«Ժամանակ». Գարեգին Նժդեհի հրապարակում ոստիկանները հանցագործի փոխարեն անմեղի՞ են սպանել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 22, 2011 12:35

«Ժամանակ»-ն անդրադարձել է Մետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 30-ամյա Արման Ենգիբարյանի` ոստիկանի կողմից սպանվելուն: Թերթը զրուցել է Ենգկբարյանի հարազատների հետ եւ սենսացիոն բացահայտումներ արել: Ըստ այդմ. «Արման Ենգիբարյանը խոհարար էր, «Խոհարարների ասոցիացիայի» նախագահը, որպես լավ խոհարար հրավիրվել էր հեռուստաընկերություններ՝ ցուցադրելու իր հմտությունները: Վերջին հաղորդման ժամանակ՝ ապրիլի 7-ին, Արմանը մի ոսկե ձկնիկ էր նվիրել երգիչ Սոսո Պավլիաշվիլիին: Իսկ սպանվելուց րոպեներ առաջ շատ հանգիստ խոսել էր կնոջ՝ Անժելայի հետ: Դա վերջին խոսակցությունն էր… Որովայնին եւ պարանոցին հասցված երկու կրակոցով ոստիկանները վերջ էին տվել Արմանի կյանքին՝ նրան ներկայացնելով կասկածյալ, հանցագործ: Եվ այդ ամենը շատ զայրացրել ու բազմաթիվ հարցականներ էր առաջացրել Արմանի հարազատների մոտ:

Նրա հայրը՝ Սերգեյ Ենգիբարյանը, «Ժամանակ»-ի միջոցով փորձել է այդ հարցերն ուղղել իրավասու ատյաններին, երկրի ղեկավարությանը. «Ինձ միայն մի հարց ա հետաքրքրում՝ առանց դատարանի որոշման, առանց ոչ մի բանի, լրագրողները հեռուստացույցով, թերթերում գրում են՝ վնասազերծել են հանցագործին, եւ այդ հանցագործին ոստիկանը վնասազերծում է երկու կրակոցո՞վ, մեկը որովայնին ա խփում, մյուսը՝ գլխին: էդ ի՞նչ ա նշանակում՝ երկրորդ գնդակը, որ խփել են գլխին: Գլխին խփում են՝ քիլլեր ա՞ եղել մեր ոստիկանը»: Հայրը դեռ չի հավատում, որ որդին չկա: «Ինքը խոհարար էր, «Խոհարարական ասոցիացիայի» նախագահ: Էդ որ ասում են՝ ինքը 4 ամիս հետազոտման (հետախուզման) մեջ ա եղել, ապրիլի 7-ին Հայաստանի երկրորդ ալիքով ելույթ ա ունեցել, Սոսո Պավլիաշվիլիին մրգերից, ինչից նվեր է մատուցել… Էդ ո՞նց ա լինում, որ «հանցագործը» հեռուստացույցով ելույթ ա ունենում, բայց ոչ մեկը իրան չի ճանաչում»,- հարց է տալիս հայրը ու նշում, որ ոստիկանները երբեւէ իր տուն չեն եկել, Արմանը երբեք հաշվառման մեջ չի եղել, հետախուզման մեջ չի եղել, եւ դժվարանում է սպանության որեւէ կոնկրետ վարկած առաջ քաշել: Արմանի եղբոր պատմելով՝ հանգուցյալը զինվորական ծառայության ժամանակ է սովորել խոհարարությունը եւ հետզհետե 10 տարվա մեջ կատարելագործել իր հմտությունները:

Լուսանկարը` «Ժամանակ» օրաթերթի


 

Դիտվել է 824 անգամ:
Print Friendly

Leave a Reply