Բոլոր պատերազմները ջրի համար են լինելու

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | June 21, 2011 16:29

Շատ վաղուց է արդեն, որ խոսվում է ապագա պատերազմների թեմաների մասին: Եթե այսօր գլխավոր կռվախնձորը նավթն է, ապա բնապահպանները կանխատեսում են, որ դրան փոխարինելու է ջուրը:

Հայաստանը չափազանց բարձիթողի վերաբերմունք է դրսևորում իր ջրային ռեսուրսների, և առհասարակ, բնական ռեսուրսների վերաբերյալ: «Հանուն կայուն մարդկային զարգացում» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը նշում է, որ  Հայաստանում կա գործող  500 հանքավայր և դեռ 300-ն էլ ձևավորման փուլում են:

«Մենք ունենք մոտ 15 խոշոր պոչամբարներ, որոնք թունավորում են շրջակա միջավայրը,- ասում է նա,- բարեփոխումների և մասնավորեցման արդյունքում մենք իջել ենք ցածրագույն մակարդակի և դարձել ենք հումքային կառույց այլ երկրների համար»:

Բոլոր այդ հանքերի շահագործումը, երբ հանքը բացելու համար պետք է պայթեցնել և վնաս պատճառել բնությանը, աղտոտում են թե´ շրջակա միջավայրը, թե´ հանքի մերձակայքում հոսող ջրերը, իսկ դրանցից շատերն ապահովում են խմելու ջրի պաշարը:

Ուսումնասիրելով ՀՆԱ կառուցվածքը պարզ է դառնում, որ հանքարդյունաբերությունը ՀՆԱ կառուցվաքծում կազմում է չնչին տոկոս: 2009թ. այն կազմում է ՀՆԱ 1.7 տոկոսը` մոտ 52 մլն. դրամ շրջանառությամբ, և 2010թ. 2.5 տոկոս` 88 մլն. դրամ շրջանառությամբ: Հանքարդյունաբերության նկատմամբ անհամեմատ շահեկան դիրքում է գտնվում գյուղատնտեսությունը, որը 2009թ. ՀՆԱ-ում ունեցել է 16.7 տոկոս մասնաբաժին, իսկ 2010թ.`17.2 տոկոս:

«Ստացվում է, որ մարդիկ ստանում են գերշահույթներ, իսկ բյուջե փոքր գումարներ են մտնում»,- ասում է Դանիելյանը:

Բնապահպանի խոսքով` հանքարդյունաբերող ընկերությունները շատ անխնա են վարվում հումքի հետ: «Նրանք ստացված հումքից վերցնում են 0,7-08 տոկոս է, իսկ  մնացած 99 տոկոսը` թափոններ են, որոնք մնում են Հայաստանում»,- ասում է Դանիելյանը:

Դանիելյանի խոսքով թափոններով «հարուստ» է Սյունիքի մարզը` մոտ 98 տոկոս, իսկ 2 տոկոսն էլ  բաժին է ընկնում Լոռու մարզին:

Բնապահպանները մատնացույց են անում ակնհայտ հակասությունը. պետությունը հայտարարելով հանքարդյունաբերությունը, գյուղատնտեսությունն ու տուրիզմը գերակա ուղղություններ, պայթյունավտանգ ծրագրեր է իրականացնում:

Տաթևի վանական համալիրը փողհարելով որպես տուրիզմի համար գայթակղիչ գոտի և կառուցելով աշխարհի ամենաերկար ճոպանուղին, միաժամանակ  երկու երկաթի հանք է շահագործում այնտեղ:

«Եթե մենք առաջ ենք քաշում մաքուր գյուղատնտնեսություն, դա սկզբունքորեն անհնար է հանքարդյունաբերության զարգացման հետ,- ասում է նա,- քանի որ հանքի շահագործման հետևքանով առաջացած պայթյունների կողքին գյուղատնտեսական հողեր են մշակվում,  ջրային ռեսուրսներն  աղտոտված են այնպես, որ այստեղից արդեն սննդամթերքի խիստ աղտոտվածություն է առաջանում: Ախթալա գետակն այլևս գետ անվանել հնարավոր չէ, իսկ Դեբեդի ստորին մասերում  ծանր մետաղների պարունակությունն այնքան բարձր է, որ դրա հետևանքով առողջ սնունդ արտադրելը անհնար է դառնում»:

Երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Յադոյանն ասում է, որ տվյալ դեպքում միակ լուծումն այն է, որպեսզի հանքի շահագործողներն այլ ճանապարհ բացեն: «Եթե նրանք մտածում են, որ տուրիստները պետք է գան-գնան մի ճանապարհով, որտեղ անընդհատ հանքանյութով բեռնված մեքենաներ են գնում և շուրջբոլորը փոշի է, ապա սխալվում են»,- ասում է նա:

Նույնն է նաև իրավիճակը տուրիզմի հարցում: Միջազգային կազմակերպությունների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդիկ մեծ բավականություն են ստանում Հայաստանի լանդշաֆտներից և պատմական հնամենի հուշարձաններից, բայց որպես բացասական երևույթ` բոլորն էլ նշում են  շրջակա միջավայրի աղտոտվածությունը:

Ռուբեն Յադոյանը կարևորում է Կապուտանի երկաթի հանքավայրը, որը գտնվում է Հրազդանի մոտ: 1970թթ անցկացված ուսումնասիրությունները պարզել են, որ այնտեղի երկաթը շատ որակյալ է: Սակայն Կապուտանի հանքավայրի վրայով է անցնում  Կրբուլախ կոչվող 40 աղբյուրների ջրերը, որոնք վայրկյանում տալիս են  2500 լիտր ջուր, և որն էլ հանդիսանում է Երևանի խմելու ջրի մատակարարը:

Կապուտանի հանքավայրը, ըստ Ռուբեն Յադոյանի տեղեկությունների, շահագործելու են չինացիները:

«Ու չինացիները այդպիսի ծախսերի առաջ չեն կանգնի, որպեսզի փրկի այդ ջրերը: Չեմ էլ պատկերացնում, թե ինչպես պետք է շահագործեն այդ հանքավայրը, որ չխանգարեն մեր ջրերի հոսքին»,- ասում է նա:

Հայկական տեխնոլոգիական ակադեմիայի անդամ Լալա Թևոսյանն էլ ավելացնում է, որ Հայաստանի ընդերքն ունի Մենդելևի աղյուսկաի բոլոր էլեմենտները, բայց դա չի նշանակում, որ մենք պետք է ընդերքը վեր ու վար անենք. «ինչ է թե մի երկու հոգի ուզում են փող աշխատեն»:

Դանիելյանն առաջարկում է մորատորիում հայտարարել հանքերի շահագործման վերաբերյալ:

Կարինե Դանիելյանն առաջարկում է շահագործել եղած պոչամբարները, քանի որ տեխնոլոգիաներն այսօր դա թույլ տալիս են:

«Սակայն ոչ մեկին դա չի հետաքրքրում, քանի որ պոչամբարի շահագործումը թանկ է և դժվար,- ասում է նա,- Բացի այդ, կարելի է ոչ թե հանքանյութը հանել, այլ օգտագործել հումքն ու ստանալ ապրանքներ»:

Լալա Թևոսյանն իր հերթին նշումէ , որ Հայաստանի ընդերքը Մենդելեևի աղյուսակի բոլոր տարրերը ունի, սակայն դա չի նշանակում, որ հանքերը պետք է անխնա շահագործվեն:

Բնապահպանները մայիսի 20-ին նամակ են ուղղել ՀՀ նախագահին, վարչապետին և ԱԺ նախագահին: Նամակում խոսվում է Աբովյանի, Հրազդանի, Սվարանցի հանքավայրերի շահագործման արդյունքում էկոլոգիական աղետի մասին:  Նամակում կոչ է արվում  նախագահին պետական բաժնեմասերը ներկայիս հինգ տոկոսից հասցնել քսանհինգի, չեղյալ համարել այն լեռնային հանքահումքային ընկերությունների արտոնագրերը, որոնք խախտում են գործող օրենքները, արգելել արգելոցների շրջակայքերում նոր հանքի շահագործումը:

Մինչ օրս բնապահպանները  այդ հարցերի շուրջ քննարկման հրավեր են ստացել միայն էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունից:

 

 

 

 

Դիտվել է 1626 անգամ:
Print Friendly

Leave a Reply