Քննարկվում է ռոումինգ ծառայության սակագների իջեցման հարցը

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 11:59

Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտի խնդիրները ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ուշադրության կենտրոնում են: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին հանձնաժողովից, վերջինիս ուսումնասիրությունների արդյունքում մի քանի անգամ բացահայտվել են այս ոլորտում անբարեխիղճ մրցակցության եւ գերիշխող դիրքի չարաշահման դեպքեր, որոնց առնչությամբ հանձնաժողովը համապատասխան պատժամիջոցներ է կիրառել:

Փորձի փոխանակման նպատակով Հայաստանում գտնվող Գերմանիայի դաշնային ցանցային գործակալությունից Զաբինե Բրոսսը եւ Դաշնային մենաշնորհային պայմանագրերի գերատեսչության աշխատակից Քրիստիան Բոնգարդը հունիսի 20-21-ը անցկացրել են հեռահաղորդակցության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ սեմինար- քննարկում’ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության եւ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ներկայացուցիչների հետ համատեղ: Նրանք անդրադարձել են արդիական ինտերնետային առաջարկներին, ներկայացրել, թե ինչպիսի ռազմավարություն է որդեգրել Գերմանիայի դաշնային կառավարությունը’ լայնաշերտ կապի ոլորտում, ինչպես նաեւ ինտերնետ ծառայությունների համար գանձվող սակագներին:

Գերմանացի մասնագետներն անդրադարձել են նաեւ ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից հեռահաղորդակցության ոլորտում հարուցված վարույթներին:

Քննարկում է ծավալվել հանձնաժողովի համար կարեւորություն ներկայացնող խնդիրներից մեկի՝ միջազգային ռոումինգ ծառայությունների սակագների իջեցման վերաբերյալ: Տեղեկացնենք, որ Եվրամիության երկրների շրջանակներում բջջային կապի միջազգային ռոումինգ ծառայությունների մատուցման սակագների իջեցումից հետո Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայությունը հարուցել է վարչական վարույթ’ ռոումինգ ծառայությունների բարձր սակագները հնարավոր օրենքի խախտում ամրագրելու նպատակով: ՌԴ օպերատորները հոժարակամ իջեցրել են ռոումինգ ծառայությունների մատուցման սակագները, եւ նման առաջարկ ներկայացրել ԱՊՀ անդամ երկրների, այդ թվում’ Հայաստանի օպերատորներին: Թեեւ ներկայում Հայաստանում այս ծառայության սակագինը դեռեւս որոշակիորեն մնում է բարձր մակարդակի վրա, սակայն նվազեցման ուղղությամբ տարվող գործընթացն ընթացքի մեջ է:

Միջազգային պրակտիկայում բջջային կապի օպերատորները բաժանորդին ընձեռում են հնարավորություն’ պահպանելով հեռախոսահամարը’ անցում կատարել մեկ այլ օպերատորի: Անդրադառնալով այս թեմային’ Զաբինե Բրոսսը ներկայացրել է, որ սա Գերմանիայում վաղուց կիրառվող մեթոդ է, ընդ որում’ ոչ միայն բջջային, այլ նաեւ ֆիքսված կապի ոլորտում: Խնդիրն այսօր արդիական է նաեւ Հայաստանի համար, եւ այս ուղղությամբ եւս բջջային օպերատորների կողմից արվում են որոշակի քայլեր:

Քննարկումը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում:

Հիշեցնենք, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հայաստանյան գրասենյակի ղեկավար Ջեյմս Մակբեթ Ֆորբսը տարեսկզբին ստորագրել են փոխըմբռնման հուշագիր, ըստ որի’ համատեղ ջանքեր կգործադրվեն Հայաստանում մրցակցության ոլորտի բարելավման ուղղությամբ:

 

Դիտվել է 822 անգամ:
Print Friendly

Leave a Reply