Նվեր առարկայական օլիմպիադաներում լավագույն արդյունք գրանցած աշակերտներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 20, 2011 16:32

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնությամբ առարկայական օլիմպիադաներում լավագույն արդյունք գրանցած աշակերտներն այս տարի ամառային հանգիստը կանցկացնեն Ծաղկաձորի «Ալիք» հանգստյան տանը: Մայրաքաղաքի հանրակրթական դպրոցներում սովորող 64 աշակերտների սպասվում է անակնկալներով ու հետաքրքրաշարժ առօրյայով 11 օրյա հանգիստ:

Երեխաների առաջին խումբը հունիսի 20-ին ուղևորվեց Ծաղկաձոր.

«Քաղաքապետը տարվա ընթացքում հետևողական է եղել դպրոցներում կրթության վերջին բարեփոխումների հետ կապված զարգացումներին և այդ համատեքստում հատուկ ուշադրություն է դարձրել հատկապես առարկայական օլիմպիադաներում աշակերտների գրանցած արդյունքներին: Հաշվի առնելով, որ Կարեն Կարապետյանը առանձնակի է կարևորում կրթության դերը երկրի զարգացման գործում, որպես խրախուսման եղանակ ընտրեց այս տարբերակը»,- նշեց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության  և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաղորդում են, որ քաղաքապետի հանձնարարությամբ հատուկ ուշադրություն է դարձվել երեխաների ժամանցի կազմակերպմանը և սննդակարգին:

Ծրագրի բոլոր մանրամասները նախօրոք ներկայացվել են երեխաների ծնողներին: Ողջունելով քաղաքապետի այս նախաձեռնությունը, ծնողներն էլ իրենց հերթին նշեցին, որ այն մեծ ոգևորություն կառաջացնի նաև մյուս աշակերտների մոտ և հույս հայտնեցին, որ նրանք ևս կձգտեն լավ սովորել ու օգտվել ամառային հանգստի նման հնարավորությունից:

 

 

 

 

 

Դիտվել է 1172 անգամ:
Print Friendly

Leave a Reply