Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | June 22, 2011 21:02

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստին մասնակցելու նպատակով աշխատանքային այցով Ստրասբուրգում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ է ունեցել ԵԽ մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների հետ, որոնց արդյունքներն ամփոփել է մամուլի ասուլիսում:

Եվրախորհրդի գլխավոր մասնաշենքի մուտքի մոտ Հանրապետության ղեկավարին նախ  դիմավորել և ողջունել է ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշօղլուն: ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը կարևորել է եվրոպական կառույցների, այդ թվում՝ ԵԽԽՎ-ի հետ Հայաստանի համագործակցությունը:

Հանրապետության ղեկավարը Ստրասբուրգում հանդիպում է ունեցել նաև ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի հետ: Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումների, խոսքի ազատության, օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված հարցեր:

Ջոն Պրեսկոտը նշել է, որ ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության առումով Հայաստանում մեծ առաջընթաց կա, ինչը ՀՀ իշխանությունների հաստատակամության և այդ ուղղությամբ ներդրած ջանքերի արդյունք է:

Սերժ Սարգսյանն այնուհետ հանդիպում է ունեցել Եվրախորհրդի Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի հետ: Մարդու իրավունքների հանձնակատարը բարձր է գնահատել Եվրախորհրդի կառույցների հետ Հայաստանի համագործակցությունը՝ ընդգծելով, որ Եվրախորհրդում Հայաստանն այլ երկրներին ներկայացնում են իբրև օրինակ, թե ինչպես ԵԽ կառույցների հետ կառուցողական աշխատանքով կարելի է հասնել նշանակալի արդյունքների:

Ստրասբուրգում Հանրապետության ղեկավարն այցելել է հայ լուսանկարիչ Կարեն Միրզոյանի «Ճանապարհներ» լուսանկարների ցուցահանդես ևս, որը բացվել է ս.թ. հունիսի 20-ին Եվրախորհրդում՝ ԵԽԽՎ ամառային նստաշրջանի բացման և Եվրախորհրդին Հայաստանի անդամակցության 10-ամյակի կապակցությամբ:

Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև Եվրախորհրդի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի հետ, որից հետո տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի և Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի համատեղ մամուլի ասուլիսը:

 

Դիտվել է 1325 անգամ:
Print Friendly

Leave a Reply