Արամ Սիմոնյանը վերընտրվել է ԵՊՀ ռեկտորի պաշտոնում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 21, 2011 16:16

Երեւանի պետական համալսարանի խորհրդի՝ հունիսի 21-ին տեղի ունեցած նիստում 60 «կողմ», 7 «դեմ» եւ 2 անվավեր քվեներով ԵՊՀ ռեկտոր է վերընտրվել Արամ Սիմոնյանը։ Ի դեպ, վերջինս ռեկտորի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում առաջադրված միակ թեկնածուն էր։

Ինչպես լրագրողների հետ զրույցում նշեց նորընտիր ռեկտորը, ինքը հավատարիմ է մնալու բուհի կառավարման հիմնական ռազմավարական ծրագրին, որը, նրա խոսքով, մի քանի թիրախներ ունի։ «Այդ թիրախներից առաջինն ընդունելության ոլորտում մենեջմենթի բարելավումն է, այսինքն՝ ԵՊՀ-ն իր հիմնական խնդիրներից մեկը պետք է դարձնի դեպի ավագ դպրոց դեմքով շրջվելը։ Ըստ ամենայնի, մենք պետք է համագործակցենք ավագ դպրոցի հետ, որպեսզի կարողանանք մի կողմից մասնագիտական կողմնորոշման միջոցով, մյուս կողմից մեր բուհի՝ մրցակցության մեջ առաջամարտիկ լինելու պայմաններով դիմորդների հոծ թիվ եւ որակ ապահովել։ Բացի այդ, նախատեսում ենք մոտ ժամանակներս համալսարանին կից հենակետային վարժարան ունենալ, եւ իհարկե, ԵՊՀ-ի հենակետեր ունենալ հանրապետության բոլոր մարզերում։ Շիրակում եւ Տավուշում նման հենակետեր արդեն իսկ կան, կլինեն նաեւ մյուս բոլոր մարզերում»,- խոստացավ Արամ Սիմոնյանը։

Անդրադառնալով բուհի կրթական որակի բարելավմանը՝  վերընտրված ռեկտորը նշեց, որ որակի կատարելոգործումն իրենց համար մշտական գործընթաց է, որը ենթադրում է ինչպես ուսումնական ծրագրերի մշակում եւ անընդհատ թարմացում, այնպես էլ նոր մասնագիտութունների ուսուցանում, ուսանողակենտրոն կրթության արմատավորում։ «Նախատեսվում է նաեւ գիտահետազոտական աշխատանքների ինտենսիվացում, բացի դրանից, այդ աշխատանքների արդյունքեների ապրանքայնացում կամ առեւտրայնացում»,-նշեց Սիմոնյանը։

Ամփոփելով՝ ԵՊՀ ռեկտորը տեղեկացրեց, որ Հայաստանի նախագահ, ԵՊՀ խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը այսօր կայացած ընտրությունների ժամանակ իրեն եւ համալսարանի ղեկավարությանը հորդորել է բարձրացնել բուհի կրթական որակները եւ անել ամեն բան՝ ԵՊՀ-ն տարածաշրջանային նշանակության կրթահամալիր դարձնելու համար։ «Սերժ Սարգսյանը ուշադրության կիզակետում է պահում ԵՊՀ-ի գործունեությունը»,- հավաստիացրեց Արամ Սիմոնյանը։

 

NEWS.am

 

Դիտվել է 1593 անգամ:
Print Friendly

Leave a Reply