Գարու բերքատվության միջին ցուցանիշը Արցախում գերազանցում է 20 ցենտները

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | June 22, 2011 9:40

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանի մոտ երեկ  շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ, տեղի է ունեցել  խորհրդակցություն, որտեղ քննարկվել են գարու բերքահավաքի հետ կապված եւ ընթացիկ այլ հարցեր:

ԼՂՀ վարչապետը, նախ, հետաքրքրվել է  հանրապետության շրջաններում հունիսին ուժեղ տեղումներից տուժած հողատարածքներով: Նա հանձնարարել է  գյուղատնտեսության նախարարին ուսումնասիրություններ կատարելու համար ստեղծել հանձնաժողով: Ուսումնասիրության արդյունքների հիման վրա, ըստ վարչապետի, կձեռնարկվեն տեղումներից ու բնական այլ աղետներից տուժած հողատարածքների սեփականատերերին օժանդակելու քայլեր:

Հակահրդեհային միջոցառումների, բերքահավաքի եւ ընթացիկ խնդիրների մասին տեղեկություններով հանդես են  եկել շրջվարչակազմերի ղեկավարները: Ըստ ներկայացվածի` ընթացիկ բերքահավաքի աշխատանքները հիմնականում ընթանում են առանց խոչընդոտների, իսկ գարու բերքատվության միջին ցուցանիշը հեկտարից կազմում է 20 ցենտներ և  ավելի:

Վարչապետ Հարությունյանը, հաշվի առնելով եղանակային անկանխատեսելի պայմանները, ներկաներին հորդորել է  աշխատանքները կազմակերպել արագ`  առանց ժամանակ կորցնելու: «Երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է ավարտին հասցնել հունձը»,- ասել է Հարությունյանը:

Նա  կարևորել է  նաև  հնձից անմիջապես հետո կատարվող հերկը, որը հողի ճիշտ մշակության առաջնային`  անհրաժեշտ պայմանն է: Վարչապետը շրջվարչակազմերի ղեկավարներից պահանջել է  նաեւ այն հողօգտագործողների ցուցակը, ովքեր կգործեն հողի մշակության պահանջներին համաձայն`  հետագայում նրանց հետ համագործակցության նպատակով:

Խորհրդակցությանը քննարկվել են  նաև սերմացուի ընտրության, ծղոտի հավաքման և  գարու մշակութային տարածքները հետագայում ընդլայնելու հարցեր:

ԼՂՀ կառավարության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից տեղեկացնում են, որ խորհրդակցությանը ներկա են եղել  նաև գյուղատնտեսության նախարար Արմո Ծատուրյանը և «Գյուղի ու գյուղատնտեսության աջակցության» հիմնադրամի գլխավոր տնօրեն Վահրամ Բաղդասարյանը:

 

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply