Բալկանյան խճանկար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Շաբաթվա լուր | | June 24, 2011 7:00

Այսօր գլոբալացվող քաղաքակիրթ Եվրոպան փորձում է համընդհանուր ստանդարտներ ստեղծել` ընդհանուր դրամական միավոր, բաց սահմաններ, միասնական մշակույթ…

Շատ երկրներ ձգտում են միանալ միասնական Եվրոպայի այդ ծրագրին: Դրանց շարքում ամենահետևողականը թերևս մեր հարևան Թուրքիան է, որ արդեն շուրջ երկու տասնամյակ սիրախաղ է սկսել եվրոպական գերտերությունների հետ` եվրոպական ընդհանուր ընտանիք մտնելու համար: Սակայն Թուրքիայի մուտքը դեպի Եվրոպա վտանգավոր է հենց եվրոպական հանրության համար: Բացել դռները Թուրքիայի առաջ նշանակում է հանդուրժել Եվրոպայում շուրջ 70 միլիոն մահմեդականների ներկայությունն ու ինտեգրումը` էթնիկ-մշակութային լուրջ հետևանքներով:

Այս մասին գերտերությունների ղեկավարները բազմիցս են հայտարարել: Սակայն դա չխանգարեց, որ եվրոպական երկրների օգնությամբ ոչնչից վեր հառներ Եվրոպայում երկրորդ մահմեդական պետությունը` Կոսովոն: Իսկ մինչ այդ առաջին և միակ մահմեդական երկիրը եվրոպական մայրցամաքում Ալբանիան էր: Ալբանացիները, որ Եվրոպայի ամենահին ժողովուրդներից են, դեռ XV դարում իսլամ ընդունեցին:

Բալկաններն ու Կովկասը թերևս աշխարհի ամենախառը էթնիկ ազգաբնակչությամբ տարածաշրջաններն են: Այստեղ բախվում են ազգային, կրոնական, էթնիկ շահեր: Սակայն շատ նմանություններով հանդերձ, այս տարածաշրջանները էապես տարբերվում են միմյանցից իրենց պատմությամբ ու խնդիրներով:

Իսկ Բալկանների մահմեդականացման սկիզբն այսպես եղավ.

եթե այսօր նայենք նախկին Հարավսլավիայի էթնիկ և կրոնական քարտեզներին, հազիվ կարողանանք գլուխ հանել շփոթից: Բնակչության էթնիկ և կրոնական տարանջատումը ոչ մի աշխարհագրական տրամաբանության չի ենթարկվում: Իսկ ամեն ինչ սկսվել է XV  դարից…

Օսմանյան թուրքերը, գրավելով Բալկանյան թերակղզին, այստեղ ազգային ու կրոնական զտման և ձուլման քաղաքականություն վարեցին: Եվ արդյունքը երկար չսպասեցրեց. XVI դարի սկզբին` օսմանյան նվաճումից շատ չանցած`  Ալբանիայի մեծ մասն ու Սերբիայի հարավային հատվածն արդեն իսպառ մահմեդականացած էին: Ալբանիան օսմանյան թուրքերի համար կարևոր ռազմավարական նշանակություն ուներ, և Բ. Դուռն ամեն ինչ անում էր այնտեղ արագ հաստատվելու համար: Սակայն առնաուտները (ալբանացիներ) հեշտ չէին հանձնվում:

Առնաուտների պայքարը թուրքական ներխուժման դեմ ղեկավարում էր Սկանդերբեգը (Գեորգ Կաստրիոտի):

Դեռևս 1443 թ. նա առաջնորդեց առնաուտներին  հակաթուրքական ապստամբության ժամանակ, ջախջախեց թուրքական բանակը, դաշինք կնքեց Հունգարիայի թագավորության հետ և փաստացի դարձավ Ալբանիայի միահեծան տիրակալը: Սուլթան Մահմեդ Բ-ն ստիպված էր հաշտվել կատարվածի հետ, որ անգամ Կ. Պոլսի առումից հետո դաշինք կնքեց առնաուտների հետ:

Սակայն ստեղծված իրավիճակը ձեռնտու չէր թուրքերին, և որոշ ժամանակ անց նոր պատերազմ սկսվեց: Պայքարի առաջին գծում դարձյալ Սկանդերբեգն էր: Նա ազգային ազատագրական պայքարին տվեց կրոնական շղարշ և արժանացավ եվրոպական տիրակալների և Հռոմի պապի աջակցությանը: Վերջինս Սկանդերբեգին անվանում էր «Քրիստոնեության մարտիկ»: Ալբանիայում և հատկապես Ադրիատիկ ծովի ավազանում Թուրքիայի շահերը բախվում էին հատկապես Վենետիկի Հանրապետության շահերին: Շուտով պարզ է դառնում, որ երկու պետությունների միջև բախումն անխուսափելի է:

Վենետիկի Հանրապետությանը պաշտպանում էր նաև Հունգարիան, որի թագավոր Մատվեյ Կորվինը դաշինք էր կնքել հանրապետության հետ: Այստեղ փոքր չէր նաև Հռոմի պապ Պիոս Բ-ի դերը, որ կոչ էր անում եվրոպական տերություններին խաչակրաց արշավանքի ելնել Օսմանյան կայսրության դեմ: Դաշնակիցներին ներսից պիտի օգնություն ցույց տար առնաուտ իշխան Սկանդերբեգը, որի իշխանությունն ընդգրկում էր Ալբանիայի և Մակեդոնիայի մի մասը: Նա մեծ հեղինակություն և համարում ուներ ողջ Բալկաններում:

1463 թ. դաշնակից բանակները հարձակման անցան թուրքերի դեմ: Սկանդերբեգը դաշնակից բանակներով կարողացավ մի քանի հուժկու հարվածներ հասցնել թուրքերին` ջախջախելով նրանց բանակները: Սուլթան Մահմուդ Բ-ն մեծ զորք հավաքեց, պատրաստվեց վճռական պատերազմի, բայց պատերազմն անսպասելի հանգուցալուծում ունեցավ. մալարիայից մահացավ առնաուտների քաջ առաջնորդը: Սրանով պատերազմը, ըստ էության, ավարտվեց, քանզի հունգարացիներն ու Վենետիկն անկարող էին առանց ալբանացիների աջակցության տեղում պատերազմել թուրքերի դեմ, իսկ ալբանացիների շարքերն իրենց զորավարի մահից հետո նոսրացան: Սկանդերբեգի մահից հետո Ալբանիան ամբողջովին ընկավ թուրքական տիրապետության և ազդեցության տակ:

Սկանդերբեգի հետ ոչ միայն մեռավ Ալբանիայի անկախությունը, այլև Ալբանիան կորցրեց իր կրոնն ու իսլամականացավ: Քաղաքական անկախության բացակայությունը շատ արագ զգացնել տվեց, և ընդամենը մեկ հարյուրամյակ անց Ալբանիան լրիվ իսլամական երկիր էր:

Մինչդեռ Ալբանիան աշխարհի հնագույն քրիստոնեա երկրներից է: Քրիստոնեությունն այստեղ թափանցել է Հունաստանից V դարում: Ալբանացիները քրիստոնյա-քաղկեդոնիկ էին, սակայն 1204 թ. խաչակիրների կողմից Կոստանդնուպոլսի գրավումից հետո, նաև Վենետիկի Հանրապետության ազդեցության տակ Ալբանիայում գերիշխող դարձավ կաթոլիկությունը: Իսկ XV դարի վերջից սկսվեց Ալբանիայի արագ իսլամականացումը: Օսմանյան թուրքերը, որ հեռուն գնացող պլաններ ունեին Բալկաններում, խելամիտ քաղաքականություն վարեցին առնաուտների նկատմամբ: Նրանք տնտեսական, քաղաքական ճնշումներ չկիրառեցին. ընդհակառակը` ալբանացի տարրը դարձրին իրենց հենարանը Բալկաններում: Բարձր դուռը իսլամն ալբանացիների համար դարձրեց այն բանալին, որով նրանք կարող էին ինտեգրվել թուրքական հասարակությանն ու բարձրանալ իշխանության աստիճանասանդուղքով:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

 

Դիտվել է 1408 անգամ:
Print Friendly

Leave a Reply