Ներկայացվել է Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների մասին հանրության իրազեկվածության ելակետային հետազոտության արդյունքները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | June 20, 2011 15:00

Այսօր ԱՄՆ ՄԶԳ կենսաթոշակային և աշխատաշուկայի բարեփոխումների ծրագիրը (ԿԱԲԾ) «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերության հետ համատեղ ներկայացրեց Հայաստանում կենսաթոշակային բարեփոխումների մասին հանրության իրազեկվածության ելակետային հետազոտության արդյունքները:  «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցած միջոցառմանը ներկա էին ՀՀ կառավարության, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Հայաստանում գործող բաշխողական կենսաթոշակային համակարգը ֆինանսապես անկայուն է, որտեղ բացակայում է հիմնավոր կապը համակարգին կատարած վճարումների և ապագա կենսաթոշակային եկամտի միջև: Սա լուրջ հակախթան է  գործող համակարգին քաղաքացիների միանալու համար:  Այս խնդրի լուծման նպատակով Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել կենսաթոշակային համակարգի բարեփոխմանը` ներդնելով կամավոր և պարտադիր կուտակային բաղադրիչները, որպեսզի համակարգը դառնա  ֆինանսապես կայուն և ապահովի եկամուտների համապատասխան մակարդակ` կենսաթոշակի անցնելիս: Բարեփոխման գործընթացը պահանջում է շարքային քաղաքացիների և տնտեսվարող սուբյեկտների մտածելակերպի, վերաբերմունքի և վարքագծի արմատական փոփոխություններ, որին ՀՀ կառավարությունը  նախատեսում է հասնել  հանրային իրազեկման և կրթության քարոզարշավի միջոցով:

ՀՀ կառավարության ջանքերին աջակցելու  նպատակով ԱՄՆ ՄԶԳ ԿԱԲԾ-ն պայմանագիր է կնքել «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» խորհրդատվական ընկերության հետ, որը մշակել և ՀՀ 16 և բարձր տարիքի գյուղաբնակ և քաղաքաբնակ 992 քաղաքացիների շրջանում անց է կացրել հետազոտություն: Վերջինս քաղաքականություն  մշակողներին թույլ կտա  առավել արդյունավետ և հասցեական կազմակերպել հանրային իրազեկման քարոզարշավը, միաժամանակ բարձրացնելով հասարակության ֆինանսական գրագիտության մակարդակը:

Հետազոտությունը պատասխանում է այնպիսի առանցքային հարցերի, ինչպիսիք են` կենսաթոշակային ներկա համակարգի և առաջիկա  բարեփոխումների վերաբերյալ հանրության տեղեկացվածությունը և վերաբերմունքը, կենսաթոշակների վերաբերյալ մտահոգությունն ու հարցվածների տեղեկատվության ստացման աղբյուրները: Ըստ հետազոտության, հարցվածների միայն 46%-ն էր ծանոթ գործող կենսաթոշակային համակարգին և նրանցից ընդամենը 27%-ը գիտեր, որ գործող համակարգը բաշխողական է: Հարցվածների ընդամենը 0.9%-ը գիտեր գործատուի և աշխատողների կողմից կատարվող սոցվճարների ճիշտ չափը: Հարցվածների  36%-ը լսել էր կենսաթոշակային բարեփոխումների մասին, իսկ 39%-ը պատրաստակամություն էր հայտնել միանալու կամավոր կուտակային կենսաթոշակային բաղադրիչին: Որպես տեղեկատվության նախընտրելի աղբյուր` հեռուստատեսությունը ստացել էր ձայների մեծամասնությունը (90%-ից քիչ ավել), որին հաջորդում էին թերթերն ու ամսագրերը (19-21%), և վերջում` հարազատներն ու ծանոթները (հարցվածների 14-19%-ը):

 

Դիտվել է 1450 անգամ:
Print Friendly

Leave a Reply