Վիտիլիգո

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | June 29, 2011 7:00

Համարվում է, որ այս  հիվանդությունը` վիտիլիգոն,  կյանքի ու առողջության տեսանկյունից վտանգ չի ներկայացնում: Սակայն, բավական է միայն նայես հայելու մեջ,  որ ընկնես մտատանջության մեջ: Բացի  գեղագիտական «անհարմարությունից» կամ կոսմետիկական թերություն համարվելուց, այն ահազանգում է  օրգանիզմում կատարվող խախտումների մասին: Ցավոք, երկար ժամանակ վիտիլիգոյին լուրջ ուշադրություն չէր հատկացվում, քանի որ  բժշկությունն ավելի «լուրջ» խնդիրներով էր զբաղված: Հայտնի է, որ հիվանդությունն աուտոիմունային է: Դա նշանակում է, որ երբեմն մարդու իմունային համակարգում ինչ-որ լուրջ  բան է կատարվում. սեփական օրգանիզմի բջիջները սխալմամբ օտարի տեղ են ընդունվում, ու իսկական որս  է սկսվում դրանց նկատմամբ: Այսօր հայտնի է աուտոիմունային  ծագման ավելի քան 80 հիվանդություն: Դրանցից է շաքարային դիաբետը, ցրված սկլերոզը,  հեպատիտի որոշ տեսակներ, ռևմատոիդ արթրիտը, գայլախտը, փսորիազը:

Ի՞նչ է վիտիլիգոն

Այս հիվանդության ժամանակ քայքայվում են  մաշկի գունավոր բջիջները` մելանոցիտները, և առաջանում են սպիտակ բծեր: Դրանցում բացակայում է  մաշկին բնական գույն հաղորդող պիգմենտը: Վիտիլիգոն աստիճանաբար վերածվել է լուրջ խնդրի: Եթե ծովափին ուշադիր զննեք, ապա  կնկատեք, որ յուրաքանչյուր քսաներորդը  նման խնդիր ունի: Պաշտոնական վիճակագրությունը  ևս նման տվյալներ է տալիս, ինչը նշանակում է, որ աշխարհում ավելի քան 40 մլն մարդ տառապում է վիտիլիգոյով:

Հիվանդանում են հավասարապես թե՛ տղամարդիկ, և թե՛ կանայք` անկախ տարիքից,  բայց գերազանցապես` 20 տարեկանից բարձր: Տարեցտարի հիվանդների թիվն ավելանում է: Վիճակը վատ է այդ առումով Արևմտյան Եվրոպայում: Իսկ Իտալիայում ու Շվեյցարիայում մասնագիտացված կլինիկաներ են գործում: Շատ հայտնի մարդիկ են տառապում այս հիվանդությամբ, սակայն մի բան լավ է, որ վիտիլիգոն վարակիչ չէ, քոր ու ցավ չի առաջացնում:

Հիվանդությունը փոխանցվում է ժառանգաբար: Սակայն փոխանցվում է ոչ թե հենց հիվանդությունը, այլ գենը, որը պատասխանատու է իմունային  համակարգի նորմալ աշխատանքի համար: «Մաքուր» վիճակով վիտիլիգո հազվադեպ է պատահում: Հիմնականում այն ուղեկցում է այս  կամ այն աուտոիմունային  հիվանդությանը, օրինակ` վահանագեղձի գործունեության, աղիների, շաքարախտի հետ կապված խնդիրներին: Այն կարող է միանգամից հայտնվել, ասենք, անսովոր վնասվածքից հետո: Հայտնի են դեպքեր, երբ հիվանդությունն առաջացել է ավտովթարից հետո:

Երբեմն վիտիլիգոն անվանում են ընտրյալների հիվանդություն: Հաճախ են հիվանդանում հասարակության այն խավի ներկայացուցիչները, որտեղ զուգընկեր պետք է  ընտրել սահամանափակ շրջանակներում` ըստ նյութական ու սոցիալական դիրքի: Հաճախ հիվանդանում են թագավորական ընտանիքի ներկայացուցիչներ:

Վիտիլիգոն դժվար բուժվող հիվանդություն է  համարվում գուցե այն պատճառով, որ դա ոչ միայն մաշկի, այլև  ողջ օրգանիզմի հիվանդություն է: Իսկ գոյություն ունեցող միջոցները հիմնականում ուղղված են մաշկային մակերևույթի բուժմանը: Մինչդեռ, կրկին նշենք, հիվանդությունը ողջ օրգանիզմն է ախտահարում: Հայտնի է, որ մաշկին բնական գույն հաղորդող պիգմենտը ղեկավարվում է մելանոտրոպ հորմոնով, որն էլ իր հերթին  արտադրվում է  հիպոֆիզում: Որոշ մասնագետներ պնդում են, որ այս հորմոնի արտադրման հետ կապված խնդիրներն էլ հանգեցնում են վիտիլիգո հիվանդության զարգացման: Վիտիլիգոյի բուժման նորանոր մեթոդներ են առաջ գալիս, սակայն վերջնականապես  բուժել այն  դեռևս չի հաջողվում:  Սակայն կան խորհուրդներ, որոնց կարելի է հետևել ու ամեն անգամ հայելուն նայելով` չտխրել:

– Փոքրիկ բծերը կարելի է տոնային քսուքներով կամ էլ արևայրուքի տպավորություն ստեղծող լոսյոններով ծածկել:

–  Արևի ճառագայթներից պաշտպանվելու նպատակով փողոց դուրս գալիս  պաշտպանական միջոցներ կիրառել:

– Ընդունել B, A, E ,C  վիտամիններ և միկրոտարրեր, ինչպիսիք են` պղինձը, ցինկն ու մանգանը:

Ժողովրդական միջոցներ

-Բծերին օրական 1-2 անգամ ընկույզի կանաչ տերևների ու կանաչ կեղևի հավասար քանակությամբ (10 բաժին) և  (մեկ բաժին) սպիրտի հարաբերությամբ   լուծույթ քսել:

– Բծերը տրորել թեյի եփուկով, դրա համար 1 թեյի գդալ թեյախոտի վրա 1/4 բաժակ եռման ջուր լցնել, եռացնել 2-3 րոպե, քամել, հովացնել, իսկ օգտագործելուց առաջ` խառնել: Թուրմը կարելի է պահել սառնարանում` 2 օր (ոչ ավելի):

 

Դիտվել է 3725 անգամ:
Print Friendly

Leave a Reply