Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահը՝ կառավարությունում

Պաշտոնական, Օրվա լուր | | June 22, 2011 16:46

Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահ, կարդինալ Ջիանֆրանկո Ռավասիի գլխավորած պատվիրակությանը:

Ողջունելով հյուրերին վարչապետը նշել է, որ Վատիկանի հետ ձևավորվել են այնպիսի հարաբերություններ, որոնցով կարելի է միայն հպարտանալ, քանզի դրանց հիմքում ընդհանուր քրիստոնեական արժեքներն են:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար կարդինալ Ռավասին նշել է, որ մշակութային երկխոսությունը և մշակութային ժառանգության պահպանությունը կարևոր նշանակություն ունեն Վատիկանի համար:

Այդ համատեքստում Վատիկանի մշակույթի հարցերով պապական խորհրդի նախագահը բարձր է գնահատել ՀՀ մշակույթի նախարարության հետ ձևավորված համագործակցության մակարդակը:Այնուհետև ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն ժամանակակից աշխարհում քրիստոնեական արժեքների նշանակության ու կարևորության մասին:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել Ջիանֆրանկո Ռավասիին ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում ձևավորված արդյունավետ համագործակցության համար, ինչպես նաև նշել է, որ ՀՀ կառավարությունը կարևորում է համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը համատեղ ցուցահանդեսների, հոգևոր երաժշտության համերգների ու այլ ձևաչափերով:

Զրուցակիցները շեշտել են մշակութային համագործակցության կարևորությունը թե՛ անցյալի պատմական ժառանգության պահպանության, թե՛ մշակութային փոխճանաչողության առումով: Հանդիպման ավարտին վարչապետը հույս է հայտնել, որ այցի ընթացքում կարդինալ Ռավասին կկարողանա ծանոթանալ Հայաստանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը, և ծրագրված հանդիպումները կունենան գործնական շարունակություն

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply