Հարցվածների 61 %-ը «Ոչ» է ասել «Մադրիդյան սկզբունքներին»

Շաբաթվա լուր, ՔԱՂԱՔԱԿԱՆ | | August 26, 2009 14:34

untitled2009 թվականի հուլիսի 10-ին ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահները պաշտոնապես հրապարակեցին ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Մադրիդյան սկզբունքները»:

Ի՞նչ է մտածում հայ հասարակությունը «Մադրիդյան սկզբունքների» մասին մասնավորապես ու ղարաբաղյան հակամարտության կարգավորման ներկա փուլի մասին ընդանրապես:

Չհավակնելով ցույց տալ բացարձակ հանրային կարծիքն այդ խնդրի նկատմամբ, Քաղաքական զարգացումների հետազոտական կենտրոնը (PDRC),
հաշվի առնելով «Մադրիդյան սկզբունքների»հայտարարումից հետո բանակցային ներկա փուլի առանձնահատկությունը, կարևորելով կարգավորման գործընթացի նկատմամբ հանրային տրամադրության առանձնահատկությունները և դրա համատեքստում հարմարվողականության ու ռիսկայնության գործակիցների ուսումնասիրությունը, նկատի ունենալով քաղաքական որոշումներ ընդունելու հանրային համաձայնության և վերահսկողության հրամայականը, անցկացրել է «Արդյո՞ք «Մադրիդյան սկզբունքները» ընդունելի են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար» ինտերնետային հարցում:

Հարցումն անցկացվել է մեկ ամսվա ընթացքում` հուլիսի 20-ից մինչև օգոստոսի 20-ը, որին մասնակցել են Հայաստանի և Սփյուռքի 18-ից 40 տարեկան ինտերնետ օգտագործողներ: Հարցումներն ուղարկվել են 3651 հոգու, որոնցից մասնակցել են 2021-ը: Հարցումը տեղադրվել է երկու հիմնական կայքերում երկու առանձին թիրախային խմբերի մասնակցության համար:

1. Հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող 18-30 տարեկան 1225 երիտասարդներ, որոնք անդամակցում են հիմնականում ինտերնետի սոցիալական ցանցերում( www.odnoklassniki.ru, www.facebook.com և այլն):

2. 25-40 տարեկան փորձագետ-գիտամանկավարժական խավ` 2426-ը հոգի, որոնցից 638-ը` սփյուռքահայ:

Արդյունքները ցույց են տալիս, որ 1-ին խումբը, այսինքն ինտերնետից օգտվող 18-30 տարեկան հասարակական ակտիվությամբ աչքի ընկնող երիտասարդները անհամեմատ նվազ հետաքրքրություն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման նկատմամբ, քանի որ 1224 հոգուց միայն 10 %-ն է (121) մասնակցել հարցմանն ու քվեարկել:

Փորձագիտական-գիտամանկավարժական խումբն անհամեմատ բարձր մասնակցություն է ցուցաբերել. ընտրված 2426-ից քվեարկել են 78,31 %-ը (1900-ը):

Հարցին` «Արդյո՞ք «Մադրիդյան սկզբունքները»ընդունելի են Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի համար», հարցմանը մասնակցած 2021 հոգուց`
1239-ը պատասխանել է «ՈՉ», (61«30%)
492-ը պատասխանել է «Այո», (24«34%)
288-ը պատասխանել է «ՉԳԻՏԵՄ», (14«25%):

Սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցելությունը տարածաշրջան, որի ընթացքում նրանք պատրաստվում են «Մադրիդյան սկզբունքների»նոր` լրամշակված տարբերակ առաջարկել բանակցային կողմերին: Սակայն, դժվար թե «թարմացված» այդ փաստաթուղթը սկզբունքային առումով տարբերվի իր նախորդից: Ուրեմն հասարակության այսօրվա կարծիքը այդ «նորի» նկատմամբ հիմնականում կմնա նույնը:

phl_0014-copy

Այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ Վահան Դիլանյանը ներկայացնում է հարցման արդյունքները

Այս տվյալները խոսում են այն մասին, որ հակամարտության կարգավորմամբ հետաքրքրվող հանրության մի ազդեցիկ հատված (հաշվի առնելով հարցվածների մասնագիտական մակարդակը), ոչ միայն չի աջակցի այդ փաստաթղթի նկատմամբ հասարակական ադապտացիային, այլև սուր կերպով կընդդիմանա դրան:

Այս առումով ուշագրավ են նաև «PDRC»-ին ուղարկված հարցերն ու մեկնաբանությունները:

Հարցումն անցկացնելու ողջ ամսվա ընթացքում Կենտրոնը ստացել է մոտ 40 նամակ, որոնցում կային կա´մ «Սկզբունքների» մասին հարցեր, կա’մ դրանց նկատմամբ բացասական վերաբերմունք: (ընդամենը 4 նամակ է եղել, որ բացարձակ ընդունելի է համարել «Մադրիդյան սկզբունքները»` որպես «վերջնական խաղաղության» հասնելու հնարավորություն):

Հարցերը հիմնականում առաջացել էին կարգավորման այդ փաստաթղթի «անորոշ» ու «լղոզված» լինելու հանգամանքից. օրինակ` «քանի՞ տարածք ենք տալու», «ո՞ր տարածքներն ենք տալու», «նոր հանրաքվե՞ է իրականանալու», «քանի՞ ադրբեջանցի փախստական պետք է գա» և այլ նմանատիպ հարցեր:

Ուղարկված մեկնաբանությունների մեծ մասը, ինչպես նշեցինք, քննադատում են «Մադրիդյան սկզբունքներն» ու վրդովմունք արտահայտում բանակցային ներկա փուլի նկատմամբ. օրինակ, կա խիստ մտահոգություն ղարաբաղյան հասարակության ու Հայաստանի հարավային մարզերի բնակչության անվտանգության նկատմամբ, որ տեղակայվելիք խաղարար զորքերը չեն կարող երաշխավորել ղարաբաղյան բնակչության անվտանգությունը: Մեկնաբանություններ են եղել, որոնք բացարձակապես անընդունելի են համարում որևէ տարածքի զիջումը Ադրբեջանին և ուղղակի «չեն հավատում», որ նման բան կլինի:

Միջնորդ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության նկատմամբ ևս քննադատություններ կան, որոնք հիմնականում ուղղված են մասնավորապես ամերիկյան համանախագահ Մեթյու Բրայզայի դեմ: Նույնիսկ փաստաթղթի ոչ-հայանպաստ լինելու հանգամանքը կապում են Բրայզայի անձի հետ:

Ամփոփելով` կարելի է եզրակացնել, որ ղարաբաղյան հակամարտությամբ հետաքրքրվող հայ հանրության մի ազդեցիկ հատված չի վստահում ու քննադատաբար է վերաբերվում «Մադրիդյան սկզբունքներին» ու ընդհանրապես բանակցային ներկայիս գործընթացին: Նաև այդ սկզբունքենրը շատերի համար անորոշ են:

Թեև հարցումն անցկացվել է ինտերնետով ու հասարակության մի հատվածի մեջ, այսուհանդերձ հայաստանյան իշխանությունները պետք է հաշվի առնեն հանրային կարծիքի այս պատկերն ու համապատասխան քայլեր ձեռնարկեն: Հակառակ դեպքում` հասարակական մթնոլորտը կարող է սրվել և անկայունության «ռիսկի» գործակիցը մեծանալ:

Դիտվել է 1262 անգամ:
Print Friendly

Leave a Reply