Ո ՞ ւր է Ազգային վիճակագրական ծառայության «կուլ տված» 2,8 միլիարդ դրամը

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | June 21, 2011 10:39

Վիճակագրական տվյալների հետ գործ ունենալուց զգույշ լինելը չի խանգարի, թեեւ 2,8 միլիարդ դրամի տարբերությունը նկատելն այնքան էլ բարդ չէ: Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած ընթացիկ տարվա մայիսի նախնական տվյալների փաստաթղթում ներկայացված է երկրի մակրոտնտեսական կարեւորագույն ցուցանիշների դինամիկան` ըստ ամիսների: Օրինակ` Հայաստանի գյուղատնտեսության համախառն արդյունքը կազմել է 15,7 միլիարդ դրամ (կլորացրած): Իսկ ավելի վաղ հրապարակված «Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակը 2011թ. հունվարին» զեկույցում այդ նույն ցուցանիշը 2,8 միլիարդ դրամով ավելի էր, 18,5 միլիարդ դրամ էր:

Ի դեպ, 2011թ. հունվարին գյուղատնտեսության համախառն արդյունքը նախորդ տարվա նույն ամսվա համեմատ կրճատվել էր 2,5 տոկոս: Անհետացած 2,8 միլիարդ դրամի հաշվարկով այդ անկումը կազմում է 17,3 տոկոս:

Ստացվում է, որ այդ վիթխարի «սխալը» քողարկել է անասնաբուծության ծայրահեղ անբարենպաստը վիճակը: Հունվարին անասնաբուծությունը գերակշռում էր գյուղատնտեսության համախառն արդյունքում: Բացի այդ «իջեցված» հունվարյան բազան հնարավորություն կտա աճի «բարձր» տեմպեր ունենալ ապագայում:

Այսպիսով, ընթացիկ տարվա անցած հինգ ամիսների տվյալները չեն համընկնում գյուղատնտեսության համախառն արդյունքում 10 տոկոս աճ ունենալու պաշտոնական հավաստիացումների հետ: Ըստ ամենայնի, ամբողջ հույսը հարուստ բերք ունենալն է, ինչը կլրացնի կենդանաբուծությունում առկա անկումը:

Եթե գումարենք ցուցանիշներն ըստ ամիսների, ապա կստանանք Ազգային վիճակագրական ծառայության նախկին զեկույցների սովորական պատկերը: Ընթացիկ գներով, գրեթե բոլոր մակրոտնտեսական ցուցանիշներում գրանցվել է երկնիշ աճ: Անցած տարվա առաջին հինգ ամիսների համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 20,3 տոկոս, իսկ նույն գյուղատնտեսությունը` 53,8 տոկոս:

Ապրանքաշրջանառությունը, որի մեջ մանրածախ առեւտրից բացի ներառված են նաեւ մեծածախ շրջանառությունն ու ավտոմեքենաների վաճառը, աճել է 17 տոկոս, իսկ ծառայությունները` 10,2 տոկոս: Բացառություն է միայն շինարարությունը, որը կրճատվել է 1,8 տոկոս:

Սակայն, եթե հաշվի առնենք  ցուցանիշների ֆիզիկական ծավալը գներով, ըստ ամիսների եւ դիտարկենք դրանց շղթան, ապա նույն գյուղատնտեսությունում աճը ապրիլին` հունվարի համեմատ կազմել է 9,1 տոկոս, իսկ մայիսին` ապրիլի համեմատ` 0,1 տոկոս:

Հուսադրող են ցուցանիշները արդյունաբերությունում (ներառյալ էլեկտրաէներգիայի արտադրությունն ու բաշխումը եւ գազի բաշխումը): Ապրիլից մայիս աճը կազմել է 25,1 տոկոս: Մայիսի համար առայժմ ներկայացված են միայն ընդհանրացված ցուցանիշները: Սակայն հունվար – ապրիլ ամիսների մանրամասն տվյալները հնարավորություն են տալիս պնդել, որ արդյունաբերական աճն ապահովել են լեռնահանքային արդյունաբերությունը, դրա հետ կապված վերամշակող արդյունաբերության ճյուղերը, նաեւ սննդամթերքի արդյունաբերության դրական միտումները, թեեւ ոգելից խմիչների եւ ծխախոտի արտադրությունում պահպանվում են անբարենպաստ միտումներ:

 

NEWS.am

 

Դիտվել է 1319 անգամ:
Print Friendly

Leave a Reply