Կազանի հանդիպման շուրջ կողմերի մոտեցումները չեն համընկնում

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | June 22, 2011 19:15

Արդար     լուծո՞ւմ

Կազանում երեք նախագահների հանդիպմանը գրեթե ժամանակ չի մնացել: ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրները շրջադարձային ելք են ակնկալում. փորձում են ներկայացնել, որ երկար տարիների աշխատանքի շնորհիվ կարողացել են ոչ միայն կանխել ռազմական լուծման փորձը, այլև արդյունավետ լուծման տարբերակ են գտել, որին Հայաստանն ու Ադրբեջանը պարտավոր են համաձայնություն տալ:

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հիմնարար սկզբունքների ներկայիս տարբերակն արդար և հավասարակշռված է, և մենք կցանկանայինք, որ կողմերն  ընդունեն այն Կազանում կայանալիք գագաթնաժողովի ժամանակ»,- Եվրախորհրդարանում արցախյան հակամարտությանը նվիրված լսումներում ասել էր ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռոբերտ Բրադկեն:

Բայց մի՞թե մադրիդյան սկզբունքներով (մադրիդյան սկզբունքների բովանդակային մասին անդրադարձել ենք «Անկախի» անցյալ համարում) ակնկալվող վերադարձը նախապատերազմյան վիճակի` Արցախի անորոշ կարգավիճակով, առանց Ադրբեջանի կողմից բռնազավթված հայկական հողերի ու հայ փախստականների վերադարձի, կարելի է համարել արդար լուծում, թեկուզ օբյեկտիվ գնահատականներով: Ի՞նչ հիմքով է որոշվում, որ արդարությունն անպայման նախկին իրավիճակի վերականգնումն է, այն էլ` միակողմանի:

Սա ընդամենը նշանակում է վերադարձ այն պայթյունավտանգ իրավիճակին, որից էլ հենց սկսվեց պատերազմը: Եվ սա որևէ երաշխիք չի տալիս, որ նոր պատերազմ չի լինելու: Մանավանդ որ Ադրբեջանն այսօր էլ չի հրաժարվում իր մաքսիմալիստական պահանջներից: Իր իսկ սանձազերծած պատերազմում պարտված Ադրբեջանը, ոչ մի շոշափելի զիջում չանելով(սեփական ստորագրությանը գրոշի արժեք իսկ չտվող  Ադրբեջանի համաձայնությունը թղթի վրա զիջում չէ, մանավանդ որ հանրաքվե էլ պահանջում է անցկացնել ամբողջ Ադրբեջանի տարածքում), դեռ փաստաթուղթ չստորագրած, արդեն իսկ հրապարակայնորեն նոր պահանջներ ու տարածքային հավակնություններ է ներկայացնում ոչ միայն Արցախի, այլև ՀՀ-ի տարածքների նկատմամբ`չհրաժարվելով իր ապակառուցողական դիրքորոշումից նույնիսկ սպասվող հանդիպման նախօրեին:

Սպառնում է, որ եթե Հայաստանը չգնա համաձայնության, ինքը «կվերադարձնի իր հողերը» ռազմական ճանապարհով: Իր ռազմական բյուջեն տարեցտարի մեծացնող Ադրբեջանը, խղճուկ վիճակում  պահելով փախստականներին (հատուկ միջազգային հանրության աչքում զոհի կերպարն ամրապնդելու համար) և կրկնակի ուռճացնելով նրանց թիվը, պահը բաց չի թողնում շահարկելու նաև փախստականների հարցը հանդիպման նախաշեմին, պահանջում է միակողմանի ճնշում գործադրել Հայաստանի նկատմամբ: Եվ, առհասարակ, ցույց է տալիս, որ ինքն ամենևին նպատակ չունի գնալ որևէ հաշտության, այլ միայն փորձում է զիջումներ կորզել Հայաստանից: Ու, բնականաբար, այս հարցում փոքր եղբորը օգնության է գալիս Թուրքիան:

Խորհրդարանական  ընտրություններն ավարտվեցին, և Թուրքիան կրկին ուշադրությունը բևեռեց Հայաստանի վրա: Հատկանշական է, որ բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլին: Նա` որպես Թուրքիայի ներկայացուցիչ, նախ` հայ-թուրքական հարաբերությունների հետագա ընթացքն ուղղակիորեն կապեց Կազանի հանդիպման արդյունքների հետ և հիշեցրեց իրենց նախապայմանների մասին, իսկ հետո արդեն փորձեց համոզել, որ ԵԽԽՎ-ում ղարաբաղյան հարցին վերաբերող և հայկական կողմից բոյկոտված ենթահանձնաժողովի աշխատանքների հենց այս շաբաթ վերականգնումն իր  իսկ ջանքերով իր ազգության հետ որևէ  կապ չունի:

