ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ճեպազրույցը լրագրողների հետ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 18:02

Ստրասբուրգ, 22.06.2011թ.

Հարց. ԵԽԽՎ նախագահ Մեվլութ Չավուշողլուն օրերս հայտարարել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը կապված է ղարաբաղյան խնդրի կարգավորման հետ եւ այդ մասին իբր թե բանավոր համաձայնություն է եղել Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ, ինչը նաեւ հաստատվել է այլ երկրների արտգործնախարարների, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Ռուսաստանի, արտգործնախարարների եւ ԱՄՆ-ի պետքարտուղարի կողմից: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:

Պատասխան. Դա իհարկե պարզունակ աղավաղում է: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը սկսվել եւ ընթացել է այն փոխըմբռնմամբ, այն փոխհասկացուղությամբ, որ այդ կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների եւ հենց այդ պատճառով ստորագրված արձանագրություններում չկա որեւէ նախապայման:

Արձանագրությունների ստորագրմանը ներկա բոլոր արտգործնախարարները բազմիցս կոչ են արել առանց նախապայմանների վավերացնել եւ իրագործել պայմանավորվածությունները:

Հիշեցնեմ նաեւ պետքարտուղար Քլինթոնի հայտարարությունն առ այն, որ Հայաստանն իր ճանապարհն անցել է, գնդակը գտնվում է Թուրքիայի դաշտում, որը եւ պետք է կատարի իր ստանձնած պարտավորությունները:

Այնպես որ չեմ կարծում, թե տեղին է ապարդյուն փորձեր կատարել պատասխանատվությունը այլ կողմի վրա դնելու իմաստով:

Հարց. պարոն Նալբանդյան, այդ ենթահանձնաժողովի գործունեության առումով դուք Ձեր դիրքորոշումը առանձին հայտնեցիք Նախագահներին՝ Չավուշօղլուին եւ…

Պատասխան. Գիտեք, ոչ միայն մենք, ինչը շատ կարեւրոր է նաեւ  եռանախագահները հայտարարել էին, որ չեն գտնում, թե Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում այս ենթակոմիտեի վերակենդանացումը կարող է օգտակար լինել կարգավորման գործընթացի համար: Սա է ամենակարեւորը: Երբ մի բան ստեղծում ես կամ վերակենդանացնում ես, պետք է մտածես, թե ինչ օգուտ է տվել այդ կառույցը: Իսկ տվե՞լ է արդյոք օգուտ: Չեմ կարծում, որ ժամանակին երբ գործում էր օգուտ է տվել: Հիմա գլխավորը որ վնաս չտա:

Հարց. պարոն Նալբանդյան, Չավուշօղլուն ասաց նաեւ, որ ղարաբաղի հարցը եւ հայ-թուրքական հարաբերությունները իրականում կապված են Կազանի հանդիպման արդյունքների հետ: Դու՞ք էլ եք այդպես կարծում:

Պատասխան. Դա իհարկե թուրքական կողմը պետք է որոշի, թե ինչ է ուզում անել, բայց գիտեք ինչ, եթե խոսենք նախապայմանների լեզվով, ես անմիջապես Ցյուրիխից հետո, երբ որ թուրքական կողմը վերադարձավ նախապայմանների լեզվին, ասացի, որ եթե խոսենք նախապայմանների լեզվով, ապա Հայաստանը ոչ պակաս, առավել հիմնավորված նախապայմաններ կարող է ունենալ:

Հարց. պարոն Նալբանդյան իսկ Կազանից ինչ-որ ակնկալիքներ կա՞ն:

Պատասխան. Կազանի վերաբերյալ ես արդեն հայտարարել եմ:

Հարց. պարոն Նալբանդյան, ենթահանձնաժողովը այնուամենայնիվ իր գործունեությունը ծավալել է առանց հայկական պատվիրակության մասնակցության, վտանգները…

Պատասխան. Կարիք չկա փոխել կարգավորման գործընթացի ձեւաչափը:
Բանակցությունները եւ կարգավորման գործընթացը գնում են Մինսկի խմբի շրջանակներում, Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ եւ հատկապես Ռուսաստանի՝ որպես Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկի անմիջական մասնակցությամբ: Գիտեք թե վերջին շրջանում ինչքան մեծ ներդրում է կատարել Ռուսաստանի նախագահ Մեդվեդեւը եւ իր նախաձեռնությամբ եւ ներկայությամբ է կայանալու նաեւ Կազանի հանդիպումը:

Հարց. Իսկ ենթահանձնաժողովի որոշումները որքանով կարող են լեգիտիմ լինել:

Պատասխան. Այդ որոշումները, դուք էլ ինքներդ գիտեք, պատասխանելու բան չկա, որ այդ հանձնաժողովը ինչ-որ լիազորություններ չունի, որպեսզի ինչ-որ պարտադիր ուժ ունեցող որոշումներ կայացնի:

 

Դիտվել է 980 անգամ:
Print Friendly

Leave a Reply