Վիրավորանքի ու զրպարտության ապաքրեականացումը Հայաստանում և զարգացած երկրներում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 21, 2011 17:14

Ձախից աջ` Լուսինե Հակոբյան, Բոյկո Բոև, Վահե Գրիգորյան

Երբ անցած տարի ապաքրեականացվեցին զրպարտությունն ու վիրավորանքը, մամուլի դեմ սկսվեցին հարուցվել դատական գործեր:

Նախկինում վիրավորանքի և զրպարտության հետ կապված հարցերը կանոնակարգվում էին քրեական օրենսգրքով, իսկ 2010 թ. մայիսի 18-ից հետո դա դարձավ քաղաքացիական օրենսգրքի գործառույթը:

«Լրագրողներն առանց սահմանների» կազմակերպության տվյալներով` այս տարվա առաջին քառորդում արձանագրվել է զրպարտության 12 հայց: Ընդ որում, հունիսի 11-ին դատարանը որոշում կայացրեց «Ժամանակ» օրաթերթից գանձել 3 մլն` դրամ հօգուտ Ռոբերտ և Բելա Քոչարյանների: Դատարանը մեկ այլ գործով պարտավորեցրեց «Հայկական ժամանակին» հերքում տպագրել և ԱԺ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանին, Լևոն Սարգսյանին ու Ռուբեն Հայրապետյանին վճարել 2 մլն 44 հազարական դրամ:

Քաղաքացիական օրենսգրքի նոր հոդվածի համաձայն` զրպարտության դեպքում սահմանվում է փոխհատուցում նվազագույն աշխատավարձի մինչև 2000-ապատիկի չափով (2 մլն դրամ), իսկ վիրավորանքի դեպքում` մինչև 1000-ապատիկի չափով (1 մլն դրամ):

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն «Անկախին» ասաց, որ լրատվամիջոցների դեմ իրականացված դատական գործերի շքերթը ոչ թե հոդվածի ապաքրեականացման հետևանք է, այլ օրենքի վատ ձևակերպումների, որոնք սուբյեկտիվ մեկնաբանության տեղիք են տալիս: Պատճառը նաև անկախ դատարանների չգոյությունն է: «Բացի այդ, վատը սահմանված տուգանքների վերին բարձր սահմանն է,- ասում է նա:- Սա նաև վառ օրինակ է, թե ինչպես օրենսդրական բարեփոխումները մեր իրականությունում կարող են հանգեցնել անկանխատեսելի փոփոխությունների»:

Հայաստանի անկախացումից ի վեր որևէ քրեական գործ չի հարուցվել մամուլի դեմ: 2004 թ. քրեական գործ հարուցվել է «Հայկական ժամանակ» օրաթերթի դեմ, որը, սակայն, կարճվել է և դատարան չի մտել:

Քաղաքացիական օրենսգրքով շատ հեշտ է դատարան մտնելը, մինչդեռ քրեական գործի հարուցումը շատ բարդ ու երկարատև գործընթաց է, և միայն հարուցումը կարող է ամիսներ տևել: Բացի այդ, քրեական գործ հարուցելու դեպքում նախատեսված տուգանքները շատ ավելի ցածր էին. զրպարտության դեպքում` մինչև 500 հազար և վիրավորանքի դեպքում` մինչև 400 հազար դրամ:

Միացյալ Թագավորությունում խոսքի ազատության հարցերով զբաղվող «Արթիքլ 19» կազմակերպության ավագ խորհրդատու Բոյկո Բոևը չափազանց դրական է համարում խոսքի ազատությանը վերաբերող հոդվածների ապաքրեականացումը: Նա Երևանում էր և «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի կազմակերպած երկօրյա քննարկման ժամանակ հայաստանյան մամուլի լրագրողներին պատմում էր մարդու իրավունքների եվրոպական չափանիշների մասին, օրինակներ բերում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կայացրած վճիռներից, թե ինչպես է վերաբերվել ՄԻԵԴ-ն այս կամ այն երկրում կայացված վճիռներին:

«Այս քննարկումը կազմակերպվում է Հայաստանում լրագրողների դեմ հարուցված խոսքի ազատությանն առնչվող վերջին գործերի համատեքստում: Հուսով ենք` սեմինարը կօգնի նվազեցնելու վիրավորանքի ու զրպարտության դեպքերը և կնպաստի ավելի բարձր լրագրողական չափանիշներին», – ասաց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Քարել Հոֆսթրան:

