Ապրելով բոլորի հոգսերով

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | June 30, 2011 7:00

Թեև Լյովա Հովհաննիսյանն օրերս  թևակոխել է յոթերորդ տասնամյակը, սակայն եռանդը տեղն է, որպես Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահի խորհրդական` ապրում է հայկական բռնցքամարտի հոգսերով, նոր ծրագրեր կազմում: Իսկ սպորտում Հովհաննիսյանն ուշագրավ ճանպարհ է անցել:

Պատանեկան տարիքում զբաղվել է մարմնամարզությամբ, երեք տարի կանոնավոր պարապմունքների է հաճախել Երևանի դպրոցականների պալատում: Ու թեև դարձել է դպրոցականների հանրապետական սպարտակիադայի 3-րդ մրցանակակիր, լրացրել  առաջին կարգայինի նորմը, փոքր-ինչ գիրուկ ոտքերը խանգարում էին նրան  նժույգի վրա վարժությունները կատարելիս: Թերևս այդ էր պատճառը, որ թողեց մարմնամարզությունը և Հայաստանի հավաքականի մարզիչ Սարգիս Վարդանյանի  ղեկավարությամբ սկսեց ըմբշամարտի  գաղտնիքները բացահայտել: Մարմնամարզությամբ պարապելով` ֆիզիկական լավ պատրաստականություն էր ձեռք բերել և առանց մեծ ջանքերի հաղթում էր իր տարեկից ըմբիշներին: Իսկ մեծահասակների մրցումների ժամանակ արդեն դժվարությունների է հանդիպում:

Որոնումների մեջ էր, մի տեսակ իրենը չէր գտնում: Ճանաչված ֆուտբոլի մասնագետ Հովսեփ Ասատրյանի խմբում ֆուտբոլով է զբաղվում: Բավականին ուշացումով`  արդեն երիտասարդական տարիքում` 1958-ից, «Աշխատանքային հերթափոխ» մարզընկերությունում բռնցքամարտի այբուբենին է ծանոթանում. պարապում էր մարզիչ Վիլեն Ղայֆեջյանի խմբում: Հաջողությունները սկսում են հաջորդել, և նա անդավաճան մնաց այդ  մարզաձևին: Դարձավ Հայաստանի յոթակի չեմպիոն, ԽՍՀՄ ուսանողական խաղերում ուժեղագույն  ճանաչվեց, Համամիութենական արհմիութենական մարզընկերությունների կենտխորհրդի առաջնության չեմպիոն  հռչակվեց, արծաթե մեդալակիր: ԽՍՀՄ գավաթի խաղարկությունում Արհմիությունների հավաքականի կազմում էլ հաղթող և արծաթե մեդալակիր դարձավ:

Իսկ 1972-ից մարզչական աշխատանքի անցնելով` արդեն մեկ տարի անց «Աշխատանք» մարզընկերությունում բռնցքամարտի դպրոց  հիմնեց և այն 15 տարի գլխավորեց: Այդ մարզօջախի սաների թվում տիտղոսակիրները շատ են: Մասնավորապես` ամենահայտնին` Նշան Մունչյանը, դարձել է Եվրոպայի, աշխարհի չեմպիոն, Բարի կամեցողության խաղերի հաղթող: Սակայն մարզիչ Հովհաննիսյանի աշակերտներից լավագույնը Խորեն Ինջեյանն է, որ դարձել է Եվրոպայի երիտասարդների,  ԽՍՀՄ և ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայի հաղթող, Եվրոպայի մեծահասակների առաջնության բրոնզե մեդալակիր, աշխարհի գավաթի խաղարկության արծաթե մեդալակիր և այլն:

Վարդանյանը տարբեր պաշտոններ է վարել. եղել է Հայաստանի արհմիութենական մարզընկերության հանրապետական խորհրդի փոխնախագահ, Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության գլխավոր մասնագետ, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի  նախագահի խորհրդական:

Ուշագրավ է, որ 1994-ից նա Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի պարտականություններ է կատարում և այդ ընթացքում կազմակերպության  չորս նախագահի հետ է աշխատել: Ընդ որում, բոլորն էլ ճանաչված դեմքեր են` ՀՀ ՆԳ փոխնախարար Ռոմիկ Կարապողոսյանը, ՀՀ ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը, ՀՀ  ՆԳ նախարար Հայկ Հարությունյունը, Երևանի մարզահամերգային համալիրի   սեփականատեր Արման Մուրադյանը: Հովհաննիսյանը նրանց հետ կապված հիշողություններ շատ ունի:  Ի դեպ, ֆեդերացիայի ընտրովի նախագահներից ժամկետից շուտ հրաժարական է տվել միայն Սիրադեղյանը, իսկ պատճառն այն էր, որ մեր բռնցքամարտիկները հաջող չէին մասնակցել 1996-ի օլիմպիական խաղերին: Գլխավոր  քարտուղարի պաշտոնում նա մնաց մինչև վերջերս, երբ այն վերացվեց:

Հետաքրքիր է, թե ինչու Հովհաննիսյանը երբեք Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ չի աշխատել: «Աշխատանքը միշտ ինձ համար առաջնային է եղել, անձնական խնդիրներից բարձր: 1979-ին փոքր տղաս` մեկամյա Բագրատը, աղիքային  ծանր հիվանդություն էր տանում, սակայն չմնացի Երևանում, սաներիս հետ ուսումնամարզական հավաքի մեկնեցի, որպեսզի մրցումներում Հայաստանի պատիվը բարձր պահենք: Եվ Ինջեյանը հաղթեց ԽՍՀՄ ժողովուրդների սպարտակիադայում` նոկաուտի ենթարկելով Եվրոպայի չեմպիոն Ուլյանիչին: Հավաքականը գլխավորելու առաջարկներ եղել են, սակայն կազմակերպչական աշխատանքի ընթացքում ոչ թե մեկ թիմի, այլ բոլորի  խնդիրներով եմ զբաղվում, ավելի օգտակար եմ գտնվում»,- ասաց Հովհաննիսյանը:

 

 

 

Դիտվել է 881 անգամ:
Print Friendly

Leave a Reply