Մարտակերտը վերքեր է բուժում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 27, 2011 7:00

18 տարի առաջ՝ 1993 թ. հունիսի 27-ին, հայ ազատամարտիկներն ազատագրեցին մեկ տարի առաջ ադրբեջանական բանակի կողմից գրավված Մարտակերտ քաղաքը, թեև քաղաքի ազատագրման մարտական գործողություններն ավելի վաղ՝ հունիսի 10-ից էին սկսվել: Գրավելով ռազմավարական մի քանի բարձունք,ինչպես նաև պաշտպանական դիրքեր, մեր մարտիկները, հունիսի 21-ին ոչնչացնելով հակառակորդի Բոյահմեդլի և Փափրավենդ հենակետերը, հունիսի 26-ին արդեն գրավեցին Պուշկին յալ կոչվող ռազմավարական բարձունքը, որն իշխող դիրք  ուներ ինչպես շրջկենտրոնի, այնպես էլ հարևան գյուղերի վրա: Հաջորդ օրն արդեն Մարտակերտը թուրքաթափ եղավ:

Մարտակերտն արևելքից սահմանակից է Աղդամին, որը դեռ նոր պիտի ազատագրվեր (1993 թ. հուլիսի 23), հարավում Ասկերանի շրջանն է, արևմուտքում՝ Քաշաթաղն ու Քարվաճառը, իսկ հյուսիսում՝ բռնազավթված Շահումյանը, որի անկման խուճապն էլ, Մարտակերտ հասնելով, տեղահանեց նաև սրանց:

1992 թ. հունիսի 16-ին Մարտակերտի շրջանային հիվանդանոցի գլխավոր բժիշկը հիվանդանոցը տեղահանելու հրաման ստացավ: Բժիշկն էլ իր հերթին հիվանդանոցը տարհանելու հրաման տվեց:

–           Ո՞ւր,- լինում է առաջին հարցը:

–           Կուսապատ:

Իսկ հունիսյան այդ օրերին հիվանդանոցը լիքն էր հիվանդներով:

Կուսապատում հիվանդանոցի համար դպրոցի շենքն էր ընտրված:  Ասեմ, որ Կուսապատը Մարտակերտից 10 կմ հեռավորություն ուներ և թիկունք էր համարվում: Այդ ու դրան հաջորդող օրերին իրենց շեները շատերը թողեցին:  Կուսապատում տեղակայված հոսպիտալի խաղաղությունը խախտեց ինքնաթիռի հռնդյունը: Դպրոցի շենքից 50-60 մետր հեռավորությամբ գտնվող ժայռը փուլ եկավ ռումբի պայթյունից: Ջարդվող ապակիները  լցվեցին ամառային տոթից, դեղորայքի հոտից շնչահեղձ հիվանդասենյակները: Փլվեց տանիքը: Նոր վիրավորներ եղան: Նորից խուճապ սկսվեց:  Հոսպիտալը նորից տեղափոխվեց:  Թե Կուսապատից Դրմբոն ձգվող անբարեկարգ ճանապարհն ինչպես մի քանի ժամում անցան, շատերն այդպես էլ գլխի չընկան: Իսկ դա 1992 թ. հուլիսի 4-ին էր: Գնացողներն այդպես էլ չիմացան,  որ իրենց հետևից գալիս է նաև  Մարտակերտի ժողովուրդը: Մեկը՝ սայլով, մյուսը՝ տրակտորով, ոտքով: Մարդիկ խառնված դուրս եկան իրենց տներից՝ իրենց ողջ ունեցվածքը, ինչպես Շահումյանում, թողնելով չգիտես ում:

1992 թ. հուլիս-օգոստոս ամիսներին մահաբեր խորշակը ցիրուցան արեց գրեթե ողջ Մարտակերտը, բացառությամբ Խաչենի ձորակի մի քանի գյուղի: Վաղուհաս գյուղը, որն այդ պատերազմում 53 զոհ տվեց, որոնցից 6-ը` խաղաղ բնակիչ,  ասես պատերազմի թատերաբեմ էր դարձել: Գյուղը մի քանի անգամ ձեռքից  ձեռք անցավ: Բնակիչները Վանք, Զագլի տեղափոխվեցին, իսկ պաշտպանները՝ մերձակա Ղլին և Տզանուտ կոչվող բարձունքները: Արցախի ու Գանձասարի փրկության համար փրկօղակներ դարձան, մի կողմից, Վաղուհասը, մյուս  կողմից՝ Կիչանի, Չլդրանի, Առաչաձորի անտառային հատվածները,  որտեղ էլ կենաց մահու կռիվներ մղվեցին: Շատերը զոհվեցին, այդ թվում նաև մտավորական, գրող, պատգամավոր Սամվել Շահմուրադյանը: Արցախյան գոյամարտում ամեն զինվոր իր օրն ունի: Սամվելի օրն էլ 1992 թ. սեպտեմբերի 11-ն  էր: Նա զոհվեց, որ Գանձասարն իր հոգին  չտա:  Ու չտվեց:

Այսպես պատերազմական իրադարձություններով աշունն անցավ, մշուշվեցին, ճերմակ ամպեղեն քողով պատվեցին Արցախ աշխարհի լեռները: Օրերը խոնավ ու ցուրտ դարձան: Ցրտեցին նաև մարտակերտցիների դատարկ օջախները: Նրանք ոչ մի կերպ չէին հաշտվում իրենց կորուստների հետ: Եվ ահա 1993 թ. հունվարից սկսվեց մեր ուժերի շեշտակի գրոհն այդ ուղղությամբ: Եվ եթե Քարվաճառի ազատագրման խնդիրը  չլիներ, Մարտակերտն ավելի վաղ կազատագրվեր: Ասեմ, որ մարտի 25-ին սկսվեց պատմական Քարվաճառի ազատագրման մարտական գործողությունը, որն ավարտվեց ապրիլի 1-ին: Իսկ երբ տղաները հաղթանակած վերադարձան Քարվաճառից, Պուշկին յալի տեղամասում այդպես էլ չգտան իրենց մարտական ընկերներին, որոնց մեջ էր նաև ստեփանակերտցի Արփիկ մայրիկի միակ որդին՝ Հրաչիկը: Մայրը մինչ օրս սպասում է որդու վերադարձին:

Թեև թշնամու ոտքը Արցախի սիրտը համարվող Գանձասար չմտավ, բայց մարմինը, այնուամենայնիվ, բզկտվեց: Արդեն 18 տարի է, ինչ շրջանը բուժում է իր վերքերը, բայց հավանաբար մի այդքան էլ պետք կլինի…

 

 

 

Ամալյա ԵԴԻԳԱՐՅԱՆ

 

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply