ՀՀ կառավարության աշխատակազմ ստացվել է 2 910 առաջարկություն, դիմում եւ բողոք

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 17:28

2011թ. հունվարի 1-ից հունիսի 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության աշխատակազմ ստացվել է 2 910 առաջարկություն, դիմում եւ բողոք: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, քննարկման արդյունքում համապատասխան հանձնարարականներով կատարման է ուղարկվել 2 575-ը, որից վերահսկողություն է սահմանվել 262 հանձնարարականի կատարման նկատմամբ: 2011թ. հունիսի 10-ի դրությամբ’ ստացվել է 235 պատասխան, որոնցից 77-ին տրվել է դրական լուծում (սահմանված ժամկետում ընթացքի մեջ է գտնվում 27 դիքում):

Նույն ժամանակահատվածում ՀՀ կառավարության աշխատակազմում իրականացվել է 1 475 քաղաքացու եւ 66 բողոք-պահանջ ներկայացնող կոլեկտիվների ընդունելություն: Պարզաբանումներ են տրվել բարձրացված հարցերի վերաբերյալ, տեղում կատարվել են ուսումնասիրություններ, առանձին դեպքերում օպերատիվ միջամտություն է ցուցաբերվել հրատապ նշանակություն ունեցող հարցերի լուծման նպատակով: Նշենք, որ նաեւ սահմանված կարգով հսկողություն է իրականացվել հանրապետական գործադիր մարմինների ղեկավարների կողմից ներկայացված ժամանակացույցին համապատասխան քաղաքացիների ընդունելության կատարման նկատմամբ:

2011թ. hունիսի 1-ից հունիսի 10-ը ՀՀ կառավարության «թեժ գծով» քաղաքացիների կողմից ստացվել է 2 532 փաստացի զանգ, որից 514-ին զրույցի ընթացքում տրվել է պարզաբանում, 2 018-ը (բողոքներ, առաջարկություններ) սահմանված կարգով համառոտագրվել եւ ներկայացվել են քննարկման, ընդ որում’ դրանք վերաբերել են սոցիալական (683), հարկաբյուջետային (589), առողջապահության (247), գազիֆիկացման եւ ջրամատակարարման (132), քաղաքաշինական (51), աշխատանքի եւ չվճարված աշխատավարձի (49), կրթության (41), անձնագրերի եւ գրանցման հետ կապված խնդիրներին (6), ինչպես նաեւ այլ բնույթի հարցեր (220):

Քննարկման արդյունքում գրանցված հարցերից 162-ին քաղաքացուն պատասխան է ուղարկվել hotline@gov.am հասցեից, իսկ 158-ը քննության առնելու եւ ձեռնարկված միջոցառումների մասին հնարավորինս սեղմ ժամկետներում տեղեկատվություն ներկայացնելու հանձնարարականով ուղարկվել է իրավասու պետական մարմիններ: 158 ուղարկված հարցերից տեղեկատվություն է ստացվել 117-ի վերաբերյալ, որից 65-ը’ լուծման դրական արդյունքով (սահմանված ժամկետում ընթացքի մեջ է 41 հարց):

 

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply