Ա. Գոչունյան. «Կարող է մի հանգրվան լինել, որ բոլորովին նոր պայմաններում ՀՀ-ն եւ Թուրքիան սկսեն հարաբերությունների կառուցումը»

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 10:39

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում առաջընթացի հնարավորությունը երկու երկրների ներքաղաքական գործընթացներով պայմանավորված չէ: «Արմենպրես»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ստամբուլի «Ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը’ անդրադառնալով այն կարծիքին, թե Թուրքիայի խորհրդարանական ընտրություններից հետո այս հարցում առաջընթաց կարձանագրվի:

«Հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր բարելավման ազդեցությունը տարածաշրջանային եւ միջազգային մակարդակում մեծ է, հատկապես’ ուժերի հավասարակշռությունների վրա կարող է Էապես անդրադառնալ: Այս առումով երկու երկրները մեծ չափով հաշվի են առնում միջազգային գործընկերների նկատմամբ ունեցած պատասխանատվությունները: Հարաբերությունների կարգավորումը երկրների ներքաղաքական գործընթացներից նվազագույն կախվածություն ունի»,- ասաց ստամբուլահայ գործիչը:

Արա Գոչունյանը մոտ ապագայում մեծ տեղաշարժեր չի ակնկալում երկու հարեւան պետություների միջեւ դիվանագիտական կապերի հաստատման գործում, քանի որ, նրա կարծիքով, «այն երկարատեւ գործընթաց է»: «Կարող է մի հանգրվան լինել, որ բոլորովին նոր պայմաններում, նոր իրադրություններում կողմերը սկսեն հարաբերությունների կառուցումը: Ոչինչ չի բացառվում, բայց հարաբերությունների կարգավորումը ժամկետների մեջ տեղավորելը դժվար է: Այս հարցում հոռետես չեմ, բայց կոնկրետ արդյունքների եւ հեռանկարների մասին այսօր խոսելը դժվար է»,- ասաց Արա Գոչունյանը:

 

Դիտվել է 657 անգամ:
Print Friendly

Leave a Reply