Հայ աղջիկը պետք է լինի բերանը փակ` տղամարդու քացիների տակ. Սուպեր Սաքոյի լուսանկարների մեկնաբանությունը

ԷՍՍԵ | | June 22, 2011 15:18

Համացանցը օրերս ցնցած Արվին Քոչարյանի հեղինակած Սուպեր Սաքոյի լուսանկարներից առավել շատ ցնցվելու է լուսանկարներն ուղեկցող մեկնաբանությունները:

Համացանցում առավել հայտնի է այն լուսանկարը, որտեղ Սուպեր Սաքոն պատկերված է Հաղպատավանքի ֆոնին` մի ձեռքում հրազեն, իսկ մյուս ձեռքով բրտորեն բուռն է հավաքել ոտքերի մոտ ծունկ չոքած մերկ աղջկա երկար մազերը:

Դա լուսանկարներից ամենամեղմն է: Մնացած լուսանկարներն ավելի ահարկու են և ահասարսուռ: Այնտեղ ռեփերը հսկայական չափի ու ղասաբին վայել դանակով մորթում է աղջկան, իսկ մյուսում աղջկա արնոտ դիակը շպրտված է մսի կրպակում,  իսկ ինքը կացնահարում է մի  մսացու ջանդակ` ակնհայտ կապ ստեղծելով, որ այդ ջանդակը կարող է լինել նաև աղջկա մարմինը:

Լուսանկարները հայտնի դարձան «Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության շնորհիվ, որոնք տարածել էին միայն առաջին լուսանկարը, որտեղ ռեփերը պատկերված էր վանքի ֆոնին: Լուսանկարին հաղորդագրություն էր կցված, որտեղ երիտասարդներն իրենց մտահոգությունն էին հայտնում պատմական հուշարձանն իրենց գործողություններով պղծելու վերաբերյալ. «Տեղյակ լինելով հայկական «աստղերի» արժեհամակարգին, նման սադիստական մոտիվներով լուսանկարները որևէ զայրույթ չէին առաջացնի, եթե միայն դրանց ֆոնին պատկերված չլիներ Լոռվա մարզում գտնվող Հաղպատի հանրահայտ վանական համալիրը»:

Փաստորեն, հնամենի հայկական ճարտարապետական գոհարների դարդ ու  ցավով ապրող, հայ աստվածուրաց երիտասարդության ճանաչողական հորիզոնների լայնացման համար  քափ ու քրտինք թափող այս երիտասարդներին վրդովվեցրել է ոչ թե լուսանկարներում պատկերված կնոջ ակնհայտ նսեմացումն ու ստորացումը, այլև որ այդ գործողությունները կատարվում են հենց եկեղեցու ֆոնին:

Լուսանկարներն ու մամլո հաղորդագրությունը անմիջապես զայրթույթի բուռն ալիք բարձրացրեց Ֆեյսբուքում, որտեղ`առաջնորդվելով ազնիվ մղումներով, ազգիս ընտրյալ մի հատված դատապարտեց ռեփերի արյունռուշտ արարքներն ու լուսանկարիչ Արվին Քոչարյանին առ այն, թե ինչպես են նրանք համարձակվել պղծել հայոց հնամենի հուշարձանը:

Իրականում, եթե սուպեր Սաքոն նկարվել է այդօրինակ պատկերներով, որը իր իրավունքն է, և չկա որևէ դրույթ, որը կարգելեր նման լուսանկարի գոյությունը, այլոք այդ լուսանկարները փիառելով` հայրենանվեր ու ազգապաշտ մարդկանց անուն են վաստակում` հետին պլան մղելով  կնոջ պատիվն ու արժանապատվությունը:

Արվին Քոչարյանը «7օր»–ի հետ զրույցում ասել է, որ  մտահղացումը եղել է հենց Սարգիս Բալասանյանինը՝ Սուպեր Սաքոյինը։ Ալբոմը, որի համար արված են լուսանկարները, կոչվում է «Lie, betray, revenge»`  «Սուտ, դավաճանություն, վրեժխնդրություն»: Ամենայն հավանականությամբ, ռեփերը այդ լուսանկարներով ցուցադրում է այն վերաբերմունքը, թե ինչի է արժանի կինը դավաճանության համար:

«Նկարն արվել է սպիտակ  ֆոնում, հետո իր ուզած ձևը ֆոնի վրա ավելացվել է, և դա եղել  է դրսի շուկայի համար՝ ո՛չ իմ ճաշակով։ Եվ եթե մարդիկ կարծում են, որ  դա իմ ճաշակն է, ապա  ասեմ, որ այդպես չէ՝ իմ ճաշակը չէ, կարող են հետևել և տեսնել, թե իմ աշխատանքներն ինչպիսին են»,–ասել է Քոչարյանը:

Ռեփերը, ինչպես նաև ցանկացած մարդ, իրավունք ունի նկարվելու այնպես, ինչպես ուզում է և և իր երգի միջոցով արտահայտի սեփական պատկերացումները որևէ երևույթի նկատմամբ, քանի որ դա որևէ կերպ արգելված չէ, հակառակ դեպքում ուրեմն չպետք է լինեին բռնություն պատկերող ֆիլմեր և այլն: Դա այլ հարթության քննարկում է, թե ինչու կա այդ մոտեցումը կամ ինչու այդ ձևերով և այլն:

