Հայաստանի Հանրապետության նախագահի հայտարարությունը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 22, 2011 21:08

Հայաստանի Նախագահի հետ հանդիպման ժամանակ Թորբյորն Յագլանդն ընդգծել է, որ  Եվրոպայի խորհրդի համար Հայաստանը շատ կարևոր անդամ է, որը գտնվում է Եվրոպայի համար նույնքան կարևոր տարածաշրջանում: Եվրախորհրդի Գլխավոր քարտուղարի կողմից բարձր են գնահատվել վերջին շրջանում Հայաստանի ներքաղաքական կյանքում փոխըմբռնման մթնոլորտի ձևավորման ուղղությամբ դրական զարգացումներն ու իշխանություն-ընդդիմություն երկխոսությունը: Անդրադարձ է եղել նաև երկրում իրականացվող բարեփոխումներին և Եվրոպայի խորհրդի կողմից դրանց հնարավոր աջակցությանը: Նախագահ Սարգսյանը և Թորբյորն Յագլանդը խոսել են նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում առաջիկայում տեղի ունենալիք հանդիպման վերաբերյալ:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան-Պոլ Կոստայի հետ հանդիպմանը Նախագահ Սարգսյանը նշել է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը շատ կարևոր դեր է խաղում Հայաստանի իրավական համակարգի կայացման գործում: Նախագահի խոսքով,  պատահական չէ, որ ներպետական դատարաններն իրենց վճիռները կայացնելիս առաջնորդվում են նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով, անկախ այն հանգամանքից՝ դատարանի այդ վճիռը կայացվել է ՀՀ-ի, թե այլ երկրների վերաբերյալ գործերով:  Ժան-Պոլ Կոստան նշել է, որ Հայաստանը կարող է օրինակելի համարվել եվրոպական դատարանի վերաբերյալ տեղեկատվության տարածման առումով:

 

Հայաստանի Հանրապետության նախագահի հայտարարությունը Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ

 

Ուրախ եմ Եվրոպայի խորհրդում գտնվելու համար: Հայաստանը շատ է կարևորում իր մասնակցությունն այս կազմակերպությանը, որի շրջանակներում ակտիվ համագործակցություն ենք ծավալել մեր երկրում բարեփոխումների համալիր առաջընթաց ապահովելու ուղղությամբ: Հայաստանն այստեղ իր մասնակցությունն է բերում համաեվրոպական օրակարգի բազմաթիվ խնդիրների քննարկմանը՝ ժողովրդավարություն և մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն և կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական և մշակութային խնդիրների լայն շրջանակ:

Այսօր արդեն բավականին արդյունավետ հանդիպումներ եմ ունեցել ԵԽ գլխավոր քարտուղար պրն. Յագլանդի, Մարդու իրավունքների հանձնակատար պրն. Համմարբերգի, ԵԽԽՎ նախագահ պրն. Չավուշօղլուի, ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցող պրն. Պրեսկոտի հետ: Քիչ անց ելույթով հանդես եմ գալու նաև ԵԽԽՎ նիստում, ապա այցելելու եմ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

Այսօրվա հանդիպումներում կարևորել եմ ԵԽ շրջանակներում ակտիվ համագործակցությունը: ԵԽ հիմնարար սկզբունքները հանդիսանում են Հայաստանի պետականության հիմնաքարերը, հետևաբար՝ գիտակցում ենք դրանք երկրի մակարդակով ամրապնդելու հրատապությունը:

Ես վերահաստատեցի Հայաստանի վճռականությունը՝ արդյունավետ իրականացնելու Հայաստան-ԵԽ օրակարգային հարցերը, այդ թվում նաև մեր կողմից ստանձնած հանձնառությունները: Անդրադարձել ենք Հայաստանում տարբեր ոլորտներում իրականացվող փոփոխությունների ընթացքին եւ առկա արդյունքներին` դատաիրավական, ոստիկանական, մարդու իրավունքների, խոսքի ազատության և մի շարք այլ ոլորտներում արձանագրվող գործընթացներին:

Մենք բարձր ենք գնահատում այդ համագործակցությունը զարգացնելու գործում ԵԽ պաշտոնատար անձանց  նպաստն ու աջակցությունը: Շնորհակալություն հայտնեցի Եվրոպայի Խորհրդի տարբեր կառույցների կողմից բարեփոխումների իրականացման գործում մեր երկրին ցուցաբերվող աջակցության համար:

Քննարկեցինք նաև  Հայաստանի ներքաղաքական գործընթացներին առնչվող հարցեր: Հայաստանում տեղի ունեցող գործընթացները միտված են քաղաքական դաշտի առողջացմանը: Իմ զրուցակիցներին ներկայացրեցի նշված ուղղությամբ իրականացվող քայլերը, այդ թվում նաև արտախորհրդարանական ընդդիմության հետ աշխատանքի ընթացքը:

Հավատացած եմ, որ առաջիկայում ևս մեզ կհաջողվի սերտ փոխհարաբերությունների և համագործակցության միջոցով զգալի առաջընթաց արձանագրել հայաստանյան բարեփոխումների գործընթացում:

Մեկ անգամ ևս շնորհակալ եմ պարոն Գլխավոր քարտուղարին` նրա անձնական ներդրման համար:

 

***

Ավարտելով աշխատանքային այցը՝ Նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Ստրասբուրգից վերադառնում է Երևան:

 

 

Դիտվել է 994 անգամ:
Print Friendly

Leave a Reply