Այսպիսով, ավելի քան ակնհայտ է, որ Ադրբեջանն ուղղակի փորձում է նվազագույն զիջումներով, բայց ակտիվ հարձակողական հռետորաբանությամբ ստանալ առավելագույնը,  մանավանդ որ փաստաթուղթը մեծ մասամբ ձեռնտու է Ադրբեջանին: Այդ մասին հայտարարել էր նաև Ադրբեջանի նախագահը` նշելով, որ սկզբունքները թույլ կտան, որ «կոնֆլիկտն արդար լուծում ստանա»: Նա նկատի է ունեցել, անշուշտ, ազատագրված տարածքների հանձնումն Ադրբեջանին:

Հայկական կողմի մարտավարությունը

Հայաստանի նախագահը երկար լռությունից հետո, ի վերջո, Կազանի հանդիպման վերաբերյալ արտահայտվեց ԵԽԽվ-ի լիագումար նիստի իր ելույթում ու իրեն ուղղված հարցերին տրված պատասխաններում:

Նա հայտարարեց, որ բանակցությունների սեղանին  դրված սկզբունքները Հայաստանի «երազած փաստաթուղթը» չեն, սակայն, ըստ նրա, դրանք հնարավորություն են տալիս ձեռնամուխ լինելու հիմնական փաստաթղթի ձևավորմանը: Նա պնդեց, որ գնում է Կազան առաջընթացի հույսով, սակայն այնտեղ համաձայնություն կլինի, եթե Ադրբեջանը վերապահումներ չանի: Ադրբեջանի կողմից վերապահում ասելով` նախագահը նկատի ունի այն, որ Ադրբեջանը ազգերի ինքնորոշման սկզբունքը հասկանում է տարածքային ամբողջականության շրջանակներում, ինչը, ըստ Ս. Սարգսյանի, արդեն դառնում է «խուզած սկզբունք»: Խոսելով համաձայնության հասնելու հնարավորության մասին` նա հայտարարեց. «Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին: Բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարենք նրան, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որևէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը` դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին համոզել, որ անհրաժեշտ է ինչ-ինչ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ նման անհանդուրժողականություն կա և կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ»:

Նախագահը վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերման հարցում էապես կարևորեց այդ ծայրահեղ դրսևորումների հաղթահարումն Ադրբեջանում: Սակայն ՀՀ իշխանությունները շատ լավ հասկանում են, որ անկախ Ադրբեջանի ներկայիս վերաբերմունքից` սեղանին  դրված փաստաթուղթը չի կարող ընդունելի լինել հայ բնակչության համար, հենց այդ պատճառով գործում են «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը տերն է իր ճակատագրի» մարտավարական տարբերակով` պնդելով, որ կարգավորման առաջին փուլը հնարավոր չի լինի համարել եզրափակված, եթե Արցախը չտա իր համաձայնությունը հիմնարար սկզբունքների վերաբերյալ: Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, որ իրենք պատրաստ են առաջընթաց արձանագրել, բայց եթե անգամ Երևանը համաձայնի ստորագրել ինչ-որ բան,  միևնույն է, ամեն ինչ վերջին պահին կտապալվի, եթե Արցախից համաձայնություն չլինի: Ու պատահական չէ, որ մինչև նախագահի ստրասբուրգյան ելույթը հայկական կողմից հայտարարություններն ու մեկնաբանությունները հնչում էին բացառապես Արցախից:

Նախ` Արցախի նախագահ Բակո Սահակյանը հայտարարեց, որ անցյալին վերադարձ չկա, և  արցախյան հակամարտությունը կարող է լուծվել միայն մի տարբերակով` միջազգային մակարդակով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախության դե յուրե ճանաչմամբ. «Դա մեր հանրապետության թե՛ ժողովրդի, թե՛ իշխանությունների կարծիքն է: Խոսք անգամ չի կարող լինել 1988 թ. իրավիճակին վերադառնալու, թե՛ կարգավիճակի, թե՛ տարածքների հարցով»,- հայտարարել է Սահակյանը:

