«Մարդիկ հաց ե՞ն ուտում, որ աղբ առաջանա». Վ. Դալլաքյան

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2011 15:39

Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը կարծիք հայտնեց, որ հարցը Ազգային ժողովում` այն էլ արտահերթ կարգով քննարկելը սխալ է: Պատգամավորըի համոզմամբ, աղբահանությունը Հայաստանի գերխնդիրներից չէ:

Անդրադառնալով կառավարության ներկայացրած հիմնավորմանն, ըստ որի աղբահանությունը առաջնահերթ հիմնախնդիրներից մեկն է և դրա գործող համակարգը չի համապատասխանում միջազգային չափանիշներին, Դալլաքյանը հարց բարձրացրեց. «Իսկ թոշակների, աշխատավարձերի, նպաստների չափը համապատասխանո՞ւմ է միջազգային չափանիշներին: Մարդիկ հաց ե՞ն ուտում, որ աղբ առաջանա»,-ասաց նա:

Պատգամավորը գործընկերների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ եթե նախկինում աղբանոցներից օգտվում էին շները, հետո` մարդիկ, այժմ օգտվում են շներն ու մարդիկ միաժամանակ. «Պայքար է գնում հացի և սննդի մնացորդների համար. ա´յ սա է Հայաստանի թիվ 1 խնդիրը»:

Դալլաքյանի գնահատականով` հետևողականորեն այս հարցին տրվում է անհիմն կարևորություն, այնինչ Հայաստանում կա աղբի դեֆիցիտի խնդիր. «Համատարած աղքատության դեպքում չի կարելի նման մոտեցում որդեգրել և մարդկանց վզին անհիմն չափերի հասնող լրացուցիչ հարկատեսակներ փաթաթել, հիմա դրա ժամանակը չէ»,-կարծում է  Դալլաքյանը:

Հիշեցնենք, որ անցած տարեվերջում Ազգային ժողովը քննարկել էր «Աղբահանության մասին օրենքի»  ընդունումը, սակայն այն չէր ընդունվել:

Նախկին օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում էր մեկ անձի համար գանձվող վարձավճարը 250 դրամից դարձնել 500 դրամ:

Ներկա օրինագծով աղբահանության վճարը սահմանվում է` կենցաղային աղբի համար` ըստ հաշվառված անձանց թվաքանակի` համայնքում անձնագրային հաշվառման կանոններով, ըստ հասցեի հաշվառում ունեցող յուրաքանչյուր բնակչի համար` առավելագույնը 400 դրամ, ընդ որում, եթե տվյալ հասցեում որևէ անձ հաշվառված չէ, ապա տվյալ բնակելի շինության կամ բնակարանի համար կարող է հաշվարկվել աղբահանության վճար մեկ բնակչի համար սահմանված դրույքաչափով:

Ըստ բնակելի շինության կամ բնակարանի ընդհանուր մակերեսի՝ մեկ քառակուսի մետր մակերեսի համար` առավելագույնը 25 դրամ:

 

 

 

Դիտվել է 1143 անգամ:
Print Friendly

Leave a Reply