Ավանդական թանն` ընդդեմ շոգի

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | June 21, 2011 12:39

Ամառվա շոգին երկու հիմնական գործոն կարող է բացասական ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա, այն է’ ուլտրամանուշակագույն ճառագայթներն ու ջերմաստիճանի բարձրացումը: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման բաժնի պետ Նունե Բակունցը, եթե ուլտրամանուշակագույն ճառագայթների բավարար քանակություն է լինում, ապա այն կարող է դրական ազդել, հակառակ դեպքում’ բացասական հետեւանք է սպասվում: Հնարավոր է լինի արեւահարություն, որն իր ազդեցությունը կարող է ունենալ մաշկի, աչքերի վրա եւ այլն:

Արեւահարությունից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս նախ դրսում չգտնվել 12.00-18.00-ն ընկած ժամանակահատվածում: Այդ ժամերին ճառագայթումն ուժեղ է: Ն. Բակունցը նշեց, որ խրոնիկ հիվանդներին, երեխաներին, հղիներին, ծերերին խորհուրդ է տրվում այդ ժամերին գտնվել փակ տարածությունում: Նրանք, ովքեր աշխատանքի բերումով ստիպված են այդ ժամերին լինել դրսում, ապա պետք է իրենց հետ վերցնեն պաշտպանիչ միջոցներ’ գլխարկ, արեւային ակնոց, հովանոց եւ այլն: Բարձր ջերմաստիճանի պարագայում մարդը քրտնարտադրության միջոցով կորցնում է մեծ քանակությամբ հեղուկ, աղեր, սպիտակուց: Ն. Բակունցը նշեց, որ օրվա ընթացքում մարդը պետք է խմի առնվազն 2-3 լիտր հեղուկ: Ըստ նրա’ ցանկալի է, որ լինի սովորական կամ հանքային ջուր: Տեսչության իրավական ապահովման բաժնի պետը նկատեց, որ այս պարագայում լավ տարբերակներից է թանը, որն իր մեջ պարունակում է ե’ւ ջուր, ե’ւ սպիտակուց, ե’ւ աղ: Խորհուրդ է տրվում հեղուկը խմել գոլ կամ քիչ հովացրած վիճակում, շատ սառը խորհուրդ չի տրվում: Ն. Բակունցը նշեց, որ օրվա ընթացքում չպետք է չարաշահել նաեւ կոֆեին պարունակող ըմպելիքները:

«Խրոնիկ հիվանդություններիով անձանց խորհուրդ է տրվում օրվա ընթացքում խմելիք ջրի քանակը համաձայնեցնել բժիշկների հետ, որպեսզի խնդիրներ չառաջանան»,-ասաց նա:

Ամառվա շոգին պետք է շատ հաճախ օդափոխվեն սենյակները, փոխադրամիջոցները: Խորհրուրդ չի տրվում երկար ժամանակ արեւի տակ կայանած փոխադրամիջոցով տեղափոխվել:

Ամառվա շոգերին աղիքային հիվանդությունների առաջացման հավանականությունը մեծանում է: Ն. Բակունցը նշեց, որ շոգին անհրաժեշտ է նաեւ ուշադրություն դարձնել սննդակարգին: Պետք է ուտել ավելի թեթեւ, հեշտ մարսվող սնունդ: Խորհուրդ է տրվում խուսափել գետնանցումներում կամ նման վայրերում տեղում պատրաստվող ուտելիքներից: Դրանք կարող են անվտանգ չլինել: Տեսչության ներկայացուցչի խոսքով’ պետք է ուշադրություն դարձնել, որ ուտելիքները պատրաստվեն առավել փակ տարածքներում, համապատասխան պայմաններում, հիգիենիկ կանոնները պահպանվեն:

Սննդամթերքին պետք է ուշադիր լինել նաեւ տանը, հատկապես, եթե դրանք շուտ փչացող են: Բաց տարածքներից գնված միրգը, բանջարեղենը պետք է հոսող ջրի տակ լավ լվանալ, նոր ուտել:

 

Դիտվել է 1138 անգամ:
Print Friendly

Leave a Reply