Երևանի քաղաքապետը աշխատանքային շրջայցեր է կատարել Շենգավիթ և Նոր Նորք վարչական շրջաններում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 18:51

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի աշխատանքային շրջայցը Շենգավիթ վարչական շրջանում սկսվեց Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնից:

Երևանի քաղաքապետարանի ծրագրով պանթեոնն ամբողջությամբ բարեկարգվում է: Թարմացվում են քայքայված սալահատակները, վերակառուցվում են ճեմուղիները, բարեկարգվում են նաև խարխլված որոշ արձաններ և պատվանդաններ:

Ծանոթանալով ծրագրի ընթացքին, Կարեն Կարապետյանը հանձնարարեց հատուկ ուշադրություն դարձնել նաև պանթեոնի կանաչ գոտիների խնամքին և ոռոգանը:

Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը այցելեց Երևանի քաղաքապետարանի ենթակայության թիվ 141 նախադպրոցական ուսումնական հաստատություն: Հայաստան Համահայկական հիմնադրամի միջոցներով մանկապարտեզն ամբողջությամբ հիմնանորոգվում է, թարմացվում է նաև գույքը: Կարեն Կարապետյանը տեղում ծանոթացավ փոքրիկների համար ստեղծված պայմաններին:

Շուրջօրյա ռեժիմով աշխատող մանկապարտեզ են հաճախում հիմնականում անապահով, ծնողազուրկ և անօթևան երեխաներ:

Մայիսի 9/51, Չեխովի 10/1 և Չեխովի 8/1 շենքերի միացյալ բակը վերջերս է բարեկարգվել: Նախկին ՙբոստանային՚ տարածքների փոխարեն այսօր արդեն հարմարավետ նստարաններ են, զրուցարաններ, երեխաների համար ժամանակակից մանկական խաղեր ու մարզասարքեր:

Բակի բարեկարգման հարցում այստեղ մեծ է նաև համատիրության և բնակիչների դերը: Բնակիչ համատիրություն միասնական և համակարգված աշխատանքի արդյունքում, ինչպես բնակիչներն են նշում, լուծում են ստանում բակում և բազմաբնակարան շենքում առաջացած խնդիրները:

Հաջորդ բակում, ուր այցելեց Կարեն Կարապետյանը, արդեն մեկնարկել էին բարեկարգման աշխատանքները: Շուտով Երևանի քաղաքապետարանի և ՙՓյունիկ՚ բարեգործական հիմնադրամի համատեղ ծրագրով այստեղ ևս փոքրիկների համար կտեղադրվեն ժամանակակից մանկական խաղեր ու տարբեր մարզաձևերի համար նախատեսված մարզագույք:

Նշված երկու բակերում էլ բնակիչների կողմից բարձրացվեց միայն կանաչ տարածքների ոռոգման հարցը: Խնդրին լուծում տալու նպատակով քաղաքապետը տեղում վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց ոռոգման ցանցի անցկացման մասով տալ ֆինանսական գնահատական, նշելով, որ անհրաժեշտ  միջոցները կապահովվեն համաքաղաքային բյուջեից:

Նոր Նորք վարչական շրջանում էլ աշխատանքային շրջայցի ժամանակ քաղաքապետ Կարեն Կարապետյանը, ծանոթանալով ստորգետնյա անցումների պայմաններին, վարչական շրջանի ղեկավարին հանձնարարեց գետնանցումներում առևտրային գործունեություն իրականացնող տնտեսվարողներին պարտադրել կատարելու շրջակա տարածքը մաքուր և բարեկարգ պահելու վերջիններիս պայմանագրային պարտավորությունները:

Կարեն Կարապետյանը շրջեց վարչական շրջանի զբոսայգիներում, ծանոթացավ նախատեսվող բարեկարգման և կանաչապատման ծրագրերին:

Այգիների վերակառուցման և բարեկարգման մասով քաղաքապետն առաջարկեց ներգրավվել նաև ներդրողների:

Քաղաքապետը եղավ նաև Նոր Նորքի 2-րդ զանգվածի Թոթովենցի փողոցի 11 և 12 շենքերի բակում, որը, ընթացող բարեկարգման աշխատանքներից հետո, շուտով բնակիչների համար կվերածվի հանգստի յուրօրինակ գոտու:

Կարեն Կարապետյանը զրուցեց բնակիչների հետ, լսեց վերջինների բարձրացրած հարցերն ու խնդիրները: Հարցերից բացի, բնակիչներն իրենց գոհունակությունը հայտնեցին քաղաքապետին մայրաքաղաքում իրականացվող բարեփոխումների և Երևանի զարգացմանն ուղղված նախաձեռնությունների համար:

Վարչական շրջաններում աշխատանքային շրջայցից հետո քաղաքապետ Կարեն Կարապետյանը տեղերում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել վարչական շրջանների աշխատակազմերի հետ:

Քաղաքապետը ներկայացրել է այն ծրագրերն ու անելիքները, համաձայն որոնց առավել համակարգված կդառնա քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատանքը: Աղբահանության կազմակերպման, կանաչապատման, ինքնակամ շինարարության, վարձակալությամբ տրված տարածքների և ապօրինի ու չգործող կրպակների ապամոնտաժման մասով քաղաքապետը տվել է մի շարք հանձնարարականներ:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության

և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

Դիտվել է 1487 անգամ:
Print Friendly

Leave a Reply