ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի հայտարարությունը`ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպման կապակցությամբ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 15:28

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեն սույն թվականի հունիսի 24-ին  ղարաբաղա- ադրբեջանական հակամարտության հարցով Ռուսաստանի Դաշնության նախագահի միջնորդությամբ Հայստանի Հանրապետության  և Ադրբեջանի Հանրապետության նախագահների` Կազանում կայանալիք հանդիպման առիթով հանդես է գալիս հետևյալ հայտարարությամբ.

  • Գնահատելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը  ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունում խաղաղության պահպանման գործընթացում.
  • Ողջունելով բանակցային գործընթացում կողմերին առաջարկված միջազգային իրավունքի երեք հիմնարար սկզբունքները` ուժի չկիրառումը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը, և բացառելով այդ երեք սկզբունքների հիման վրա որեւէ քայլի ճշտում` առանց ԼՂՀ-ին բանակցային գործընթացում ուղղակի ներգրավման.
  • Գնահատելով բանակցային գործընթացում ՀՀ դերակատարությունը, հատկապես որպես ԼՂՀ  անվտանգության երաշխավորի.
  • Տեղեկացված լինելով  Մինսկի խմբի համանախագահների  միջոցով ԵԱՀԿ-ին փոխանցված ԼՂՀ պաշտոնական դիրքորոշումներին.
  • Գիտակցելով, որ փաստացի (դե ֆակտո) կայացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչմամբ` որպես ինքնուրույն և անկախ պետություն,  տարածաշրջանում կհաստատվի կայուն խաղաղություն, որը փաստվեց  Կոսովոյի, Աբխազիայի և Հարավային Օսեթիայի  միջազգային ճանաչմամբ.
  • Անընդունելի համարելով միջազգային խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում, այն դիտարկելով որպես ուղղակի միջամտություն ինքնիշխան և անկախ պետության ներքին գործերին.
  • Անընդունելի համարելով արդեն իսկ 17 տարիներ պահպանվող խաղաղության իրական երաշխիքներից հետքայլը.
  • Համոզված լինելով, որ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության կարգավորման գործընթացում առանց ԼՂՀ լիիրավ մասնակցության, որպես բանակցող կողմ, անհնարին է առաջընթացի արձանագրում, իսկ խախտված ձևաչափով բանակցային գործընթացը չի կարող ամբողջական  և վերջնական լուծում առաջարկել.
  • Առաջնային համարել և  բանակցային գործընթացի հիմք ընդունել Արցախի ժողովրդի հանրաքվեներով արտացոլված ազատ կամքի արտահայտությունները.
  • Անհրաժեշտություն համարելով, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և այլ միջնորդական առաքելությունները պետք է իրնց ջանքերը ներդնեն ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության ոչ թե հետևանքների, այլ  հրահրված  պատերազմի հիմնական պատճառների վերացման ուղղությամբ, որը առանցքային հարց չի դիտվել մինչ այժմ տեղի ունեցած գորընթացներում.
  • Հավատացած լինելով, որ  ԼՂՀ ժողովուրդը ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները,  իրավունք ունի ինքնուրույն տնoրինելու իր ճակատագիրը և իր երկրի ապագան.
  • Վստահ լինելով, որ  իրավունքի համար արդարացի պայքարի հաղթանակը կանխորոշված է, իսկ մեր երկրի անկախության ճանաչման գորընթացը անշրջելի.

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեն վերոնշյալ բոլոր հիմնավորումներից ելնելով՝

ա) Վերահաստատում է իր վճռակամությունը արցախյան ազատագրական պայքարը վերջնական հանգրվանին հասցնելու համար:

բ) Կոչ է անում համանախագահներին ու միջնորդական առաքելություն իրականացնող բոլոր  կողմերին` զերծ մնալ ստեղծված հավասարակշռությունը և խաղաղությունը խաթարող  քայլերից:

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտե

 

Դիտվել է 815 անգամ:
Print Friendly

Leave a Reply