Կամուսնանա տակտիկական սխալից հետո

Հարցազրույց | | հունիսի 25, 2011 7:00

Գերմանիայում բնակվող հանրածանոթ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամն այս օրերին Հայաստանում է: Սովորաբար նա հաղթանակներից հետո էր հայրենիք այցելում, պատմում տպավորությունները, իսկ այս անգամ Երևանում է «Super Six World Boxing Classic» մրցաշարում անցկացրած չորս հանդիպումից երեքում պարտվելուց հետո: Ահա ինչու, հանդիպելով ճանաչված բռնցքամարտիկին, նախ հարցրինք իր վերջին` Անդրե Ուորդից կրած պարտության պատճառի մասին:

– Մրցամարտը լավ  սկսեցի, բայց ընթացքում տակտիկական սխալ գործեցի: Ավելի շատ փորձում էի պաշտպանվել, որպեսզի վերջում մրցակցիս անակնկալի բերեմ և նոկաուտով հաղթեմ: Ցավոք, դա չստացվեց, և նա միավորներով առավելության հասավ: Գիտեի, որ եթե Ամերիկայում մրցակցիս նոկաուտի չենթարկեմ, ապա միավորներով հաղթանակն ինձ չեն շնորհի: Այդպես էլ միավորներով Ուորդը հաղթեց: Ես էլ չէի ուզում, բայց ինչ կարող ես անել, այդպես ստացվեց:

– Մարտավարության ի՞նչ սխալի մասին է խոսքը, դրա ընտրության հարցում ո՞վ է մեղավոր: Այն մարզիչը չի՞ ընտրում:

– Մրցակցիս ձեռքերը երկար էին, նաև բարձրահասակ էր: Երբ ձեռքերս բարձրացնում էի, հարվածում, արդյունքն այն չէր: Այդ քաշային կարգի մարզիկին հոգնեցնելու փորձն արդյունք չտվեց: Ես սովոր չեմ իմ սխալներն ուրիշների վրա բարդել: Իհարկե, եթե հաղթում եմ, ապա դա իմ և մարզչիս աշխատանքի արդյունքն է: Պարտության դեպքում էլ, թերևս, սխալը երկուսինս է` իմը և մարզչինս` Ուլի Վեգներինը:

– Ամերիկայում մրցամարտերի ժամանակ միավորներով հաղթելու համար շա՞տ են բարդությունները:

– Դժվարություններ կան: Կազմակերպիչներն այնպես են անում, որ կողային մրցավարները միշտ լինեն ամերիկացի: Ստեղծվում են նաև այլ խնդիրներ: Դա ներքին խոհանոց է, շատերը տեղյակ չեն, թե ինչ է արվում կուլիսների ետևում:

– Այդ դեպքում ինչքանո՞վ էր նպատակահարմար մրցումների համար Ամերիկա մեկնել:

– Նախապես էր որոշված, պայմանագրեր էին կնքվել: Եթե չգնայի, ապա երկու տարի զրկված կլինեի հանդիպումներ անցկացնելու հնարավորությունից: Դա ինձ համար մեծ կորուստ կլիներ:

– Հնարավո՞ր է, որ հետո փորձես վերականգնել սասանված մարզական հեղինակությունդ:

– Իհարկե, Հայաստանում կանցկացնեմ 3-4 շաբաթ: Այդ ընթացքում օրգանիզմս էլ կթոթափի հոգնածությունը: Ապա կմեկնեմ Գերմանիա և որակավորման 2-3 մրցամարտեր կանցկացնեմ: Դրանից հետո կմասնակցեմ աշխարհի առաջնությանը: Դա կլինի հաջորդ տարվա վերջին կամ կեսին: Կոնկրետ ասել չեմ կարող, քանի որ ժամկետը որոշված չէ: Իսկ առաջին հանդիպումը կանցկացնեմ  երեքուկես ամիս հետո:

– Նույն քաշային կարգո՞ւմ ես մնալու:

– Այո: Միջին քաշային կարգում ես շուրջ 30 հանդիպում եմ անցկացրել, հաղթել բոլոր մրցակիցներին, աշխարհի չեմպիոն դարձել, 12 անգամ պաշտպանել այդ տիտղոսը: Այժմ էլ փորձելու եմ նույն փառքին հասնել, չեմպիոն դառնալ գերմիջին քաշային կարգում:

– Ովքե՞ր են լինելու նոր մրցակիցներդ:

– Դեռևս հայտնի չէ:

– Ծրագրեր կազմո՞ւմ ես, թե ինչ ես անելու ռինգին հրաժեշտ տալուց հետո:

– Մտահղացումներ կան: Արդեն այդ մասին  խոսել եմ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ: Մտադիր եմ Հայաստանում որոշ ծրագրեր իրականացնել, հիմնել բռնցքամարտի դպրոց, որի սաները անգլերեն և գերմաներեն կսովորեն: Եթե բռնքամարտիկը օտար լեզվի չտիրապետի, հնարավոր է, որ Հայաստանում նվաճումներ ունենա, սակայն միջազգային ասպարեզում չի կարողանա արդյունքի հասնել: Բայց դա կլինի մի քանի տարի հետո, քանի որ ներկայումս ինձ լիովին նվիրել եմ իմ աշխատանքին: Առայժմ միայն փորձում են հնարավորինս օգնել Հայաստանի բռնցքամարտիկներին: Այս անգամ էլ դատարկաձեռն չեմ եկել և  «Ադիդաս» ֆիրմայի 100 հազար եվրոյի արժողությամբ մարզագույք եմ նվիրելու Վլադիմիր Ենգիբարյանի անվան  բռնցքամարտի դպրոցին, որի սանն եմ եղել չորս տարի, պարտքի զգացում ունեմ: Ինքս «Ադիդաս» ֆիրմայի ձեռնոցներով եմ հանդես գալիս, ֆիրման հովանավորում է:

