2011 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարման ամփոփ բնութագիրը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 12:25

2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 325.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 332.4 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 81%-ով և 72.5%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին կիսամյակի ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 38.7%-ով, ծախսերի գծով` 35.4%-ով: Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.7 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 56.2 մլրդ դրամի դիմաց:

ՀՀ պետական բյուջեի եկամուտները

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 8.9%-ով կամ 26.6 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների հաշվին, որոնք 10.5%-ով (29.3 մլրդ դրամով) գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 9%‑ով (1.6 մլրդ դրամով), իսկ արտաքին աղբյուրներից ստացվել են ընդամենը 227 մլն դրամ պաշտոնական դրամաշնորհներ` նախորդ տարվա 1.4 մլրդ դրամի դիմաց:

Պետական բյուջեի եկամուտների 95%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 0.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11‑րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են 7.2 մլրդ դրամ կամ առաջին կիսամյակում ծրագրված մուտքերի 73.1%-ը:

2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 258.6 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի 82.1%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.2%-ով կամ 23.9 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, եկամտահարկի և այլ հարկերի աճով:

ՀՀ պետական բյուջեի ծախսերը

2011 թվականի հունվար-մայիս ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 332.4 մլրդ դրամի ծախսեր` կազմելով կիսամյակային ծրագրի 72.5%‑ը: Մասնավորապես` 304 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 28.3 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 5.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 37.4%‑ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն աճել են 7.2%‑ով կամ 22.4 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրային ծառայությունների ձեռքբերման, պետական պարտքի սպասարկման, հիմնական միջոցների, դրամաշնորհների և այլ ծախսերի աճով:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 304 մլրդ դրամ` 74.2%-ով կատարելով կիսամյակային ծրագիրը: Նախորդ տարվա համեմատ դրանք աճել են 6.8%-ով կամ 19.3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 28.4 մլրդ դրամ տրամադրվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, շուրջ 2 մլրդ դրամ` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են կիսամյակային ծրագրի համապատասխանաբար 77.9%-ը և 71.9%-ը: Նախորդ տարվա հունվար-մայիս ամիսների համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 5.5%-ով և 6.2%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերման նպատակով պետական բյուջեից օգտագործվել է 58.4 մլրդ դրամ, որը կազմել է կիսամյակային ծրագրի 71.8%-ը և 7.1%-ով գերազանցել նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Հաշվետու ժամանակահատվածում 13.1 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով ծրագրի 63.9%-ը: Մասնավորապես` նշված գումարից 9.7 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 3.4 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: Պետական պարտքի սպասարկման ծախսերը 29%-ով գերազանցել են նախորդ տարվա նույն ցուցանիշը, որը տեղի է ունեցել հիմնականում ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճի հաշվին: Պետք է ընդգծել, որ գնաճի դեմ պայքարի շրջանակներում ֆինանսական շուկայում դիտարկվող տոկոսադրույքների ընդհանուր աճի միտումը գրեթե չի անդրադառնում պետական պարտատոմսերի եկամտաբերության վրա, քանի որ միջին և երկարաժամկետ առումներով դրամական շուկայի մասնակիցների կողմից շարունակում են դիտարկվել որպես ներդրման ամենակայուն և հուսալի միջոց:

ՀՀ պետական բյուջեի պակասուրդը

2011 թվականի հունվար-մայիս ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 6.7 մլրդ դրամ պակասուրդով` նախատեսված 56.2 մլրդ դրամի դիմաց: Շեղումը հիմնականում պայմանավորված է նրանով, որ բյուջեի ազատ միջոցներից կիսամյակային ծրագրով նախատեսված 56.6 մլրդ դրամից օգտագործվել է ընդամենը 21.7 մլրդ դրամ և չեն ստացվել արտաքին աղբյուրներից նախատեսված 22.9 մլրդ դրամի վարկային միջոցները: Անցած ժամանակահատվածում ներքին աղբյուրների գծով պակասուրդի ֆինանսավորման ցուցանիշը կազմել է 26.1 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` -19.5 դրամ:


ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի բաժին

 

Դիտվել է 1130 անգամ:
Print Friendly

Leave a Reply