Խնդիրն այստեղ այն է, որ ծավալված բոլոր քննարկումներում առանցքային եզրը վանքապղծությունն էր, և շատ քիչ էին մարդիկ, ովքեր վրդովվում էին կնոջը միտումնավոր ստորացնելու համար:

Փաստացի, մեր հասարակության գերակշիռ մասն ընդունում և գիտակցում է ոչ միայն կնոջ ստորադաս դերը տղամարդու նկատմամբ և իրերի նման դասավորությունը համարում օրինաչափ, այլև  խիստ անտարբեր է կնոջ նկատմամբ իրականացված սահմռկեցուցիչ գործողությունների նկատմամբ:

Լուսանկարներում կինն ակնհայտորեն նսեմացված է, և չկա որևէ լուսանկար, որտեղ պատկերված կլինի, թե ինչպես է նա մաքառում իր նկատմամբ իրականացված նման բարբարոս և բիրտ գործողությունների դեմ: Փաստորեն, կինն անդեմ ու անպայքար մի մսագունդ է, անլեզու մի հայվան, գործիք տղամարդու ձեռքին, որը երբ` ուզի և ինչ` ուզի,  կարող է անել. օրինակ, կացնահարել, դաժանաբար ոտքերի տակն առնել ու մասերի բաժանել նրա մարմինը` դրա համար չհանդիպելով որևէ դիմադրության: Սա է հայ հասարակությունում կնոջ ընկալումը: Այս լուսանկարները կնոջ կերպարի հայ հասարակության ընկալման լավագույն արտապատկերումն են:

Հասարակությանը չի հետաքրքրում կնոջ նկատմամբ իրականացված դաժանությունը, իրեն հետաքրքրում է այն, որ դա չի կարելի անել սրբության քողի ներկայությամբ:

Այդ մասին հին անեկդոտ կա. «Բարեպաշտ պաշտոնյային կաշառք են առաջարկում, որին ի պատասխան, նա ասում է. եկեղեցու մոտ նման հարցերից չեմ խոսում, երեկոյան եկեք տուն»:

«Ճանաչիր քո երկիրը» երիտասարդական նախաձեռնության հիմնադիր Ռուբեն Բաղդիշյանը «Անկախին» ասում է, որ այդօրինակ լուսանկարները համացանցում շատ կարող են լինել: «Մարդու մոտ տարբեր հոգեբանական վիճակներ կարող են լինել, ինչպես ուզում են` կարող են նկարվել,- պատճառաբանում է նա,- իսկ երբ լուսանկարի ֆոնին վանք է, սլաքները գնում են այլ կողմ, դա վանքապղծություն է»:

Ռուբեն Բաղիշյանը մասնագիտություն չունի. այդ մասին ասաց նա: Պարզապես որդեգրել է հայ երիտասարդներին ճանաչողական բնույթի տեղեկություններ տրամադրելու ուղի, որն իրականացվում է, օրինակ, Հայաստանի տարբեր վայրեր վճարովի արշավներ կազմակերպելով կամ վերը նշված ակցիաներ ձեռնարկելով:

«Երիտասարդները պետք է մեր պատմությունը ճանաչեն,- ասում է նա,- շատերը ոչինչ չգիտեն մեր պատմական վայրերի մասին, մենք օգնում ենք, որ նրանք ճանաչեն իրենց երկիրը»:

Թե ինչպես են երիտասարդները ճանաչեցնում իրենց երկիրը, պարզ չէ, քանի որ Ռուբեն Բաղդիշյանն ասաց, որ իրենք օգտվում են տարբեր աղբյուրներից, քանի որ ինքը մասնագետ չէ:

Դրա փոխարեն, երիտասարդները շատ լավ տիրապետում են ազգային արժեքների գիտակցության վրա խաղալով` հաղթաթղեր հավաքելու ֆոնին լուրջ կերպարի իմիջ ստեղծելու կանոններին:

Համացանցում տարածված աղմուկից հետո Արվին Քոչարյանը ջնջել է Սուպեր Սաքոյի նկարները սեփական պորտֆոլիոյից, իսկ Սուպեր Սաքոն էլ Հայաստանում չէ: Սակայն, եթե անգամ այստեղ լիներ և ինչ-որ մեկնաբանություններ տար, դա իրերի դրությունը չէր փոխի:

Իսկ իրերի դրությունն այն է, որ եթե հանկարծ նման լուսանկարներ հայտնվեին, որտեղ տղամարդու փոխարեն կին պատկերված լիներ այդօրինակ ագրեսիվ գործողություններով, համոզված եմ, որ քննարկումներն ուրիշ ուղղությամբ կընթանային, և հայոց քաջազուն այրերը աղմուկի վայնասուն կբարձացնեին առ այն, թե տեսեք հայ աղջիկն ուր է հասել. օրը ցերեկով տղամարդ է կացնահարում:

 

Դիտվել է 15490 անգամ:
Print Friendly

Leave a Reply