– Ներկայումս Հայաստանում բռնցքամարտն ի՞նչ վիճակում է:

– Հայաստանում աշխատում են բարձրակարգ մարզիչներ, լավ բռնցքամարտիկներ կան: Երիտասարդ մարզիկներից ոմանք կարող են դառնալ աշխարհի չեմպիոն: Այդուհանդերձ, Հայաստանում պրոֆեսիոնալ բռնցքամարտը զարգացած չէ: Եվ  բռնցքամարտիկների հնարավորությունները քիչ են իրենց կարողությունները լիովին դրսևորելու համար: Անհրաժեշտ է, որ նրանք աշխարհի ուժեղագույնների հետ մրցամարտեր անցկացնելու առիթներ ունենան: Այդ է պատճառը, որ  բռնցքամարտիկներից ոմանք տարբեր երկրներ են մեկնում, որպեսզի պրոֆեսիոնալ ռինգում բախտ որոնեն: Ես Հայաստանում մարզվել եմ, գիտեմ, թե ինչ վիճակ է, և կարծում եմ, որ եթե այստեղ պարապող  բռնցքամարտիկներին հնարավորություններ տրվեն, ապա նրանք կկարողանան միջազգային մեծ բարձունքներ նվաճել:

– Տարածված տեսակետ կա, որ հայերը հաջողակ են մենապայքարային մարզաձևերում, իսկ թիմային մրցաձևերում` ոչ: Ի՞նչն է խանգարում մերոնց հաջողությունների հասնելու նաև թիմային մրցաձևերում:

– Երևի եսասիրությունը: Գուցե այդ է պատճառը, որ մեր մարզիկները հաճախակի են հաջողությունների հասնում ծանրամարտում, ըմբշամարտում, ձյուդոյում, բռնցքամարտում: Թերևս մեր արյունով է տրված, որ ամեն մեկը հույսը միայն իր վրա դնի և առաջ շարժվի:

– Մտադիր չե՞ս ամուսնանալ:

– Հայաստան կատարած այցիս երկրորդ նպատակն էլ դա է: Դեռ որոշված չէ, սակայն այդ ուղղությամբ  գործերն ընթացքի մեջ են: Իմ հարսնացուն սովորական հայուհի է, և նրան ճանաչողները քիչ են:

– Գերմանիայում թուրքական մեծ համայնք կա, այդ առումով երբևէ որևէ ճնշում կամ ոչ բարյացակամ վերաբերմունք զգացե՞լ ես:

– Գերմանիայում շատ խաղաղ է, և թուրքական համայնքի ներկայացուցիչները որևէ բանի չեն խառնվում: Իսկ մրցամարտերի ժամանակ մարզասրահ այցելող թուրքերի մի մասն էլ ծափահարում է, փորձում է քաջալերել ինձ:

– Մրցաշարի եզրափակչում հայտնվել են բռնցքամարտիկներ, որոնց պարտվել եք: Ուորդ–Ֆրոչ մրցամարտում ո՞վ կհաղթի:

– Կարծում եմ` Ուորդը կհաղթի միավորների տարբերությամբ, որովհետև ԱՄՆ-ում նրան ուզում են առաջ տանել։ Բայց առայժմ  այնտեղ այնքան էլ ճանաչված չէ, այդ բռնցքամարտիկի մարտաոճը ամերիկացիներին դուր չի գալիս։
– Ինչո՞ւ այս տարվա «Եվրատեսիլում» Հայաստանի ներկայացուցիչ Էմմին, ում հետ մրցույթից առաջ նկարահանվել էիք տարածված «Բում–բում» տեսահոլովակում, հաջողություն չունեցավ:

– Ուրախությամբ  մասնակցել եմ տեսահոլովակի նկարահանմանը, ցանկացել եմ օգնել: Ես մրցույթի արդյունքների մասին իմացել եմ Ամերիկայում: Ինձ համար անակնկալ էր, զարմանալի նրա եզրափակիչ չմտնելը: Իմ կարծիքով, այդ մրցույթում քաղաքականությանը մեծ դեր է վերապահվում: Մի մտածեք, որ մասնակիցներից ոմանք հենց այնպես են դուրս մնում կամ էլ հաղթում: Պարզ է,  որ այդ ամենը մեծ փողերի հետ է կապված: Բայց չեմ կարող ասել, թե ինչու մենք չհաղթեցինք:

– Վերջին շրջանում ձեր եղբոր մասին, որ նույնպես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ է, քիչ է խոսվում, ինչո՞ւ:

– Ալեքսանդրը երկու տարի է` հեռացել է ռինգից, ամուսնացել է և դուստր ունի, որն օրերս դարձավ 6 ամսական: Եղբայրս այժմ այլ հարցերով է տարված:

 

 

Դիտվել է 1663 անգամ:

Leave a Reply