Հավանական լցոնում` 25 ընտրատեղամասերում

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 4, 2009 18:58

mhm41977-copy-1Երևանի ավագանու ընտրությունների մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) հրապարակած նախնական տվյալներում կան բազմաթիվ անճշտություններ. 25 ընտրատեղամասերից ստացված տվյալների համաձայն` օգտագործված քվեաթերթիկների ելունդների թիվը չի համապատասխանում քվեաթերթիկների համար նախատեսված ծրարների թվին (այսինքն` քվեատուփում առկա են առանց քվեաթերթիկների ծրարներ): Օրինակ` 2/04 ընտրատեղամասից ստացված տվյալներով` քվետաուփում եղել է 1.188 քվեաթերթիկ, իսկ ելունդների թիվը` 13, 3/33 և 3/18 ընտրատեղամասերում ծրարների թիվն ավելացել է 30-ով:

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) ներկայացուցիչ Աղասի Եսայանն ասում է, որ անճշտությունը կարող է նշանակել ակնհայտ լցոնում կամ էլ ընտրակեղծիքների «կարուսել» տարբերակի կիրառում. «Ճիշտ է, հնարավոր է, որ մարդ գա քվեարկության և մոռանա քվեաթերթիկը դնել ծրարի մեջ, բայց նման դեպքերը հազվադեպ են լինում: Իսկ ծրարը կնքող անդամն իրավունք չունի այն բացել ու քվեաթերթիկի առկայությունը ստուգել»:

ԿԸՀ-ի համակարգչային ծառայության վարչության պետ Ելենա Այվազյանը չբացառեց, որ կան անճշտություններ. «Ընտրատեղամասերից նախնական տվյալները մեզ փոխանցել են էլեկտրոնային տարբերակով, հնարավոր է` մուտքագրելու դեպքում էլ են սխալվել»:

Բոլոր ընտրատեղամասերում կկազմվեն արձանագրություններ ու կփոխանցվեն ԿԸՀ, իսկ վերջնական տվյալները, համաձայն Ընտրական օրենսգրքի, կհրապարակվեն ընտրություններից 7 օր հետո` հունիսի 7-ին:

Դիտվել է 1394 անգամ:
Print Friendly

Leave a Reply