանի կին: Մայրը բեն Լադենի հոր 10-րդ կինն էր (Ուսաման նրա միակ որդին էր): 80-ականների վերջին Ուսաման հորից` սաուդյան հաջողակ բիզնեսմենից ու 1931-ին հիմնված շինարարական Saudi ben Laden Group կայսրության տիրոջից, ժառանգեց 250 մլն դոլար, մինչդեռ նրա հայրը սևագործ բանվորից մինչև հաջողակ բիզնեսմեն ձգվող ուղին ինքնուրույն էր անցել, իսկ հարստությունն ու թագին հավատարմությունն օգնել էին նրան սերտ կապեր հաստատելու թագավորական ընտանիքի հետ: Այսօր Ուսամայի հոր թողած կարողությունը գնահատվում է 100 մլն-5 մլրդ դոլար: Բացի հորից ժառանգած փողից, Բեն Լադենը նաև աշխարհի բոլոր մայրցամաքներում մի շարք ֆիրմաների տեր դարձավ, ներառյալ Սուդանի Gum Arabik Compani Ltd., որն արտադրում է աշխարհի կաուչուկի 80%-ը: Բեն Լադենի միջոցների մեծ մասը Արևմտյան Եվրոպայի բանկերում է գտնվում` տարբեր անուններով ու զանազան բարեգործական հիմնադրամների քողի ներքո: Բեն Լադենն օգնել է թալիբներին փողերի լվացման գործում` դրա դիմաց ստանալով աֆղանական թմրավաճառքից գոյացած գումարի 2-10%-ը (դա մոտավորապես տարեկան 133.000- 1 մլրդ դոլար է կազմում):

1979-ին Ուսամա բեն Լադենն ավարտել է Ջիդայի Աբդել Ազիզա թագավորի անվան համալսարանի տնտեսագիտության մենեջմենթի ֆակուլտետը: 1979-1989 թթ.` Աֆղանական պատերազմի ժամանակ, կռվել է աֆղանների կողմից ԽՍՀՄ «սահմանափակ մայրցամաքի» զորքերի դեմ: 80-ականներին պաղեստինցի` «Մահմեդական եղբայրներ» կազմակերպության անդամ Աբդալլա Ազզամի հետ ստեղծեց «Մաքթաբ ալ Խադամաթ» (ծառայությունների վարչություն)` աֆղան ընդդիմադիրներին փողով ու զինուժով ապահովելու նպատակով: Այդ վարչությունը ողջ աշխարհում բացեց իր կենտրոնները, մասնավորապես ԱՄՆ-ում, Սաուդյան Արաբիայում, Պակիստանում ու Եգիպտոսում մարդկանց հավաքագրելու նպատակով, ու ավելի քան 50 երկրից 1000 մարդ հավաքագրեց ԽՍՀՄ-ի դեմ պայքարելու համար: Վարչությունը Աֆղանստանում ու Պակիստանում զինապարտների ճամբարներ էր կազմակերպում ու ֆինանսավորում: 1989-ին Բեն Լադենը վերադարձավ ընտանեկան շինարարական կապալառուական բիզնես` Ջիդայի շտաբով: Սակայն նրա կազմակերպությունը շարունակում էր օգնել ընդդիմադիրների շարժմանը Սաուդյան Արաբիայում ու Եմենում: Բեն Լադենի հակակառավարական գործունեությունը 1991-ին ստիպեց Սաուդյան իշխանություններին նրան երկրից արտաքսել: Նա տեղափոխվեց Սուդան: 1996-ի օգոստոսի 23-ին Ուսամա բեն Լադենն առաջին անգամ հայտարարեց (արտաբերեց ֆատվա), որ յուրաքանչյուր մահմեդականի սրբազան պարտքն է արտասահմանում վերացնել ամերիկյան զինվորներին: 1998-ին երկրորդ ֆատվայում Բեն Լադենը հայտարարեց, որ «ամերիկացիների ու նրանց դաշնակիցների` թե՛ զինվորականների և թե՛ քաղաքացիական անձանց վերացնելը յուրաքանչյուր մահմեդականի պարտքն է, ով ի վիճակի է այդ իրականացնել ցանկացած երկրում, ուր հնարավոր է»:

1996-ին Բեն Լադենը Սուդանից արտաքսվեց` հիմնականում տեղի տալով ԱՄՆ-ի հետևողական խնդրանքին ու ՄԱԿ-ի սպառնալիքներին: Մեկ ամիս անց նա հանգրվանեց Աֆղանստանում, ուր և շարունակեց իր ծայրահեղական գործունեությունը:

