Ադրբեջանահայ փախստականները իրենց շահերը անտեսված են համարում

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | June 20, 2011 15:53

Հրանուշ Խառատյանի խոսքով` ադրբեջանահայերի շահերը որեւէ կերպ ներկայացված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային օրակարգերում:

Ադրբեջանահայ փախստականների ներկայացուցիչներն ասում են, որ միջազգային պատկան կազմակերպությունները եւ Հայաստանի իշխանությունները հետեւողականորեն անտեսում են ղարաբաղյան հակամարտության հետեւանքով փախստական դարձած հազարավոր հայերի հիմնախնդիրները: Ադրբեջանահայերի համագումարի կազմկոմիտեի անդամներ Արարատ Ծատուրյանը եւ  Նիկոլայ Բաբաջանյանը այս տեսակետը հայտնեցին փախստականների միջազգային օրվա կապակցությամբ հրավիրված ասուլիսում:

Ասուլիսին ներկա ազգագրագետ Հրանուշ Խառատյանի հավաստմամբ` ադրբեջանահայերի շահերը որեւէ կերպ ներկայացված չեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային օրակարգերում: Ազգագրագետի կարծիքով` այդ հանգամանքն առավել տագնապեցնող է` հաշվի առնելով հունիսի 24-ին կայանալիք Կազանի գագաթաժողովը, որի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի նախագահները:

Խառատյանին, մասնավորապես, խիստ մտահոգել է մայիսին ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպումից հետո Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի արած հայտարարությունը. – «Հայաստանը փախստականներին ընդունելու առաջին օրերից որդեգրել է  հասարակության մեջ նրանց ինտեգրման քաղաքականությունը, երբեք չի քաղաքականացրել փախստականների հարցը», – ասել էր Հայաստանի նախագահը:

«Բայց փախստականները ունեն իրենց օրակարգում այդ հարցը եւ անընդհատ դիմել են Հայասանի իշխանություններին ամենատարբեր մակարդակներով իրենց պրոբլեմը դարձնել քաղաքական քննարկման խնդիր: Իրենք ուզում են իրենց հայրենիքում ապրել, ուզում են ժառանգորդել իրենց մշակույթը», – ասաց Խառատյանը:

Ասուլիսին ներկա բանախոսները, արտահայտելով իրենց դժգոհությունը եւ զայրույթը, հարցնում էին, թե ինչո՞ւ պետք է փախստականների մասին միջազգային կոնվենցիաները վերաբերեն ում ասես, միայն ոչ ադրբեջնահայերին, ինչո՞ւ պետք է ղարաբաղյան բանակցություններում շոշափվեն միայն ադրբեջանցի տեղահանվածների շահերը, այն դեպքում, երբ մոտ 360 հազար ադրբեջանահայ փախստականների շահերն արդեն ավելի քան 20 տարի որեւէ տեղական կամ միջազգային ատյանում լուրջ քննարկման առարկա չեն դառնում:

Տիգրան Ավետիսյան

azatutyun.am

 

Դիտվել է 1277 անգամ:
Print Friendly

Leave a Reply