Սա արդեն նշանակում է անհամաձայնություն առաջարկվող մադրիդյան սկզբունքների թեկուզև նորացված տարբերակին: Ընդ որում, մի հետաքրքիր նրբություն կա: Հայկական կողմը մշտապես խոսել է այն մասին, որ Արցախը չի մասնակցում բանակցություններին, քանի որ Ադրբեջանը հրաժարվում է բանակցել Արցախի իշխանությունների հետ: Սակայն Կովկասի մի շարք երկրներից ժամանած լրագրողների հետ հանդիպման ժամանակ Արցախի արտգործնախարար Գեորգի Պետրոսյանը հայտարարեց, որ Արցախի չմասնակցելու պատճառը ոչ թե Հայաստանի կամ Ադրբեջանի դիրքորոշումն է, այլ այն, որ «միջնորդների կարծիքով` եռակողմ ձևաչափով դժվար է բանակցություններ վարել, քանի որ երեք կողմերը դժվար են պայմանավորվում, …բայց առանց մեզ որոշում ընդունել չի կարելի»:

Ըստ էության, հայկական կողմը Ստեփանակերտից հնչող հայտարարություններով օգտագործում է իր մարտավարական առավելությունը և փորձում միջնորդների համար առավել ակնհայտ դարձնել առանց Արցախի ներկայացուցիչների մասնակցության ձևաչափի ոչ արդյունավետ լինելը: Այս  կապակցությամբ նաև այն մոտեցումը կա, որ  որոշ հարցերի շուրջ կարող են և պիտի խոսեն հենց Արցախի ներկայացուցիչները, և միայն հարցերի համակողմանի անդրադարձի դեպքում ձեռք բերված համաձայնությունը կարող  է արդյունավետ լինել. «Բանակցություններին մասնակցելու դեպքում ղարաբաղյան կողմը պատրաստ է խոսել ամեն ինչի մասին: Եթե պիտի տարածքների վերադարձի մասին խոսեն, ես էլ կխոսեմ Շահումյանի մասին: Արդյոք Ադրբեջանը պատրա՞ստ է վերադարձնել Շահումյանը: Փախստականների՞ց  են խոսելու: Ես էլ մեր փախստականներից կխոսեմ: Ես չեմ նստելու և արդարանամ, ես խոսելու եմ: Եթե նրանք պատրաստ կլինեն, ապա մենք էլ պատրաստ կլինենք ինչ-որ բանի»,-հայտարարել է Գեորգ Պետրոսյանը:

Ելքի հնարավորություն

Վերջին ժամանակներս ԵԱՀԿ Մինսկի համանախագահներն ավելի ինտենսիվ են դարձրել իրենց շփումները Արցախի ներկայացուցիչների հետ,  և միանգամայն հասկանալի է, որ նրանց անհամաձայնությունը թույլ չի տա գործընթացն ավարտին հասցնել: Հասկանալի է նաև, որ ինչքան էլ միջնորդները պնդեն, թե հաջողվել է կողմերի դիրքորոշումները մոտեցնել, երկու կողմերի սպասելիքները խիստ տարբեր են սպասվող հանդիպումից, ընդ որում, ամեն մեկը կառուցողական մոտեցում է պահանջում դիմացինից: Հետևաբար, ինչքան էլ հայտարարեն, որ սպասում են առաջընթացի, միևնույն է, կարող է և ոչինչ չստորագրվել, կամ կարող է ստորագրվել հերթական մի հայտարարություն: Հավանական է, որ գերտերությունների շտապողականությունը պայմանավորված է ինչպես ռազմական լուծումներ թույլ չտալու խնդրով, այնպես էլ Հայաստանում և Ադրբեջանում մոտեցող ընտրություններով, ինչը նշանակում է, որ գործընթացը միառժամանակ սառեցվելու է: Բայց մյուս կողմից` հենց ընտրությունների հանգամանքը բավարար է, որ կողմերից ոչ մեկը չգնա կտրուկ փոփոխությունների:  Իսկ  փաստաթղթով նախատեսվող և առաջինը Հայաստանից սպասվող զիջումը, ազատագրված տարածքների վերադարձի փորձն անգամ կարող է լուրջ ռեզոնանսների հանգեցնել Հայաստանում:

Ի դեպ, անցյալ շաբաթ Ֆրանսիայի համանախագահ Բեռնար Ֆասիեն հայտարարեց, որ եթե կողմերը չգան համաձայնության, իրենք ստիպված են լինելու կարգավորման նոր հայեցակարգ առաջարկել: Ու շատ հավանական է նաև ձևաչափի փոփոխություն` հաշվի առնելով նաև Եվրամիության ակտիվությունն ու Ֆրանսիային փոխարինելու շահագրգռությունը:

 

Աստղիկ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply