Կայացել է ՈԱԱԿ հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2011 18:20

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» (ՈԱԱԿ) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարել է վարչապետ, հոգաբարձուների խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանը:

Օրակարգի առաջին հարցով քննարկվել է խորհրդի նախորդ նիստում արծարծված` Հայաստանում նախնական, միջին և բարձրագույն ուսումնական հաստատությունների ինստիտուցիոնալ ու ծրագրային հավատարմագրման կարգի նախագծի լրամշակված տարբերակը: Մասնավորապես, ներկայացվել են ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մշակած Հայաստանում մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների և դրանց մասնագիտությունների պետական (ինստիտուցիոնալ և ծրագրային) հավատարմագրման կարգն ու մասնագիտության կրթական ծրագրի հավատարմագրման չափորոշիչները (ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման իրականացման նպատակը մասնագիտական ուսումնական հաստատությունում որակի մշակույթի ձևավորումն է, կառավարման բարելավումը, որակավորումների ճանաչումն ու միջազգայնացումը): Քննարկվել են նաև դրանց իրականացման ժամանակացույցը և նախատեսվող ծախսերը: Արված դիտողություններով հանդերձ փաստաթուղթը հաստատվել է խորհրդի անդամների կողմից: Հարցի առնչությամբ վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ կրթության և գիտության նախարարին ներկայացնել ՀՀ կառավարության որոշման նախագիծ` վերոնշյալ կարգը հաստատելու մասին:
Նիստում արծարծվել է նաև հավատարմագրման մասին վերջնական որոշում կայացնելու հարցը, որը պետք է լինի երրորդ կողմից անկախ, թափանցիկ և ըստ նախապես հրապարակված չափորոշիչների ու ընթացակարգերի, ինչը հիմք կհանդիսանա ՈԱԱԿ-ի միջազգային ճանաչման համար:
Հոգաբարձուների խորհուրդը քննարկել և հաստատել է ՈԱԱԿ-ին Նիդեռլանդների և Ֆլանդրիայի հավատարմագրման գործակալության կողմից տեխնիկական աջակցություն ցուցաբերելու ծրագիրը: «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի տնօրեն Ռուբեն Թոփչյանը նշել է, որ ծրագրի արդյունավետ իրականացումը կնպաստի ՈԱԱԿ-ի նախապատրաստմանը արտաքին ճանաչման գործընթացին և ներգրավմանը Որակի ապահովման եվրոպական գրանցամատյանում (EQAR) 2013թ.:
Մեկ այլ հարցով հավանության է արժանացել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի աշխատակազմը համալրելու առաջարկը:

 

Դիտվել է 1481 անգամ:
Print Friendly

Leave a Reply