Բոյկո Բոևը հետաքրքրվում էր, թե զրպարտության ու վիրավորանքի հոդվածների ապաքրեականացումն ինչ ազդեցություն է ունեցել լրատվական դաշտի վրա: Նա ասում է, որ աշխարհում շատ չեն այն երկրները, որտեղ այդ հոդվածներն ապաքրեականացված են: «ՄԹ-ն, օրինակ, այն ապաքրեականացրել է անցյալ տարի: Հայաստանն այս ոլորտում լիդեր է»,- ասաց նա:

Միջազգային փորձագետը ուշադրություն է հրավիրում պատվին, արժանապատվությանն ու գործարար համբավին պատճառված վնասի հատուցումը կարգավորող հոդվածի երկար տեքստին` ասելով, որ երկար տեքստը պաշտպանվածության մեծ հնարավորություն է ընձեռում: «Շատ երկրներ ունեն միայն դրամական փոխհատուցում,- ասում է նա,- իսկ ձեզ մոտ կա նաև հերքման իրավունքը: Բացի այդ, ձեզ մոտ պատիվն ու արժանապատվությունը տարանջատված են, նաև վիրավորանքն ու զրպարտությունը առանձին հոդվածներ են»:

ՄԹ-ում, օրինակ, վիրավորանքի համար նախատեսված հոդված չկա: «Եթե արքայազն Չարլզը գնա համալսարան, և այնտեղ նրան դիմեն վիրավորական համարվող որևէ արտահայտությամբ, ապա նա չի կարող դատի տալ,- ասում է Բոյկո Բոևը,- ՄԹ-ում կարելի է դատի տալ այլ հիմքով, օրինակ` հասարակական կարգը խախտելու համար»:

Բոևը պատմեց ՄԻԵԴ-ում կայացված մի աղմկահարույց դատավարության մասին, երբ Ավստրիայում, աջակողմյան դիրքորոշում ունեցող մի քաղաքական գործչի ելույթին արձագանքելով, մի լրագրող գրել է, թե նա էշի մեկն է:  ՄԻԵԴ-ը որոշում կայացրեց հօգուտ լրագրողի, քանի որ բանավեճերը համարվում են շատ կարևոր: «Եթե քաղաքական գործիչը խոսում է մի բանից, որին էլ լրագրողը արձագանքել է, թե նա էշի մեկն է, և եթե ավստրիական դատարանները որոշել են, որ իրենց պրակտիկայում այդպես կարելի է, ուրեմն կարելի է, հակառակ դեպքում բանավեճ չէր լինի,- ասում է Բոյկո Բոևը,- որովհետև բանավեճերը կենսական կարևորություն ունեն հասարակության համար»:

Բոևը խնդրահարույց է համարում մեր օրենսդրությամբ սահմանված տուգանքների վերին բարձր շեմը: 1 մլն կամ 3 մլն դրամը հայ իրականության համար չափազանց բարձր է: Եթե լրագրողի միջին աշխատավարձը 100 հազար դրամ է, ապա 1մլն վճարելու համար նա պետք է 10 ամիս աշխատի: «Օրենքը պետք է համաչափություն ենթադրի,- ասում է Բոևը,- ցանկացած անհամաչափություն իրավունքի խախտում է»:

Հայաստանում լրատվամիջոցների դեմ կայացված բոլոր վճիռներում տուգանքը սահմանվել է նախատեսված առավելագույն չափով,  մինչդեռ օրենքում գրված է` «մինչև»: Սա նշանակում է, որ լրատվամիջոցի դեմ հայց են հարուցում կոնկրետ նպատակ ունենալով, այն է` քայքայել այդ լրատվամիջոցը:

Երկօրյա ուսուցողական սեմինարի թեմաների ընթացքում քննարկվեցին խոսքի ազատության միջազգային չափանիշներն ու դատական պրակտիկան, զրպարտության և վիրավորանքի, դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի և գաղտնիության, ինչպես նաև հեռարձակման ոլորտի կարգավորմանը վերաբերող հարցեր:

«Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ Լուսինե Հակոբյանն ասաց, որ այս միջոցառումը շարք է, որին կհաջորդեն փաստաբանների և դատավորների համար նախատեսված քննարկումները:

Միջոցառումը կազմակերպվել էր ԵԱՀԿ երևանյան գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան և  ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «Քաունթըրփարթ ինթերնեշնլի» աջակցությամբ:

 

 

Դիտվել է 1951 անգամ:
Print Friendly

Leave a Reply