1998-ի մայիսի 28-ին բեն Լադենը հայտարարեց «խաչակիրների ու հրեաների դեմ սրբազան պայքարի միջազգային իսլամական ճակատ» ստեղծելու մասին: Դա խմբավորումներ միավորող կազմակերպություն էր, որն արևմտյան ժողովրդավարությունն ու առաջին հերթին ԱՄՆ-ին դիտում էր որպես գլխավոր գաղափարական հակառակորդ: Նրանց գործունեությունն ուղղված էր միջազգային կարգի դեմ, որտեղ իսլամը ստորադաս դիրք էր գրավում: Նրանք մերժում էին մահմեդական երկրներում աշխարհիկ վարչակարգերի լեգիտիմությունը: Նրանց գերխնդիրն ԱՄՆ-ին նույնպիսի հարված հասցնելն էր, ինչպիսին ԽՍՀՄ-ին` աֆղանական իրադարձությունների ժամանակ: Նրան միացան մի քանի իսլամական շարժումներ, այդ թվում` «եգիպտական ջիհադը»: Հրեաների ու խաչակիրների դեմ սրբազան պատերազմի իսլամական ճակատը իսլամական ահաբեկչական խմբավորումների խախուտ դաշինք էր: Ավելի հաճախ խոսում են Բեն Լադենի մեկ այլ կազմակերպության` «Ալ-Քաիդայի» («հիմք») մասին, որտեղ հարաբերությունները մինչև վերջ պարզ չեն: «Ալ Քաիդան» ստեղծվել է 1988-ին ու հնարավոր է,  անվանումն առաջացել է Բեն Լադենի պանդոկներից մեկի անունով, ուր գրանցում էին Աֆղանստան ուղարկվող մոջահեդներին: Այդ գրառումներն օգնեցին Բեն Լադենին կապ պահպանել ողջ աշխարհի իսլամի մարտիկների հետ:

Բեն Լադենը կասկածվում էր մի շարք ահաբեկչությունների մեջ:

–  Պայթյուն 1993-ի փետրվարի 26-ին,  Միջազգային առևտրի կենտրոնում, որն ԱՄՆ-ի  համար աննախադեպ  ահաբեկչություն էր իր մասշտաբով: 6 մարդ զոհվեց, 1000-ը վիրավորվեց: 1994-ին ահաբեկչության չորս կազմակերպիչները կալանավորվեցին ու դատապարտվեցին 240 տարի ազատազրկման` յուրաքանչյուրը:

– 1995-ի նոյեմբերի 13-ին պայթուցիչով ավտոմեքենան  Ռիյադում` Սաուդյան Արաբիայի ազգային գվարդիայի մարզասրահի կենտրոնի մոտ պայթեց, ինչի հետևանքով զոհվեց 5 ամերիկացի, 2 հնդկացի, 60-նն էլ վնասվածքներ ստացան (ի թիվս որոնց 34-ը` ամերիկացի):

1996-ին Դահրանում հարձակման թիրախ դարձան ԱՄՆ օդուժի զորամասերը: 19 մարդ սպանվեց, 300-ը վիրավորվեց: Հարվածը հասցվել էր ծանր բեռնատարով, որից վերջին պահին երկու մարդ էր դուրս թռել: Պայթյունի տեղում 10 մ խորությամբ ռմբափոս էր գոյացել: Վնասվել էին նաև 5 կմ շառավղով մոտակա տները:

– Լուքսորի տաճարում էքսկուրսիայի մասնակիցների գնդակահարությունը (Եգիպտոս), որ տեղի է ունեցել 1997-ի ձմռանը: Կատարողները նույնպես սպանվեցին նույն տեղում «չպարզված հանգամանքներում»: Դրանից հետո հարավային Եգիպտոսի յուրաքանչյուր խաչմերուկում ավտոմատակիրներ հայտնվեցին, իսկ տուրիստներն էլ պարեկային ուղեկցությամբ են ճանապարհորդում:

Բեն Լադենի անունը տարածվեց Նայրոբիում (Քենիա) և Դար էս Սալամում (Տանզանիա) 1998-ի օգոստոսի 7-ին ամերիկյան դեսպանատների մոտ իրականացրած պայթյուններից հետո: Զոհվեց 257 մարդ (12-ը` ամերիկացի), 5 հազարը վիրավորվեցին: Կատարված բոլոր դեպքերի հետաքննության հետքերը բերում են Բեն Լադենի մոտ: Ամերիկյան հատուկ ծառայությունները նրան հայտարարեցին «թիվ 1 ահաբեկիչ» ու նրան հայտնաբերելու և բռնելու վերաբերյալ տեղեկություն տրամադրողին խոստացան 5 մլն դոլար գլխագին: Իսկ թե ինչ կատարվեց 2001-ի սեպտեմբերի 11-ին, բոլորը գիտեն: ԱՄՆ-ը շատ երկրների ներկայացրեց մի շարք ապացույցներ այն բանի, որ Բեն Լադենն էր կազմակերպիչը հրեշավոր ակտի, որն իր ծավալներով ու զոհերի թվով նմանը չի ունեցել: Թիվ 1 ահաբեկչին վերացնելու մի շարք փորձեր արվեցին ու, վերջապես…

Այս տարվա մայիսի 2-ին ԱՄՆ հատուկ ծառայություններին հաջողվեց վերացնել «թիվ 1 ահաբեկիչ» հռչակված Ուսամա բեն Լադենին: Նրան ոչնչացրին, իսկ մարմինը հանձնեցին ծովին:

 

Դիտվել է 1190 անգամ:
Print Friendly

Leave a Reply